Բաժիններ՝

Ադրբեջանում 5 ամսում 1 տոննայից ավելի հերոին է առգրավվել

Ադրբեջանում 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին թմրանյութերի դեմ պայքարի բնագավառում իրավապահ մարմինները 1439 փաստ են հայտնաբերվել, որոնց արդյունքում առգրավվել է 1,52 տ-ից ավելի տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում` 1 տ-ից ավելի հերոին: Ըստ «Ազադլըգ» թերթի՝ այս մասին ասվում է Ադրբեջանի թմրամոլության եւ նարկոտիկ միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի կայքում հրապարակված միջանկյալ զեկույցում:

Նշվում է, որ հայտնաբերված փաստերից 375-ը կապված է եղել նարկոտիկ միջոցների վաճառքի հետ: 1006 փաստ կապված է եղել նարկոտիկ միջոցների ապօրինի շրջանառության հետ: Մյուս փաստերը հիմնականում կապված են եղել նարկոտիկ պարունակող բույսերի աճեցման հետ:

Իրավապահ մարմինները բացահայտել են 294 կգ մարիխուանա, 169 կգ` հաշիշ եւ այլ տեսակի թմրանյութեր:

Նշվում է նաեւ, որ պարբերաբար անցկացվող «Խաշ-Խաշ 2016» գործողության ժամանակ հայտնաբերվել եւ ոչնչացվել է 56 կգ-ից ավելի նարկոտիկ պարունակող բույսեր:

Զեկույցում նշվում է, որ հայտնաբերված 1439 փաստերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 840 տղամարդ, 10 կին: Պատասխանատվության ենթարկվածներից մեկ հոգին եղել է մինչեւ 18 տարեկան անչափահաս, մյուսները` հասուն անձինք:

Թմրանյութերի համար ձերբակալվածներից 754-ը գործազուրկներ են: Քրեական պատասխանատվության ենթարկվածներից երեքը ծառայողներ են եղել:

Ադրբեջանական ինտերնետային Mydan TV հեռուստաալիքի կայքն իր հրապարակած` «Հասել է Ադրբեջանից ԵՄ հերոինի մաքսանենգությունը հետաքննելու ժամանակը» հոդվածում հայտնում է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանը խոշոր չափերի հասնող թմրանյութեր է տարանցել երկրով, ինչը թույլ է տալիս հաստատելու, որ երկիրը վերածվել է թմրանյութերի խոշոր փոխաբեռնման կետի:

Կայքը, հղում կատարելով վրաստանյան «Ռուստավի-2» հեռուստաալիքին, հայտնում է, որ Վրաստանի մաքսավորները հունիսի կեսերին 178 կգ հերոին են հայտնաբերել Ադրբեջանից Բաթում ժամանած բեռնատարում, որ մեկնում էր Ուկրաինա:

Հերոինի խոշոր խմբաքանակի առգրավման մասին հայտնել էր Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը` նշելով, որ գործը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ-ին:

Կայքը հայտնում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանից ժամանած բեռնատարում նման խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել:

2014 թվականի հուլիսին Վրաստանի ՆԳՆ-ը Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա մեկնող բեռնատարում հայտնաբերել եւ առգրավել էր 2,7 տ «հեղուկ հերոին», ինչի մասին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

«Թուրան» լրատավական գործակալությունն այդ առնչությամբ հաղորդել էր, որ փորձագետների կարծիքով` նման ծավալի թմրանյութերի տարանցումը, առանց բարձրաստիճան հովանավորի, անհնարին է: Հարցը նրանում է, թե ինչպես է պատահել, որ այդ բեռն առանց խոչընդոտների կարողացել է Ադրբեջանից անցնել Վրաստան, եւ թե ով է կանգնած այդ գործողության հետեւում: Այդ հարցի պատասխանը մինչ այժմ ստացված չէ:

Համեմատության համար կայքը նշում է, որ Նյու Յորքում 2015 թվականի մայիսին հայտնաբերված 70 կգ հերոինը ( 2 մլն դոլար կանխիկ փող) համարվել էր պատմության մեջ այդ մեգապոլիսում երբեւէ հայտնաբերված թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը:

Եվրամիությունում եւ Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայում քաղաքական էմիգրանտ Արիֆ Մամեդովը Meydan TV-ին հայտարարել է, որ Վրաստանի ծառայությունների կողմից 2,79 տ եւ 178 կգ հերոինի խմբաքանակների հայտնաբերումն ու առգրավումը միանշանակ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հանդիսանում է Կենտրոնական Ասիայից, Մերձավոր Արեւելքից Եվրոպա թմրանյութերի խոշորագույն փոխաբեռնման կետ: Հաշվի առնելով Ադրբեջանի յուրահատկությունը, միանգամայն ակնհայտ է, որ հերոինին նման ծավալների փոխադրումը չէր կարող իրականացվել առանց Ադրբեջանի իշխանութունների համաձայնության, ընդ որում` ամենաբարձր մակարդակի: Բոլորին լավ հայտնի է, որ Ադրբեջանում անգամ երկու ակղ միրգ անհնարին է փոխադրել առանց վերադասին տրվող կաշառքի»,- ասել է Արիֆ Մամեդովը:

Վերջինս ասել է, որ երբ ինքը Բրյուսելում ադրբեջանական դիանագետ էր, Եվրամիության OLAF (Office de Lutte Anti-Fraude) ծառայությունը Ադրբեջանի տաածքով ԵՄ երկրներ սիգարեթների մքասանենգության փաստ էր արձանագրել:

«Փաստաթղթերում նշվում էր, որ Ադրբեջանի տարածքով սիգարեթների մաքսանենգության պատճառով ԵՄ-ը տարեկան 5 մլրդ եվրոյից ավելի գումար էր կորցնում: Բացի այդ, նշվել էր, որ այդ գործում Ադրբեջանին գլխավոր դերակատարություն էր հատկացվում: Կարծում եմ, հասել է ժամանակը, որպեսզի OLAF-ի փորձագետները լուրջ հետաքննություն սկսեն Ադրբեջանից ԵՄ հերոինի մաքսանենգության գծով», -ընգծել է Մամեդովը:

ՄԱԿ-ի 2015 թվականի զեկույցի համաձայն, Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերը Ադրբեջան-Թուրքիա-Իրան ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ` «Հին Բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրա նյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս