Բաժիններ՝

Գերմանիան մերժել է Էրդողանի վճռաբեկ հայցը

Գերմանիան մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իր մասին երգիծական բանաստեղծություն գրած երգիծաբանին աջակցած գերմանական թերթի խմբագրին պատժելու պահանջով վճռաբեկ հայցը:

Թուրքական muhabir.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի խոշորագույն Axsel Springer մեդիա խմբի ղեկավար Մաթիաս Դյոփֆները բացահայտ աջակցություն էր հայտնել Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն գրած եւ հեռուստաալիքներից մեկով հնչեցրած հայտնի երգիծաբան Յան Բյոհերմանին: Հակադելով այդ աջակցությանը՝ Էրդողանը Բյոհերմանի դեմ հարուցած դատական գործից հետո «նախազգուշական միջոց» ձեռնարկելու պահանջով հայց էր ներկայացրել նաեւ A xsel Springer-ի դեմ, ինչը գերմանական դատարանը մերժել էր:

Գերմանական դատարանն այս անգամ մերժել է նախորդ որոշումը բողոքարկելու մասին Էրդողանի վճռաբեկ հայցը:

Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհերմանը գերմանական ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale երգիծական հաղորդման ժամանակ Թայիփ Էրդողանին ուղղված բանաստեղծություն է ընթերցել:

Բանաստեղծությունում նա մեղադրվում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ: Հեռուստահաղորդավարն իր այդ ստեղծագործությունը ներկայացրել էր որպես «զրպարտական վիրավորանքի նմուշ»:

Դրան ի պատասխան Թուրքիայի կառավարությունը Բեռլին բանավոր նոտա էր հղել` պահանջելով քրեական հետապնդում սկսել հեռուստահաղորդավարի նկատմամբ, որն, իբր, վիրավորել է Էրդողանին: Ինքը` Թուրքիայի նախագահը ապրիլի 11-ին մասնավոր կարգով հայտարարությամբ դիմել էր գերմանական Մայնց քաղաքի դատախազություն:

Նրա նկատմամբ Գերմանիայի ՔՕԳ 103-րդ` «Արտասահմանյան պետությունների մարմինների եւ ներկայացուցիչների վիրավորելը» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսվում է դրամական տուգանք կամ մինչեւ երեք տարի ազատազրկում:

Գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում երգիծաբանն ասել է, որ իր կարդացած բանաստեղծություն մեջ Էրդողանի հասցեին արված արտահայտությունները միանգամայն գտնվում են Գերմանիայում գործող օրենսդրությամբ խոսքի ազատության շրջանակում: Նա խստորեն քննադատել է Մերկելին այն բանի համար, որ Գերմանիայի վարչապետը խախտել է այդ օրենքը, փաստորեն, իր խոսքով` «ծառայություն մատուցելով Էրդողանին»:

The Spectator շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորող 5-տողանոց բանաստեղծությունների մրցույթ էր հայտարարել որպես յուրհատուկ բողոքի ակցիա Անգելա Մերկելի կողմից գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ:

BBC-ի թուրքական ծառայությունը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական բովանդակությամբ բանաստեղծությունների մրցույթի հաղթողը Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, ով հանդիսանում է Անգլիայի իշխող պահպանողական կուսակցության առաջատար դեմքերից մեկը:

Մրցույթի հաղթողին հայտարարել է Մեծ Բրիտանիայում հրատարակվող The Spectator հանդեսի լրագրող Դուգլաս Մյուրեյը: Նա գոհունակություն է հայտնել, որ Բորիս Ջոնսոնը մրցույթի 1000 ֆունտ ստեռլինգ դրամական պարգեւը նվիրաբերել է բարեգործական կառույցի:

«Էրդողանը կարող է բանտ նետել Թուրքիայում ընդդիմադիրներին, Մերկելը կարող է իր երկրում բանտ նետել Էրդողանին քննադատողներին, սակայն մենք Անգլիայում քնում եւ արթնանում ենք ազատ կերպով: Ոչ մի օտար ավտորիտար չի կարող ցուցում տալ մեզ, թե ինչպես մտածենք կամ ինչպես արտահայտվենք: Ոչ մի օտար դատավոր եւս չի կարող մեզ ասել, թե ինչպես զվարճանանք: Մենք դրանց կարիքը չունենք», -պարգեւի հաղթողին հայտարարելու ժամանակ ասել է Դուգլաս Մյուրեյը:

Թուրքիայի 45 գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, ակտվիստներ եւ արվեստաբաններ կոչ են արել երկրի Քրեական օրենսգրքից հանել 299-րդ՝ «Նախագահին վիրավորանք» հոդվածը, որով մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

«Թող նախագահը բավարարվի բոլոր հայրենակիցներին պահպանություն ապահովող օրենքի ուժով», -կոչում նշել են նրանք:

«Մենք՝ ներքոստորագրյալներս, նկատի առնելով Սահմանադրական դատարանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Վենետիկի հանձնաժողովի սկզբունքները եւ Սահմանադրության 90/5 հոդվածը, պահանջում ենք չեղարկել իրավունքին հակասող ՔՕԳ 299-րդ հոդվածը, ապահովել օրենքի գերակայությունը, նախագահի համբերությունը վեր դասել քննադատութունից եւ բավարարվել բոլոր հայրենակիցների պահպանությունն ապահովող օրենքի ուժով», -ասվում է թուրք մտավորականների կոչում:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու Եվրախորհրադարնն անհանգստություն են հայտնել Թուրքիայում ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության նկատմամբ իրավիճակով: Անկարայում ԳԴՀ-ի դեսպանը Թուրքիային կոչ է արել ապահովել մամուլի ազատությունը: Թուրքիայում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների առիթով անհանգստություն է հայտնել է նաեւ ՄԱԿ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս