«Դուք կարող եք կառավարել ձեր ընկերությունը՝ առանց իմանալու, թե ինչու է այս կամ այն խնդիրն առաջանում». Արամ Փախչանյան

Ի՞նչ է ստարտափների ռազմավարությունը: Ի՞նչ է պետք անել, որպեսզի որպես ստարտափ՝ գտնես քո ճանապարհը: Որո՞նք են ստարտափները զարգացնելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները: Այս հարցերի մասին երեկ BarCamp (չ)կոնֆերանսի ժամանակ խոսեց ABBYY փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Ըստ Արամ Փախչանյանի՝ ստարտափները զարգացնելու ուղղությունները շատ հաճախ հատվում են: Կան հազարավոր տրենդներ, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում: Օրինակ, այժմ աշխարհում ամենակիրառելի տրենդը բիոտեխնոլոգիաներն են: Այս տրենդը շատ ռեսուրսներ է պահանջում և բավականին դժվար է իրագործել Հայաստանում: Հայազգի Նուբար Աֆեյանը, սակայն, ամբողջ աշխարհում հիմնում է բիոտեխնոլոգիական ստարտափներ և գուցե մի օր ստարտափ հիմնի նաև Հայաստանում:

Հայաստանում ստարտափ հիմնելու համար պետք է օգտվել տրենդներից, որոնք այնքան էլ շատ ռեսուրսներ չեն պահանջում:

Արամ Փախչանյանը ներկայացրեց դրանցից մի քանիսը: Առաջինը խոսվեց Big Data-ի՝ մեծածավալ տվյալների մասին.

Կարդացեք նաև

«Մինչև հիմա մարդկությունն իր հետագա քայլերն արել է՝ ելնելով տրամաբանական եզրակացություններից: Մենք փնտրել ենք ինչ-որ բանի պատճառը: Շատ հաճախ սխալվել ենք՝ համարելով, որ գտել ենք պատճառը, փորձել ենք դրա հիման վրա նախաձեռնել քայլեր. եթե սա այսպես է, ապա դա պետք է այսպես անել… Bigdata-ի գոյացման շնորհիվ, այդ տրամաբանությունը դադարել է գործել: Մենք հիմա որոշում կայացնելիս կարող ենք հիմնվել փաստերի վրա՝ առանց տրամաբանության: Մենք այնքան փաստեր կարող ենք հավաքել, որ շատ դժվար կլինի գտնել որևէ մի նոր երևույթ, որը չի նկարագրվում այդ փաստերում: Դուք կարող եք կառավարել ձեր ընկերությունը՝ առանց իմանալու, թե ինչու է այս կամ այն խնդիրն առաջանում՝ ընդամենը ելնելով ամբողջ աշխարհում արված հետազոտությունների տվյալներից»:

Ըստ Արամ Փախչանյանի բերած օրինակի՝ աշխարհում ամենաշատը վթարի են ենթարկվում նարնջագույն մեքենաները: Ինչո՞ւ՝ ոչ ոք չգիտի: Ինչպե՞ս է արվել այս հետազոտությունը, կամ ինչի՞ հիման վրա, դա ևս ոչ ոք չգիտի: Սակայն այս հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս ուսումնասիրել հաջորդ քայլերը, օրինակ՝ նարնջագույն մեքենա վարողների առանձնահատկությունները, և որոշում կայացնել՝ ընկերությունը չի արտադրում նարնջագույն մեքենա:

Ըստ Արամ Փախչանյանի՝ այս ամենը բերելու է մի երևույթի, երբ պետք չեն լինելու որոշում կայացնող մարդիկ:

«Սա կոչվում է մեքենայական ինքնուսուցում՝ machine learning: Այս միջոցով կայացվելու են որոշումներ՝ առանց պատճառը հասկանալու: Ըստ էության՝ առաջին վերացող մասնագիտությունը լինելու է մարքետոլոգի մասնագիտությունը»:

Արամ Փախչանյանը խոսեց նաև Դավիթ Յանի ստեղծած Findo ստարտափի օրինակով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Findo հավելվածը թույլ է տալիս ձայնային հրահանգի միջոցով որոնումներ կատարել տարբեր փաստաթղթերում, ամպային (iCloud) պահոցներում, էլեկտրոնային փոստերում և այլն:

«Հավելվածի լեզուն շատ պարզ է. օրինակ, կարելի է ասել՝ ես ուզում եմ գտնել մի նամակ, որն ինձ նախորդ շաբաթ ուղարկել էր Լուսինեն, և որի մեջ կար ինքնաթիռի տոմս: Այս համակարգը գտնում է կոնկրետ նամակը»,- ներկայացրեց Ա. Փախչանյանը:

Արամ Փախչանյանը խոսեց նաև լոկալ և գլոբալ նախագծերի մասին: GG Taxi-ի, menu.am-ի և Armphone-ի օրինակներով ցույց տրվեց, որ եթե անգամ ստեղծում ես լոկալ նախագիծ, այն պետք է լինի գլոբալ մակարդակի:

«Քո աշխատանքի որակը, մակարդակը, բրենդինգը, քո աշխատակիցների որակը պետք է լինեն միջազգային մակարդակի: Այլապես դու պատրաստ չես լինի, եթե ինչ-որ գլոբալ նախագիծ մտնի քեզ հետ պայքարի մեջ, ինչպես նաև դու քո շուկայից դուրս զարգանալու հնարավորություն չես ունենա: Պետք է ուշադրություն դարձնել մարտահրավերներին: Պետք է ցանկացած մարտահրավեր օգտագործել՝ որպես հնարավորություն: Օրինակ, մենք հիմա ունենք մարտահրավերներ: Մեր հարևանը՝ Ադրբեջանը, բորբոքվել էր ապրիլին, ինչ-որ տարօրինակ շարժեր էր անում, որի հետևանքով մենք բավականին լուրջ պատերազմի մեջ մտանք: Այդ օրերին մենք շատ կարևոր հետևություններ արեցինք: Հետևություններից բացի, մեզ համար կարևոր է այն, որ մեզ մոտ նոր դաշտ բացվեց»,- ասաց նա:

Արամ Փախչանյանի խոսքով՝ շատ մարդիկ մտահոգվեցին և մտածեցին, որ Հայաստանում պետք է ինչ-որ պաշտպանողական համակարգեր ստեղծվեն: Մարդիկ, առանց պայմանավորվելու, որոշեցին ինչ-որ բան անել՝ այդ ամենին նպաստելու համար:

Վերջում Արամ Փախչանյանը խորհուրդ տվեց ստարտափների հիմնադիրներին հետագա աշխատանքային քայլերում անել այնպիսի բան, որը նրանց մոտ ստացվում է բոլորից լավ:

«Ինչ-որ բան անելուց առաջ պետք է ուսումնասիրել, հասկանալ՝ ինչի՞ց է դա պատրաստված: Այդ դեպքում դուք կարող եք գտնել մի բան, որը դուք բոլորից լավ եք անում: Ու այդ դեպքում բոլորը կդիմեն հենց ձեզ»,- եզրափակեց Ա. Փախչանյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս