Բաժիններ՝

«Հռոմի պապի այցը Հայաստան 20-րդ դարի հանցագործությունների մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն է». ազգագրագետ

«Հռոմի պապի այցը նշանակալից երևույթ է և կարևոր է, առաջին հերթին, հոգևոր-բարոյական առումով, թեև մենք միշտ հոգևոր հասկացությունը փորձում ենք քաղաքականացնել, տարբեր նպատակներով օգտագործել: Պապն այն հոգևոր առաջնորդներից է, որոնք կարևորություն են տալիս սոցիալական արդարության, չքավորության, հավասարության խնդիրներին, ինչը պակասում է մեր կյանքում: Իսկ արտաքին առումով դա Հայաստանի հեղինակության համար է կարևոր: Կարևոր է այն կարգախոսը, որով ինքը գալիս է՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, այսինքն՝ գալիս է ուխտագնացության»,- այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն չէր գրականագետի այն մտքի հետ, թե մեր հանրությունը կարիք ունի սոցիալական արդարության ու սոցիալական օգնության. «Օր չի անցնում, որ այս կամ այն երեխային, ընտանիքին օգնելու համար դրամահավաք է լինում, ինչ-որ իրերի հավաք է լինում, ու դա աշխատող միջոց է: Այլ խնդիր է, որ մեր օլիգարխիկ համակարգում չեն համակարգվում երկրի կարիքները, ու չեն ստեղծվում ֆոնդեր»:

Ըստ ազգագրագետի՝ Հայաստանում պետք է Հռոմի պապի կերպարի մասին շատ խոսել. «Այսօրվա Հռոմի պապի անցյալը շատ ուշագրավ է: Նա գերմանական «հիտլերուգենդի» մասնակից է եղել, պատանեկան տարիներին տոգորված է եղել ռասիզմի գաղափարով, ու մտածել՝ հրեաներն աշխարհի թշնամիներն են, հետո անցել է շատ ծանր ապաշխարանքի ու ինքնամաքրման շրջան, և այսօրվա նրա աշխարհայացքը զգալի չափով ձևավորվել է հենց այդ անցյալի մաքրման պրոցեսի ու այն իրականության իմացությամբ, որն ինքն իր պատանեկության տարիներին տեսել է: Չգիտեմ՝ ինքը մասնակցե՞լ է ինչ-որ բանի, թե՞ ոչ, բայց մեղքի զգացումից ազատվելու տևական շրջան է անցել: Եթե այս կերպարը մատուցվեր, մեր հասարակության համար նա կլիներ խորհրդանշական: Պապի այցը Հայաստան համարում եմ 20-րդ դարի հանցագործությունների մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն»:

Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ եթե Հռոմի պապի այցի օրակարգը խելացի կազմակերպվի, ապա դա լավ հնարավորություն կստեղծի՝ ներկայանալու աշխարհին, ներկայացնելու հասցեական ուղերձներ. «Այս պահի դրությամբ, սակայն, չեմ տեսնում հնարավոր մարդկանց շրջանակը, որոնք պետք է կցված լինեին այցի արարողակարգին: Ամեն դեպքում, այս այցը Ցեղասպանության ճանաչման քննարկման դաշտն անկասկած կընդլայնի, սակայն իրավական հարթության հարցեր չի լուծի: Կոտորածների տարիներին կաթոլիկ եկեղեցին օգնել է առավելապես կաթոլիկ հայերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս