Ինչպես պետք է Հայաստանը ներկայանա աշխարհին
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ճանաչելիությունը բարձրանելու և այն ներդրումների և աութսորսինգի կենտրոն դարձնելու նպատակով Երևանում անցկացվում է ՏՏ համաժողով: Միջոցառմանը մասնակցում են ՏՏ ոլորտի միջազգային, հայկական կայացած և սկսնակ ընկերությունների ներկայացուցիչներ, բուհերի ղեկավարներ, հարակից ոլորտների անդամներ:
Համաժողովին ոլորտի առաջատար մասնագետների կողմից քննարկվում են «Ինչու Հայաստան», «Հայաստանի ՏՏ ոլորտի ներկա հաջողություններն ու ապագան, «Հայաստանը որպես ՏՏ արտապատվիրման ռազմավարական կենտրոն», «Հայաստանը որպես տարածաշրջանային ՏՏ և նորարարական հաբ» թեմաները: Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նախ խոսեց Հայաստանի ներդրումային գրավչության, ապա նաև ՏՏ ոլորտի զարգացումների մասին: «Բարենպաստ ներդրումային ու գործարար միջավայրը, բավ արար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացումը և այդ ոլորտներում առկա մրցակցային առավելությունները հանդիսանում են հիմական գործոններ, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում ներդրողների համար:
ՀՀ ներդրումային քաղաքականությունն իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա` նպատակաուղղված Հայաստանի ինտերգրմանը համաշխարհային տնտեսությանը: Հայաստանում գործում են առևտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավականին կրթված ու որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկան արտահանման քանակական սահման ափակումներ: Բացի այդ` Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շարքում`տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով»,- նշեց վարչապետը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկելու են ոլորտում առկա չորս հիմնական բացերն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը: «Համաժողովի ժամանակ կխոսվի, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայանա աշխարհին, ինչպես խորհրդատվական ընկերությունները գործեն, ինչ ռեսուրսներով, քանի որ այսօր ռեսուրսների սահմանափակման հարցեր կան»,- ասաց Կարեն Վարդանյանը: Անդրադառնալով ոլորտի բացերին` Վարդանյանը նշեց, որ որակյալ կադրերի խնդիրն է, պետության կողմից հայկական արտադրանքի օգտագործումը, ձեռներեցության զարգացումն ու հայկական ՏՏ ապրանքանիշի աշխարհում առաջխաղացումը:
«Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության Նյու Յորքի գրասենյակի ՏՏ խորհրդատու Էմմա Առաքելյանը շեշտեց, որ իրենք կազմակերպել են հատուկ նշանակություն ունեցող համաժողով` փորձելով ներգրավել տարբեր շահագրգիռ կողմերի:
«Այս համաժողովն առանձնահատուկ է, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերն այստեղ են հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեկ աստիճան ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Մեր հիմնական թիրախը Հայաստանն ամենազարգացած ՏՏ արտապատվիրման երկիր դարձնելն է»,- ասաց Էմմա Առաքելյանը:
Անի Նազարյան