Ադրբեջանի զորավարժությունները՝ ճնշում Հայաստանի նկատմամբ
Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման նախօրեին՝ հունիսի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը, ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, 2016 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ զորավարժություններ են սկսել ճակատամերձ գոտում՝ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծին մոտ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև՝ Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ զորավարժություններին մասնակցում են մոտ 25 հազար զինծառայող, ավելի քան 300 տանկ և զրահամեքենա, ավելի քան 100 հրթիռային և հրետանային համակարգ, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և ավելի քան 30 հակաօդային պաշտպանության համալիր, ինչպես նաև՝ ռազմածովային ուժերի նավեր և հատուկ նշանակության ուժեր։
ՀՀ Պաշտպանության նախարարության արձագանքը զորավարժություններին չուշացավ։ ՀՀ ՊՆ-ն մեջբերել էր Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետը, որի համաձայն՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են՝ 1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2. ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավելի)։
«Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են։ Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի, մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին։
Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվության ս.թ. հունիսի 17-24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին։ Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել»,- արձանագրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«168 Ժամի» հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե վախենալ զորավարժություններից պետք չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայկական ուժերն իրենց զգոնությունը չեն կորցնում և հետևում են իրավիճակին։
Սակայն ռազմական և քաղաքական վերլուծաբանների աչքից չի վրիպել զորավարժությունների անցկացման ժամանակահատվածը, որը, ըստ էության, համընկավ Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ գագաթաժողովի հետ, որից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր մի քանի հրապարակային ելույթներով կոչ արեց բովանդակային բանակցություններ սկսել, քանի որ, նրա իսկ խոսքով, Ադրբեջանը մտադիր չէ շարունակել անբովանդակ բանակցություններ։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք ևս 20 տարի պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները, ապա սխալվում են»,- նման սպառնալիքով էր հանդես եկել Ռամադանի կապակցությամբ հրավիրված ճաշկերույթին Իլհամ Ալիևը։
Հայ փորձագետների շրջանում այս օրերին տարածված կարծիքը լավագույնս միավորել էր ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ով անդրադառնալով զորավարժություններին՝ ասել է. «Նման տեսակի զորավարժություններ կազմակերպելու համար ընտրված ժամանակահատվածն անհասկանալի է։ Ադրբեջանը պարբերաբար է նման զորավարժություններ անցկացնում, ինչպես և մենք՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում։ Անհասկանալի է ընտրված ժամանակահատվածը, ընդ որում՝ դա լինելու է Ղարաբաղի և Հայաստանի սահմանում»։
Նրա խոսքով՝ զորավարժության պլանավորումն «ուժի ցուցադրման փորձ է»։ «Ինչ-որ առումով դա նաև շանտաժի դրսևորում է միջազգային հանրության հանդեպ։ Անհասկանալի է, թե ինչպես է այնտեղ և՛ զորավարժություններ, և՛ «Ֆորմուլա 1» անցկացվում։ Հնարավոր է, որ սա նաև փորձ է՝ ավելի շատ մարդկանց ուշադրությունը գրավել և Ադրբեջանը ներկայացնել՝ որպես ուժեղ երկիր»,- ասել էր ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։ «168 Ժամի» հետ զրույցում ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Ադրբեջանը բավականին ընդլայնել է իր ռազմական ներուժը՝ վերջին տարիների ընթացքում զինտեխնիկայի ձեռքբերումների շնորհիվ։ Զորավարժությունները, նրա խոսքով, հնարավորություն են տալիս ցուցադրել այդ հզորությունը ողջ աշխարհին, մասնավորապես՝ հակառակորդ կողմին՝ Հայաստանին։
«Հերթական նախագահական հանդիպումից առաջ մեկնարկող զորավարժությունները, ակնհայտորեն, իրենցում ուղերձ են պարունակում, քանի որ անցկացվում են համարյա թե շփման գծում և Նախիջևանում, ինչը, բնականաբար, չի կարող վրիպել հայկական կողմի ուշադրությունից։ Ադրբեջանի հույսը, ամենայն հավանականությամբ էլ, հենց դա է եղել։ Ադրբեջանը ցանկացել է յուրատեսակ ճնշում բանեցնել հայկական կողմի նկատմամբ նախագահական գագաթաժողովից առաջ՝ կուտակելով որոշ միջոցներ շփման գծում՝ դրանով իսկ անհանգստություն հաղորդելով հակառակորդին նաև հոգեբանորեն, որպեսզի իբրև թե հակառակորդը որոշակի զիջումների գնա բանակցային որոշ հարցերում»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ նման պլանային զորավարժությունները կարող են անցկացվել՝ ընտրելով դրանց անցկացման ժամանակահատվածը՝ ըստ նպատակահարմարության։ Ու այս դեպքում, նրա որակմամբ, ադրբեջանական կողմն այսպես է նպատակահարմար համարել։ Վերջինիս համոզմամբ, նման զորավարժությունների փորձը ցույց է տվել, որ դրանք չեն ունենում հետևանքներ և չեն տալիս իրենց արդյունքը։
Ռուս ռազմական վերլուծաբանը չի բացառում, որ հայկական կողմի նկատառումը ճիշտ է, քանի որ չգիտի՝ արդյո՞ք համապատասխան իրազեկման աշխատանքները տարվել են։
«Եթե ծանուցում չի կատարվել, դա կստանա իր համապատասխան արձագանքը՝ հաշվի առնելով նույն Վիեննայի փաստաթուղթը։ Դա ևս մեկ անգամ գուցե ապացուցում է, որ արագ, հապճեպ որոշում է կայացվել»,- ասաց վերլուծաբանը։