ՄԱԿ-ի ՀԿ-ների հարցերով կոմիտեն արհեստականորեն հետաձգում է ՀՔԱՎ գրասենյակի՝ խորհրդակցական կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումի քննարկումը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015 թ. դիմել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC/ՏՍԽ) Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեին՝ խորհրդակցական կարգավիճակ ստանալու հարցով:
Տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի խորհրդակցական կարգավիճակը հասարակական կազմակերպությունների համար ապահովում է առավել մեծ հասանելիություն ՄԱԿ-ի մի շարք կառույցներին և ընթացակարգերին՝ հնարավորություն տալով այդ ընթացակարգերի շրջանակներում առավել հասանելի կերպով ներկայացնել իրենց այլընտրանքային դիրքորոշումները։ Խորհրդակցական կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարցումներն ուսումնասիրվում են Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեի կողմից, որի արդյունքում էլ որոշվում է երաշխավորել դիմումատու կազմակերպությանը, թե՝ ոչ:
Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի մշտական կոմիտեն է։ Կոմիտեի անդամների թիվը 19-ն է, նրանք ընտրվում են աշխարհագրական հավասար ներկայացվածության հիման վրա՝ 5 անդամ Աֆրիկյան պետություններից 4 անդամ Ասիական պետություններից 2 անդամ Արևելյան Եվրոպայի երկրներից 4 անդամ Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանի երկրներից 4 անդամ Արևմտյան Եվրոպայից և այլ երկրներից։
2015-2019 թթ․ համար Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ հետևյալ երկրներից՝
Ադրբեջան, Բուրունդի, Չինաստան, Կուբա, Գվինեա, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Մավրիտանիա, Նիկարագուա, Պակիստան, Ռուսաստանի Դաշնություն, Հարավային Աֆրիկա, Սուդան, Թուրքիա, ԱՄՆ, Ուրուգվայ և Վենեսուելա (Բոլիվարյան Հանրապետություն)։
Կոմիտեն, սակայն, տարբեր պատճառաբանություններով արդեն երկու տարի հետաձգում է դիմումի քննարկումը՝ տուրք տալով Խորհրդի անդամ երկրների կողմից առաջացրած արհեստական խոչընդոտներին: Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը իրենց հարցադրումներով արդեն որերորդ անգամ արհեստականորեն առիթ են ստեղծում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի քննարկումը հետաձգելու համար:
Այսպես, Կոմիտեի՝ 2015 թ. մայիսի 27-ի նիստի ընթացքում 62 դիմումատու կազմակերպությունների շարքում հետաձգվել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի քննարկումը:
Ինչպես նշվում է Կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, Թուրքիայի ներկայացուցչի կողմից հարց է հղվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ Կազմակերպության տեղական և միջազգային գործունեության շրջանակի վերաբերյալ, որի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համապարփակ տեղեկատվություն է տրամադրել:
Նույն թվականի հունիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի քննարկման հետաձգումը պայմանավորված է եղել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ֆինանասավորման վերաբերյալ հարցով, որին ևս Կազմակերպության կողմից տրվել է լիարժեք պատասխան (հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դոնոր կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է նաև Կազմակերպության կայքէջում):
2016 թ. փետրվարի 3-ին կայացած նիստի ընթացքում Կազմակերպության դիմումի քննարկման հետաձգման պատճառը Ադրբեջանի ներկայացուցչի կողմից հնչեցրած հարցն էր, որով վերջինս պարզաբանում է պահանջել ԼՂՀ անկախության ճանաչման առնչությամբ Կազմակերպության դիրքորոշման վերաբերյալ:
Իսկ 2016 թ․ մայիսին Կոմիտեն հերթական անտրամաբանական հարցն էր ուղղել Կազմակերպությանը՝ տեղեկատվություն հայցելով տարածաշրջանային ծրագրերի իրականացման ընթացքում Կազմակերպության կողմից Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իրականացված այցելությունների վերաբերյալ։
Կարևոր է նշել, որ նման քաղաքականացված վարքագիծը դարձել է սովորական գործելաոճ Կոմիտեի համար։ Կոմիտեի կողմից խտրական մոտեցում է դրսևորվում ոչ միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանդեպ։ Անհանգստացած լինելով Կոմիտեի՝ որպես ՄԱԿ-ի համակարգի մաս հանդիսացող մարմնի ոչ պրոֆեսիոնալ վարքագծով՝ 2016 թ. մայիսի 27-ին ավելի քան երկու հարյուր հասարակական կազմակերպություններ (ներառյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը) բաց նամակ էին հղել ՄԱԿ-ի ՏՍԽ։
Բաց նամակով կազմակերպությունները իրենց մտահոգությունն էին հայտնել խորհրդակցական կարգավիճակի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպություններից ստացված դիմումների ուսումնասիրության ընթացքում Կոմիտեի աշխատանքի քաղաքականացվածության վերաբերյալ:
Ընդ որում՝ կարևոր է արձանագրել, որ Կոմիտեի աշխատանքի քաղաքականացվածության վերաբերյալ մտահոգությունները մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից բազմիցս հնչեցվել են նաև Կոմիտեի նիստերի ընթացքում։ Բաց նամակով հասարակական կազմակերպությունների կողմից արձանագրվել էր, որ Կոմիտեն հաճախ ընտրողական վերաբերմունք է դրսևորում հասարակական կազմակերպություններին խորհրդակցական կարգավիճակ շնորհելիս՝ կամայականորեն մերժելով որոշ կազմակերպությունների դիմումները:
Նամակով կոչ էր արվել ապահովել ՀԿ-ների կողմից ներկայացված դիմումների քննարկման պատշաճ և իրավաչափ գործընթացը, և ներկայացվել էին այդ ուղղությամբ մի շարք առաջարկություններ։ Ներկայացված առաջարկությունների իրագործումը կարևորագույն նշանակություն ունեն ՄԱԿ-ում քաղաքացիական հասարակության համար անվտանգ, թափանցիկ և բարենպաստ միջավայրի ստեղծման գործում: Չնայած այս ամենին՝ 2016 թ. հունիսի 16-ին Կոմիտեն, ի թիվս այլ կազմակերպությունների դիմումների, կրկին հետաձգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի քննարկումը՝ այն տեղափոխելով 2017 թ. նստաշրջան:
Ինչը փաստում է, որ հասարակական կազմակերպությունների մտահոգությունները Կոմիտեի աշխատանքի վերաբերյալ դեռևս արդիական են և բաց նամակում բարձրացված խնդիրները դեռևս լուծված չեն: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կրկին իր անհանգստությունն է հայտնում ՄԱԿ-ի կարևորագույն մարմնի գործունեության ընթացքում հասարակական կազմակերպությունների համար առաջադրվող արհեստական խոչընդոտների վերաբերյալ։
Հասարակական կազմակերպությունների մասնակցության դյուրինացմանն ուղղված գործընթացը, ըստ էության, պետությունների ներկայացուցիչների քաղաքականացված մոտեցումների հետևանքով կորցնում է իր դերակատարությունը և վեր է ածվել հասարակական կազմակերպությունների մասնակցությանը խոչընդոտող գործընթացի։ Նշենք, որ Տնտեսական և սոցիալական հարցերով խորհուրդը ՄԱԿ-ի վեց հիմնական մարմիններից մեկն է և համակարգում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական ոլորտների, ինչպես նաև նրա մասնագիտացված կազմակերպությունների միջև համագործակցությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ