«Դժվար է հավատալ, որ Ալիևը չի շարունակի խաղաղ կարգավորման բանակցությունները վիժեցնելու քաղաքականությունը»
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արվել է շատ փոքր քայլ, սակայն ճիշտ ուղղությամբ: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Այդ փոքր քայլը ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին հստակ պայմանավորվածությունն է: Գիտեք, որ հիմա 6 դիտորդ կա, և այդ թիվը, փաստորեն, ավելանալու է: Սակայն դեռևս հստակ չէ, թե դա ինչ մեխանիզմներով է իրականացվելու: Բայց պետք է հույս ունենալ, որ կինեն հստակ քայլեր այդ ուղղությամբ և կունենանք դրական տեղաշարժ»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Միևնույն ժամանակ նա կոչ արեց չմոռանալ, որ գործ ունենք Ադրբեջանի նման երկրի հետ, որի գործողությունները հատկապես վերջին տարիներին միտված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը վիժեցնելուն: «Դժվար է հավատալ, որ Ալիևը չի շարունակի խաղաղ կարգավորման բանակցությունները վիժեցնելու քաղաքականությունը: Սակայն մի փոքր հույս կա, և պետք է հուսալ, որ դրական տեղաշարժ կլինի՝ միտված խաղաղ կարգավորմանը: Այս առումով շատ կարևոր է նաև շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրումը, որով տրամաբանական ավարտի ն կհասնի շփման գծում անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրը»,- ասաց բանախոսը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի դիվանագիտության առաջին քայլը պետք է լինի զինադադարի վերահաստատումը, որից հետո արդեն պետք է շարունակել բանակցությունները համապարփակ կարգավորման ուղղությամբ: «Ես կարծում եմ, որ ընտրված է այս տակտիկան, որը հասկանալի է՝ հարկավոր է ներդնել մեխանիզմներ, որոնք մինիմումի կհասցնեն Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան»,- հավելեց նա:
Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին: Նրա խոսքով՝ դա խաղաղ կարգավորման բանակցությունները վիժեցնելու՝ ադրբեջանական կողմի նոր մարտավորություն է:
«Նրանք վերջին տարիներին մշտապես ընտրել են բանակցությունները վիժեցնելու մարտավարություն: Դա արել են հրադադարի խախտումների, ագրեսիաների միջոցով: Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպմանը զուգահեռ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումն էլ, իմ կարծիքով, այդ ռազմավարությունը շարունակելու նոր ձև է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ կերպ չեն արձագանքում այն փաստին, որ Ադրբեջանը նախագահների հանդիպումներին զուգահեռ լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, Ռ. Սաֆրաստյանը պատասխանեց. «Այն մոտեցումը, որ մենք տեսանք երեկ հանդիպման ընթացքում, երբ որևէ արձագանք չեղավ այդ զորավարժություններին, նոր չէ: Մենք վերջին տարիներին սա տեսել ենք, արձանագրել ենք, տվել ենք մեր բացասական գնահատականները, սակայն փաստը մնում է փաստ, որ Մինսկի խմբի համանախագահները խուսափում են բացահայտ գնահատական տալ Ադրբեջանի գործողությու ններին: Բազմաթիվ անգամ Հայաստանի կողմից պաշտոնական մակարդակով նշվել է, սակայն որևէ բան չի փոխվել և դրական ակնկալիքներ էլ չկան, որ երբևէ կփոխվի»: