«Ընտրական օրենսգրքում կան մանրուքներ, որոնց մեջ սատանա ենք տեսնում». Դանիել Իոնիսյան
«Ընտրական օրենսգիրքը, անգամ այս բարեփոխումներով հանդերձ, ավելի վատն է, քան 2011 թ. Ընտրական օրենսգիրքը: Ընդունվել է 3.5 պահանջ, որոնց ընդունման հետ կապված՝ կան ինչ-որ նրբություններ, որ մեզ մտահոգում են, մանրուքներ, որոնց մեջ մենք պոտենցիալ սատանա ենք տեսնում: Դրա համար մենք չէինք կարող ստորագրել դրա տակ, և առավել ևս՝ մենք չէիք կարող ստորագրել, քանի դեռ անհիմն սահմանափակումներ, նորամուծություններ էին մտցրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, և քանի դեռ ընտրակարգն այնպիսին է, որ անգամ ամենալավ ընտրությունների պարագայում ցանկացած կուսակցություն կարող է քիչ ձայն ունենալով՝ դառնալ իշխանություն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը` մեկնաբանելով ԸՕ–ի շուրջ կոնսենսուսի նպատակով «4+4+4»-ի քննարկումների արդյունքում ստորագրված փաստաթղթում քաղաքացիական հասարակության ստորագրության բացակայությունը:
Նա նշեց, որ քաղհասարակության անունից քննարկումների մյուս մասնակիցները համամիտ են այս կարծիքին, հարցն ընդհանուր քննարկվել է: Նա նաև հիշեցրեց, որ իրենք 250 կազմակերպության անունից մանդատ ունեին:
Թե ի՞նչ է լինելու առաջիկայում, Դ. Իոնիսյանը նշեց, որ սպասում են օրենքի նախագծին, որի վերաբերյալ տեսակետ կհայտնեն, այնուհետև ստեղծվելու է
էլեկտրոնային համակարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնող համատեղ հանձնաժողով` ընդդիմության, քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ, և կախված այդ հանձնաժողովի լիազորություններից, իրապես վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից, հնարավոր է՝ ներառվեն այդ հանձնաժողովում և աշխատեն: «Բայց թե որքանո՞վ կլինի իրական վերահսկողություն, դեռ պարզ չի»,- ասաց նա: