Թուրքիայի հայկական համայնքի անդամները՝ Էրդողանին ուղղված Աթեշյանի նամակի մասին
Ստամբուլի հայկական համայնքի անդամների կողմից շարունակվում են տարակարծիք հակազդեցությունները` կապված Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի հետ:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հավաքել է համայնքի տ արբեր տարիքի և մասնագիտության տեր անդամների կարծիքները:
Վարդգես Հերգել (գրաֆիկական դիզայներ, 50 տարեկան)- Գերմանիան, չկարողանալով այլևս անտարբեր մնալ անցյալում տեղի ունեցած Մեծ եղեռնի նկատմամբ, իր մեղքի բաժնի համար ներողություն խնդրեց, ինչը ինձ` որպես հայի, ուրախացրեց: Ի հակադրություն սրա` հոգևորականի կողմից մեր` Թուրքիայի հայերի անունից տեսակետ հայտնելը նախ և առաջ բարոյական չէ: Բոլորը պետք է իրենց պատրավորությունները կատարեն: Այս առնչությամբ մեր պատրիարքական փոխանորդը, հավատարիմ լինելով իր պարտականություններին, պետք է ընտրությունների համար համապատասխան մթնոլորտ ստեղծի և իր տեղը հանձնի ընտրությունների արդյունքում ընտրված պատրիարքին :
Հ.Մ. (ուսուցիչ, 46 տարեկան)- Պատրիարքական փոխանորդն արդյո՞ք նման նամակ ստիպված է եղել գրել: Ի՞ր կողմից է գրել: Ճնշումն իսկապե՞ս մեծ է եղել: Կարող է խոսք լինել շատ հանգամանքների մասին, որոնցից մենք տեղյակ չենք: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե առհասարակ չգրեր: Մեր հասարակությունն արդեն վաղուց պատրիարքական փոխանորդի մասին լավ կարծիքի չէ: Այս նամակն այդ հարցում ունեցած կարծիքներն ավելի ամրապնդեց:
Մուրադ Մըհչը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ, 41 տարեկան)- Աթեշյանի հայտարարությունը ցույց է տալիս նրա հոգեվիճակը: Այդ նամակը նաև ապացույց էր նրա, թե հայ համայնքն ինչ ճնշումների ներքո է գտնվում: Աթեշյանի հայտարարությունը սոցիալական մեդիայում հրապարակվեց նախագահի նկարով: Նման հայտարարության համար ավելի ճիշտ կլիներ օգտագործել իր կամ պատրիարքարանի նկարը: Գուցե և այս խնդրի պատասխանն էլ հենց այստեղ է թաքնված… Մեր հարգարժան հոգևորականի հայտարարությունը միայն իրեն է պատկանում, այն չի արվել հայ համայնքի հետ խորհրդակցության արդյունքում: Նա անգամ պատրիարքական աթոռին ընտրված հոգևորական չէ: Շրջապատիս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հայտարարությունից հետո պատրիարքարանի նկատմամբ համայնքի հավատքը պակասել է:
Անթո Բոյնուքանլը (ոսկերիչ, 51 տարեկան)- Նա ստիպված է անել իր քաղաքականությունը: Իսկ ի՞նչ աներ: Պետք է վատ խոսեր և վիճե՞ր: Աթեշյանը թե իր, թե համայնքի տեսակետից ճիշտ է արել:
Երվանդ Օզուզուն (Բաքըրքյոյի քաղաքային խորհրդի անդամ, 76 տարեկան)- Ես գրված այդ նամակն առ ոչինչ եմ համարում: Չեմ կարծում, որ նամակն իր իսկ կամքով է գրված: Դա գրվել է ճնշման ներքո: Կարծում եմ` աշխարհի տարբեր քաղաքներում գտնվող հայերն էլ այդ նամակն առ ոչինչ են համարում:
Սևան Բեդիկյան (ակադեմիկոս, 39 տարեկան)- Նամակի բովանդակությունը զարմանալի չէ: Նոր իրավիճակ չէ, երբ Ցեղասպանության հարցը ամեն հարմար առիթի դեպքում համայնքի աչքի ընկնող անդամների կողմից տարբեր հարթակներով հնչեցվում է իշխանություններին հաճելի ձևակերպումներով: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք սա ու լուռ մնանք:
Սակայն նամակի հետ կապված անընդունելի ու մտահոգիչ մի կարևոր փաստ կա: Արքեպիսկոպոս Աթեշյանն իր անձնական կարծիքները հայտնել է որպես համայնքի տեսակետ: Ոչ ոք նման իրավունք չունի: Կարծելը, թե նման իրավունք ունեն, կնշանակի առ ոչինչ համարել համայնքը:
Կայուշ Գավրիլոֆ- Պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պետության օգնությամբ զավթած աթոռին մնալու համար ստիպված եղել է և դեռ կլինի նմանօրինակ քայլերի դիմել: Նման պաշտոնը կարող է միայն այդ ճանապարհով պահել… Ասում են, թե ժողովուրդը ոչինչ չգիտի, մեծ ճնշման տակ լինելու պատճառով է նման քայլի գնացել: Նախ և առաջ, նրան ոչ ոք այդ աթոռին ստիպողաբար չի նստեցրել, եթե նմանօրինակ ճնշումների է ենթարկվում, թող վեր կենա այդ աթոռից կամ այն փոխանցի մեկին, ով չի ենթարկվի ճնշումներին և հայերի հպարտությունը գետնով չի տա:
Շահին Գեզեր (ոսկերիչ, 47 տարեկան)- Իրականում շատ դժվար է հասկանալ, թե ինչո՞ւ է Պոլսո Հայոց պատրիարքարանը ստիպված պատասխանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը: Սակայն կարծում եմ, որ փոքր-ինչ անարդար է ամբողջ բեռը բարդել միայն մեկ անձի վրա: Պատրիարքարանի` այս մեծ դատարկության մեջ թողնելու պատասխանատվությունը պետք է ողջ համայնքը կրի: Քանի դեռ մենք փախչում ենք այդ պատասխանատվությունից, մեր գլխին դեռ շատ խնդիրներ կգան: