Պուտինի տարածաշրջանային բանաձևը. վարունգ՝ զենքի դիմաց

Երևում է՝ Ռուսաստանում որոշել են հետևողականորեն շարունակել Հայաստանին վարկաբեկելու քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը սկսվել էր շատ վաղուց և վերջերս սուր արտահայտություն ստացավ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անպարկեշտ հայտարարությամբ:

Հունիսի 20-ին նույն գիծը, այլ դրսևորմամբ, շարունակեց անձամբ Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայ-ռուսական դե յուրե ռազմավարական հարաբերություններն իջեցնելով պտուղ-բանջարեղենի առևտրի մակարդակի:

«Մեր հանդիպման սկզբում կցանկանայի նշել, որ մենք արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ` չնայած մեր և միջազգային տնտեսություններում առկա բոլոր դժվարություններին: Մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում: Հուսով եմ, որ ընդհանուր առմամբ, այս միտումը լիովին կամրապնդվի թե՛ ապրանքաշրջանառության զարգացման, թե՛ մեզ համար զգայուն ապրանքախմբերի տեսակետից»,- ասել է Պուտինը, որի այս հայտարությունը, ի դեպ, արժանացել է Սերժ Սարգսյանի կողմից դիվանագիտորեն արտահայտված, սակայն բովանդակությամբ բավական կոշտ պատասխանին:

«Վլադիմիր Վլադիմիրի, քանի որ այս հանդիպումը հիմնականում նվիրված է Ղարաբաղին, ես կանգ չեմ առնի երկկողմ հարցերի օրակարգի վրա: Բոլոր ուղղություններով կապերն ամրապնդվում են: Իրականում այստեղ խնդիրներ չկան: Մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հայտնի է բոլորին…»:

Սերժ Սարգսյանը, այսպիսով, Պուտինին հիշեցրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոնե պայմանագրային հարթությունում կան ռազմավարական դաշնակցային հարաբերություններ և, մեղմ ասած, տեղին չէ խոսել լոլիկի արտահանման մասին այն դեպքում, երբ ինքը Սանկտ Պետերբուրգ է մեկնել Հայաստանի համար ամենազգայուն՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու: Պետք չէ բացառել, ի դեպ, որ պաշտոնական հաղորդագրությամբ արտահայտված այս անուղղակի հակադրությունը կարող է ազդած լինել Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքների վրա: Համենայնդեպս, հանդիպման ավարտին տարածված հայտարարության մեջ բացակայում էր հայկական կողմերի համար ամենակարևոր հարցը՝ շփման գծում վերահսկողական մեխանիզմի ներդրման մասին կետը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններն առևտրի հարթություն իջեցնելու ռուսական քաղաքականությանը, ապա Պուտինից հետո այն շարունակվում է ավելի ցածր մակարդակով: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում էլ ավելի առաջ է գնացել՝ հայտարարելով.

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին: Այդ ամբողջ քննադատությունը Եվրասիական տնտեսական միության հասցեին միանգամայն անհիմն է: Արդյունքներն են. մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես միանշանակորեն հայտարարվեց երեկ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների զրույցի ժամանակ»: Հայաստանի տնտեսությունն այսօր գտնվում է խայտառակ վիճակում, պետությունը դե ֆակտո կանգնել է վճարունակության խնդրի առջև: Դա, եթե ոչ՝ ուղղակի, ապա՝ անուղղակիորեն, առաջին հերթին, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքն է:

Ու այդ պայմաններում հայտարարել, թե ԵՏՄ-ին անդամակցությունը մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին, մեղմ ասած, վիրավորական է, իսկ իրականում՝ սովորական ցինիզմ:
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են մոտավորապես այն վիճակում, ինչ Վերին Լարսի անցակետում բյուրոկրատական քաշքշուկի պատճառով փտող՝ Հայաստանից արտահանվող լոլիկն ու վարունգը:

Հայ-ռուսական հարաբերություններից մնացել է միայն փաթեթավորումը՝ ռազմավարական դաշնակցության մասին պայմանագրերի տեսքով, ինչպես բեռնատարներում փչացող բանջարեղենի արկղերն են երևի պահպանում իրենց արտաքին տեսքը՝ գուցե մի փոքր թուլացնելով արկղերի պարունակությունից արտազատվող գարշահոտությունը: Բայց եթե փչացող լոլիկը, վատագույն դեպքում, նյութական վնաս է հասցնում արտահանող գործարարներին, ապա միջպետական հարաբերություններում առաջացած ու արդեն անշրջելի թվացող նեխածությունն ամեն օր սպառնում է պետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը:

Հայաստանը պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը: Հակառակ դեպքում՝ Ռուսաստանը շարունակելու է պահպանել, ինչպես ռուսներն են ասում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև «բալանսը»՝ Ադրբեջանին ծանր զինտեխնիկայի վաճառքը «հավասարակշռելով» Հայաստանից վարունգի ներկրման «մեծահոգությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս