«Ռուս-թուրքական մերձեցումը լուրջ մարտահրավեր կլինի Հայաստանի համար». փորձագետ

«Թուրքիայի կողմից վերջին ժամանակներս եղել են տարբեր ֆորմատներով, տարբեր մակարդակներով նման հայտարարություններ, որ ցանկանում են անպայման Ռուսաստանի հետ բարելավել հարաբերությունները, վերադառնալ հին մակարդակին: Ռուսաստանն էլ իր հերթին՝ բարձր մակարդակներով արտահայտվել է, որ, եթե Թուրքիան ընդառաջ գնար և նորողություն խնդրեր, համապատասխան քայլեր աներ, իրենք էլ ընդառաջ կգնային»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը` մեկնաբանելով թուրքական մամուլի հրապարակումները, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել մինչև այս տարվա օգոստոսի կեսերը, այդ նպատակով կազմվել է 9 կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»:

Ըստ նրա` ռուս-թուրքական մերձեցումը Հայաստանի համար, եթե ոչ՝ վտանգավոր, ապա՝ լուրջ մարտահրավերներ է իր մեջ պարունակում: Հ.Արշամյանը հիշեցրեց պատմությունը, երբ 1918-20թթ. Թուրքիայում նույն իրավիճակն էր, երկիրը քայքայման, քանդման եզրին էր, այդ թվում` Սիրիայում իրավիճակի, քրդական հիմնահարցի պատճառով: Նրա խոսքով` այսօր նաև ներքին դրությունն է լարված՝ Էրդողանի վարած քաղաքականության, հատկապես` ճնշումների, խոսքի ազատության բացահայտ սահմանափակումների և այլնի պատճառով, և եթե Ռուսաստանի հետ մերձեցումն իրոք կայանա, ստացվում է, որ ռուսները ձեռք են մեկնում քանդվող Թուրքիային, իսկ եթե աջակցության չափը մեծ լինի, Թուրքիան, հնարավոր է՝ նաև ոտքի կանգնի:

«Եթե համարենք ինչ-որ ճանապարհային քարտեզ կա, հնարավոր է` միանշանակ Լեռնային Ղարաբաղի խնդրի արծարծում, քրդական հարցի որոշակիորեն ինչ-որ «լուծումներ», մասնավորապես` քրդերին ռուսական կողմից օգնության չցուցաբերում, կամ նույնիսկ քրդական լիդերների ճնշում, այդ թվում` ոչ միայն՝ Թուրքիայում, այլ նաև՝ Ռուսաստանում: Դա լուրջ մարտահրավեր կլինի Հայաստանի համար»,- ասաց Հ.Արշամյանը:

Անդրադառնալով հարցին, որ թուրքերը ծրագրում են օգոստոսին արդեն կարգավորել հարաբերությունները ռուսների հետ, իսկ որոշ փորձագետներ օգոստոսին ղարաբաղյան հակամարտության սրացում են կանխատեսում, արդյոք կապ կա՞ այս խնդիրների միջև, Հ.Արշամյանը նշեց. «Սկզբում հայտարարվել էր, որ հունիսի 20-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է հանդիպեն, հետո Պուտինի վերջին հայտարարությունը ԱՄՆ-ի հետ կապված, որ փորձագետների որոշ մաս սենսացիոն է որակում, որ ԱՄՆ-ը այսօր միակ գերտերությունն է, նաև անմիջապես ասվեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ը նույնպես պետք է ներկա լինի նախագահների հանդիպմանը:

Կարդացեք նաև

Այստեղ ինչ-որ շարժ կա, բնականաբար, ԼՂ հարցի շուրջ, բայց թե ինչ կլինի, դժվար է կանխատեսել, ամեն ինչ միանշանակ չէ: Ասել, որ ռուս-թուրքական մերձեցումը կբերի Ղարաբաղյան հարցի սրման, չի կարելի, քանի որ կա ԱՄՆ, որը շատ լուրջ դերակատարություն ունի: Նման դերակատարում նաև եվրոպական երկրներն ունեն, իսկ Գերմանիան՝ Ցեղասպանության ճանաչմամբ, իրեն լուրջ խաղացող հռչակեց մեր տարածաշրջանում: ԼՂ հարցը կապված չէ միայն ռուս-թուրքական հարաբերություններին, բայց ԼՂ հարցում դա նույնպես լուրջ մարտահրավեր է, և ավելի շատ բացասական միտումներ կան այս հարցում, քան դրական»:

Տեսանյութեր

Լրահոս