«Սանկտ Պետերբուրգում Սարգսյանին ու Ալիևին անակնկալներ չեն սպասվում». Լուկիանով
«Ռուսաստանը բոլոր հարցերում փորձում է համագործակցության ճանապարհով ընթանալ, քանի որ ուկրաինական հակամարտության գինը բարձր էր թե՛ Ռուսաստանի, և թե՛ Արևմուտքի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ Պուտինի ելույթին ու դրա առնչությանը նույն քաղաքում կայանալիք Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անակնկալ կերպով հայտարարել էր, որ ԱՄՆ-ը աշխարհի միակ գերտերությունն է, և Մոսկվան ընդունում է դա: «Ամերիկան մեծ տերություն է: Այսօր, հավանաբար, միակ գերտերությունն է, մենք դա ընդունում ենք: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք աշխատել Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանին և ամբողջ աշխարհին «անհրաժեշտ է այդպիսի հզոր երկիր»:
Սակայն նա ընդգծել է, որ Ռուսաստանին պետք չէ, որ «այն մշտապես միջամտի իրենց ներքին գործերին, ցույց տա՝ ինչպես ապրեն, խանգարի Եվրոպային՝ իրենց հետ հարաբերություններ կառուցել»: Ի հակադրություն սրա՝ Պուտինը միջազգային հանրությանը Ռուսաստանի հետ հարաբերությունների երկու մոդել առաջարկեց, կամ համագործակցություն՝ առանց բլոկների, կամ Չինաստան-Ռուսաստան Մեծ Եվրասիայի բլոկ:
Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ՌԴ նախագահի ելույթը բազմաշերտ էր և կոնյունկտուրային: Նրա գնահատմամբ՝ Պուտինը միջազգային հանրությանը հասկացրեց, որ միջազգային բլոկների ներկայիս կառուցվածքն էլ ավելի է մեծացնելու Արևմուտք-Ռուսաստան բևեռվածությունը, որը պետք է վերացնել: Լուկիանովի խոսքով, Պուտինն իր առաջարկների ներքո նկատի ուներ նաև Լիսաբոնից Վլադիվոստոկ միասնական տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը, որում, բնականաբար, ներգրավված կլինի Ռուսաստանը ևս:
«Երբ ԵՄ-ն հրաժարվում է նման ծրագրերից ու նախընտրում ավելի փակ բլոկները, դրանք հանգեցնում են հակամարտությունների: Եվ այս գործընթացի վառ ապացույցն ուկրաինական հակամարտությունն էր, գործընթացին վերջ տալու մոդելն առաջարկեց Պուտինը՝ ընդունելով ԱՄՆ գերիշխանությունը, առաջարկելով նաև Ռուսաստանի մասնակցությունը միջազգային նոր որակի բլոկերին, քանի որ ուկրաինական հակամարտության գինը բավականին բարձր էր թե՛ Մոսկվայի, թե՛ Եվրոպայի ու ողջ Արևմուտքի համար»,- ասաց նա:
Նրա համոզմամբ՝ սա նշանակում է, որ այս դիրքորոշումն իր դրական ազդեցությունը կունենա նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, որտեղ Ռուսաստանը փորձելու է համագործակցության ճանապարհով ընթանալ: Ֆյոդոր Լուկիանովը լիահույս է, որ Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք եռակողմ հանդիպմամբ փորձելու է շարունակել Վիեննայում կայացած արևմտյան նախաձեռնությամբ հանդիպման ընթացքում ստացված պայմանավորվածությունները, Սարգսյանին ու Ալիևին այնտեղ անակնկալներ չեն սպասվում: Ռուս քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ սա նախագահների համար շփումները վերականգնելու լավ առիթ է:
Նրա համոզմամբ՝ սա գործուն մեխանիզմ չի կարող լինել, քանի որ դա չի փոխելու հակամարտող կողմերի տրամադրվածությունը միմյանց նկատմամբ: Պարզապես, ըստ նրա՝ սա նախաբան է, որից հետո գուցե նախագահները սկսեն խոսել լուրջ թեմաների մասին: