«Կարո՞ղ է Իլհամ Ալիևը շարունակել պատերազմը, ինչպես եղավ ապրիլին։ Կարող է։ Կարո՞ղ է նա հաղթել՝ ոչ». Սատանովսկի

Ինչպես հայտնի է, անցած շաբաթ ԼՂՀ էր այցելել ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկին, ով մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական haqqin.az պորտալը զրուցել է վերջինիս հետ՝ ԼՂ կատարած արդյունքների վերաբերյալ:

Հարցազրույցը ներկայացնենք մասնակի կրճատումներով:

Հարցին, թե որն է եղել «ադրբեջանական օկուպացված տարածքներ» ուղևորության նպատակը, Սատանովսկին պատասխանել է, թե չի հասկանում լրագրողի զարմանքի պատճառը:

«Ես սովոր եմ ամեն ինչ տեսնել սեփական աչքերով: Եթե կա հակամարտություն, նշանակում է՝ անհրաժեշտ է դա տեսնել, մանավանդ, որ այսօրվա Կովկասը, հաշվի առնելով նաև Թուրքիայում տիրող իրավիճակը, կարող է վերածվել մեծ պատերազմի թատերաբեմի:

Ինչ վերաբերում է Ղարաբաղ այցին, ապա այնտեղ մարդիկ են ապրում, որոնք Ադրբեջանի համար անջատողականներ են, իսկ Մոսկվայում տարբերություն չեն դնում Բաքվում, Երևանում կամ Ստեփանակերտում ապրող մարդկանց միջև: Մեզ համար ոչ մի տարբերություն չկա նրանց միջև, նրանք նախկին խորհրդային քաղաքացիներ են»,- ասում է նա:

Հարցին, թե ինչ է իր համար պարզել վերջինս ուղևորության արդյունքում, Սատանովսկին պատասխանել է, որ ինքը հասկացավ, թե ինչ է տեղի ունենում նախկին ԽՍՀՄ այդ շրջանում:

«Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակել պատերազմը, ինչպես եղավ ապրիլին։ Կարող է։ Կարո՞ղ է նա հաղթել, իմ անձնական տեսանկյունից՝ ոչ։ Որքանով հասկանում եմ՝ հարցն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ռազմական տրամաբանության և  իրական քաղաքականության տեսանկյունից ամբողջովին փակ է։ Ադրբեջանը կարող է աղալ ինչ քանակությամբ ասես մարդկանց, կարող է դրա համար օգտագործել ցանկացած քանակությամբ ժամանակ և գումար, սակայն, անկեղծ ասած, դրանում իմաստը շատ փոքր է։ Եթե, իհարկե, ցանկություն չկա, որ պատերազմն անմիջականորեն անցնի Ադրբեջանի տարածք։ Ես նկատի ունեմ ականաֆուգասային, ռելսային պատերազմը, օբյեկտների ենթակառուցվածքների ոչնչացումը:

Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից,  և Ադրբեջանի կազմ չի վերադառնա։ Այն բանի համար, որ Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքի ողջ բնակչությանը։ Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, ապա Ղարաբաղը կդառնա նրա մաս։ Պետք է պարզապես հարց տալ ինքդ քեզ՝ ի՞նչ հետևանքներ կլինեն, և կկարողանա՞ արդյոք դա անել Ադրբեջանը։  Հասկացեք, կան բաներ, որոնք լուծելի չեն։ Եվ Ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է։ Միակ բանը, որ կարելի է անել, դա կանգնեցնելն է, դադարելը միմյանց սպանել, և հասկանալը, որ դա, ինչպես դուք ասում եք, գիսմեթ է՝ ճակատագիր։

Ընդ որում, Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ուրախ կլինի, եթե Բաքուն պատերազմի Ստեփանակերտի հետ՝ ինչքան ժամանակ որ պետք է՝ թեկուզ մինչև վերջին ադրբեջանցին կամ հայը»,- համոզված է Սատանովսկին։

Հարցին, որ, եթե Ղարաբաղը չի վերադառնալու Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ է կայացել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, արևելագետը պատասխանում է, որ գուցե նրա համար, որ ևս մեկ անգամ հիշեցնի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Դե, եկեք սկսենք պատերազմ: Դուք հետևո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում: Էրդողանին դո՞ւր է գալիս, որ այն բանից հետո, երբ դադարեցրեց բանակցությունները PKK-ի հետ, որը բաղկացած էր ոչ միայն՝ անջատողականներից, այլև՝ ահաբեկիչներից, Թուրքիայի ողջ տարածքով ահաբեկչությունների ալիք անցավ։ Դա դրան արժե՞ր: Բաքուն ցանկանում է գնալ Անկարայի ճանապարհով և իր երկիրը վերածել մարտադաշտի՞։ Եթե՝ ոչ, ուրեմն անհրաժեշտ է խոսել։ Ադրբեջանի ինչի՞ն են պետք նման հիմարությունները, որ անում են թուրքերը»,- կարծում է Սատանովսկին:

Հարցին, թե արդյոք Հայաստանում և Ղարաբաղում գտնվելիս նկատե՞լ է վերջին շրջանում ուժեղացած ռուսատյացության դրսևորումներ, արևելագետը պատասխանել է, որ «իհա՛րկե նկատել է»:

«Սակայն ես դա ռուսատյացություն չէի անվանի: Դա ավելի շատ վիրավորանք է: Ու վիրավորանքն ուժեղ է, սակայն Ռուսաստանը չի կարող, մեր կարծիքով՝ այդ եղբայրասպան պատերազմում աջակցել կողմերից որևէ մեկին»,- հավելել է նա:

Վերջինս հույս է հայտնել, որ «գուցե մի օր ապագա սերունդները մոռանան հայ-ադրբեջանական պատերազմի մասին ու գտնեն իրար հետ համատեղ ապրելու բանաձևը, սակայն՝ ոչ այսօր»:

Պատրաստեց՝ ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս