«Սարգսյան-Պուտին-Ալիև ձևաչափը փորձում են այլընտրանք դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբին». Վադիմ Դուբնով
«Մոսկվան ու Վաշինգտոնը չեն խանգարում միմյանց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Սարգսյան-Պուտին-Ալիև պետերբուրգյան բանակցությունների արդյունքներին:
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպման արդյունքներով նախագահները հայտարարություն էին տարածել. «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի հրավերով, և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:
Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: Համանախագահները հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ հատվածին»:
Հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացրել, հաշվի առնելով, որ դրանում ամրագրված չէ համաձայնություն շփման գծի ողջ երկայնքով հետաքննական, վերահսկողական մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ինչը նախորդ` Վիեննայի հանդիպման առանցքն էր: Վադիմ Դուբնովը, գնահատելով հանդիպման արդյունքները, ասաց, որ, եթե կային սպասումներ, որ դարակազմիկ բեկումներ են լինելու այդ հանդիպումից հետո, ապա պետք է հիասթափեցնի ու նշի, որ պետք չէր սպասել նման առաջընթաց: Բնականաբար, ըստ նրա, չեղավ բեկում և չէր էլ լինելու:
Պրակտիկ հարցերի տեսանկյունից, Դուբնովի խոսքով՝ ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ընդլայնումը դրական քայլ է:
«Կարծում եմ, որ այն օգտակար կլինի: Ըստ իս, սա որոշակի տեխնիկական ընթացակարգերի, այսինքն` համաձայնությունների ձեռքբերման մեկնարկ է, որը, իհարկե, «չի փրկի» իրավիճակը, ամբողջությամբ չի պահպանի հրադադարը, բայց այնուամենայնիվ, գոնե որոշակի կոնկրետ համաձայնություն է, որի ազդեցությունը ոչ պետք է գերագնահատել, և ոչ էլ` թերագնահատել, քանի որ կարող է օգտակար լինել: Ես կարծում եմ, որ ոչ մեկն էլ մեծ սպասումներ, այդ թվում՝ բացասական, այս բանակցություններից չուներ, թեև Հայաստանում լուրջ կարծիքներ և սպասումներ կային այդ առնչությամբ: Դա ավելի վաղ ևս համարում էի PR քայլ, իսկ ներկայումս դա քննարկելն անիմաստ է: Պարզապես Մոսկվան իր օգտին ևս մեկ քայլ արձանագրեց, Եվրոպան հնարավորություն տվեց Մոսկվային կատարել այդ քայլը:
Ու կարծես թե բոլորը վերադարձել են այն իրավիճակին, ինչը կար պատերազմից առաջ` ստատուս-քվոյին, ինչը Հայաստանին ձեռնտու է»,- պարզաբանեց Վադիմ Դուբնովը:
Վերջինս նաև բացատրեց, որ վերահսկողական, հետաքննական մեխանիզմների հարցում համաձայնություն չի գրանցվել, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ Ադրբեջանն այդ հարցին կտրուկ դեմ է եղել և արգելափակել է այդ մեխանիզմների ներդրման գործընթացը երեկվա հանդիպման ընթացքում: Հարցին, թե ի՞նչ է նշանակում հայտարարության այն հատվածը, որը վերաբերում է հետագա հանդիպումների ձևաչափին, հնարավո՞ր է` այդ հանդիպումներն անցկացվեն միայն եռակողմ ձևաչափով, ռուս վերլուծաբանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ այս եռակողմ ձևաչափը կարող է Մինսկի խմբին այլընտրանք դառնալ: Ես կարծում եմ, որ սա այլընտրանք փնտրելու փորձի նշան է, որին ոչ ոք լուրջ կարևորություն չի տալիս, քանի որ Մինսկի խմբի ձևաչափը միջազգային է, թեև այն այդքան էլ արդյունավետ չէ, այնուամենայնիվ, համապատասխանում է հակամարտության էությանը, որտեղ ոչ մի կողմ մենաշնորհ չունի: Ուստի ռուսական ձևաչափում, չեմ կարծում, թե հնարավոր է՝ լինի մի սցենար, որը բոլոր կողմերին ձեռնտու կլինի, այս ձևաչափի շրջանակում հնարավոր է մշակել որոշակի առաջարկություններ, որոնք, ամեն դեպքում, հաստատվելու և հետագայում քննարկվելու են ավելի լայն կոնտեքստում և մասնակիցների ավելի լայն ներգրավմամբ»:
Նա նաև նշեց, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ներկայումս Ղարաբաղում գործում են ոչ թե՝ համաձայնեցված, այլ՝ գոնե իրար չեն խանգարում: