Բաժիններ՝

21 դիմում-բողոքներից 17-ը վերաբերել են զորակոչիկների առողջական խնդիրներին

Ամառային զորակոչին ընդառաջ Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովն այս պահին ստացել է 70 դիմում-բողոք: Դիմում բողոքները քննարկվելու են մինչև հուլիսի 27-ը՝ շաբաթական երկու անգամ գումարվող նիստերի ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը չբացառեց, որ այս ընթացքում նոր դիմում-բողոքներ ևս կլինեն՝ վստահեցնելով, որ հանձնաժողովն աշխատում է օպերատիվ և հասցնելու է քննարկել բոլոր դիմումներն ու բողոքները:

Մեկնարկող ամառային զորակոչին ընդառաջ հանձնաժողովի առաջին նիստից առաջ Գեղամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դիմումների և բողոքների մեծ մասը կապված է զորակոչիկների առողջական խնդիրների հետ: «Զորակոչիկների ծնողներին հիմնականում մտահոգում են իրենց երեխաների առողջական խնդիրները: Դիմումների 90 տոկոսից ավելին վերաբերում է հենց այդ հարցերին: Այստեղ շոշափվում են բուժհետազոտությունների համալիր իրականացման, այնուհետև դրանց արդյունքների գնահատման, զինծառայության պիտանելիության հարցի որոշման խնդիրներ: Սրանք շատ կարևոր հարցեր են: Հանձնաժողովը գործում է նիստերի միջոցով, դրանք անցկացվելու են շաբաթական երկու անգամ մինչև հուլիսի 27-ը: Առաջին նիստի համար ստացվել է 25 դիմում: Ընդհանուր առմամբ՝ այս պահին մենք ունենք 70 դիմում, սակայն կարող են լինել նոր դիմումներ, որոնք բոլորը մեր քննարկման առարկան կդառնան»,- նշեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ հանձնաժողովը քաղաքացիներին հնարավորություն է տրամադրում իրենց հուզող հարցերով դիմելու համար: «Մենք փորձում ենք շատ օպերատիվ արձագանքել այդ դիմումներին, քննարկել հարցերը, ընդունել իրավաչափ որոշումներ: Գլխավոր սկզբունքը, որով մենք առաջնարդվում ենք, իրավաչափության սկզբունքն է: Քաղաքացիների հետ հարաբերություններում պահանջվում է առավել համբերատարություն, նրբանկատություն, իսկ զորակոչային մարմինների հետ հարաբերություններում՝ նաև սկզբունքայնություն և հետևողականություն: Ես կարծում եմ, որ զորակոչային մարմինների և քաղաքացիներւի հետ համագործակցության շրջանակներում մեզ հաջողվում է հասնել որոշակի դրական արդյունքների»,- ասաց Հարությունյանը:

Գեղամ Հարությունյանը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ բոլոր դիմումներն ու բողոքները քննարկվում են դիմումատուի և զորակոչիկի մասնակցությամբ, իսկ հանձնաժողովի նիստերը բաց են լուսաբանման համար: «Մենք պահանջում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և այս ամենը թույլ է տալիս, որ ճիշտ կողմնորոշվենք: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բժիշկներ, իրավաբաններ, հասարակական խորհրդի անդամներ: Մենք էլ արդեն բավականին փորձ ունենք, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով իրականացնել մեր գործառույթները»,- հավելեց նա:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը բավարարում է ստացվող դիմումների և բողոքների մոտավորապես 30-35 տոկոսը: Ներկայացնելով նախորդ զորակոչի տվյալները՝ Գեղամ Հարությունյանը հայտնեց, որ 21 դիմում-բողոք բավարարվել են այնպես, ինչպես ցանկացել են դիմումատուները: 21 դիմում-բողոքներից 17-ը վերաբերել են զորակոչիկների առողջական խնդիրներին: Բժշկական հանձնաժողովները համարել են, որ նրանք պիտանի են զինվորական ծառայության, սակայն հանձնաժողովի միջնորդությամբ դրանք վերանայվել են և զորակոչիկներին տարկետում է տրվել:

«Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողովը, որը զորակոչին ընդառաջ քննարկում է քաղաքացիների բողոքներն ու դիմումները: Անահիտ Հովնանյանը համամիտ է տեսակետի հետ, որ զորակոչի հետ կապված խնդիրներ լինում են, ինչի համար էլ գոյություն ունեն օբյեկտիվ հանձնաժողովներ, որոնց գործունեությունը միտված է նմանատիպ խնդիրների կարգավորմանը:

«Խնդիրները, ցավոք, մեծ մասամբ վերաբերում են զորակոչիկների առողջությանը: Լինում են նաև իրավական հարցերի հետ կապված խնդիրներ՝ եղբոր մոտ ծառայելը, ընտանիքի սոցիալական վիճակի փաստարկումը, ծնողների առողջական վիճակի հետ կապված հարցեր: Երբեմն լինում են ոչ հիմնավոր դիմումներ ու բողոքներ, որոնք մերժվում են»,- ասաց Հովնանյանը:

Նա հավելեց, որ նախորդ զորակոչի ընթացքում զորակոչիկներն ավելի շատ են ունեցել սրտի հետ կապված, ինչպես նաև մաշկային խնդիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս