«Եթե ՀԱԿ-ը կարող է համագործակցել Օսկանյանի հետ, կարծում եմ՝ որևէ քաղաքական ուժ չի կարող նրան մեղադրել «Մարտի 1»-ի ոճրագործության մեջ»
168.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը
– Տիկին Սարգսյան, երեկ տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության առաջին համագումարը: Կուսակցությունը հայտարարում է, որ իրենք իշխանությունը վերցնելու հայտ են ներկայացնում: Ձեր պատկերացմամբ՝ ինչքանո՞վ կհաջողվի նրանց դա անել, ու, առհասարակ, տեսնո՞ւմ եք նրանց նոր խորհրդարանում:
– Շատ դժվար է հիմա ասել, թե ընդհանրապես «Համախմբում» կուսակցությունն ինչ թափ կհավաքի, ամեն ինչ կախված է զարգացումներից և իրենց հնարավորություններից, և ամենակարևորը՝ ժողովրդի աջակցությունից: Նորմալ է, որ նման հայտ են ներկայացնում, նորաստեղծ կուսակցություն է, բնական է՝ պետք է փորձի թարմացնել այն ցանկությունները, որը մշտապես ընդդիմությունը հետապնդել է: Ինչքանո՞վ կհաջողվի, եթե այսպես իրավիճակը շարունակվի, իշխանափոխությունն իրատեսական չեմ համարում: Բայց կարող է լինել ֆորս-մաժորային իրավիճակ, և, հավանաբար, «Համախմբում» կուսակցությունը հենց ֆորս-մաժորը նկատի ունի:
Ես հարգանքով եմ վերաբերվում լիդերներին, բոլոր այն պատգամավորները, որոնք անդամակցել են «Համախմբում» կուսակցությանը, իմ կողմից շատ հարգված և ազնիվ մարդիկ են:
– 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Վարդան Օսկանյանի՝ իշխանության մաս կազմելն իր կուսակցության վրա բիծ չի՞ կարող թողնել, և արդյոք ժողովուրդը կարո՞ղ է վստահել այդ կուսակցությանը:
– Մեզանից յուրաքանչյուրի վարքագիծն ու անցած ճանապարհը, այսպես, թե այնպես, ազդում են ժողովրդի վստահության կամ անվստահության քվեն ստանալու հարցում: Ժողովուրդը պետք է որոշի՝ ինչքանո՞վ է Վարդան Օսկանյանին մարտիմեկյան իրադարձություններում մեղադրում: Որքան գիտեմ, Վարդան Օսկանյանին մեղադրանք չէր ներկայացվում այն հիմնական քաղաքական ուժի կողմից, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած էր, խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին: Եթե ՀԱԿ-ը կարող է համագործակցել Վարդան Օսկանյաի հետ, կարծում եմ՝ որևէ քաղաքական ուժ չի կարող Վարդան Օսկանյանին մեղադրել «Մարտի 1»-ի ոճրագործության մեջ:
– Ձեր քաղաքական ուժը համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է Վարդան Օսկանյանի կուսակցության հետ:
– Շոշափման փուլ է, կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերն էլ փորձում են համախոհներ գտնել, դաշակիցներ գտնել, փորձում են գաղափարական հենքի վրա դասավորվել, տեսնենք՝ ինչ կլինի, ոչինչ չենք բացառում:
– Կոնկրետ որևէ երկխոսություն կա՞ Ձեր և «Համախմբում» կուսակցության միջև:
– Միանշանակ կան և՛ խոսակցություններ, և՛ հարաբերություններ, և՛ քննարկումներ: Կուսակցության ղեկավար կազմից առնվազն երկու հոգու հետ շատ ջերմ, մտերմիկ հարաբերություններ ունեմ, և խոսվում է տարբեր հարցերի շուրջ:
– Այսինքն՝ հնարավո՞ր է՝ դաշինք կազմեք Վարդան Օսկանյանի կուսակցության հետ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
– Դաշինքն ուղղակի անհրաժեշտ է: Կարծում եմ՝ այդ դաշինքը պետք է լինի շատ միասնական, հակառակ դեպքում մենք ոչ թե՝ իշխանության ձայներն ենք տանելու, այլ՝ իրար ձայներ ենք փորձելու վերցնել, այդ դեպքում ընդդիմությունը շատ թույլ դիրքերում կհայտնվի Ազգային ժողովում, բայց մյուս կողմից, եթե ստեղծում են մեկ-երկու կուսակցության դաշինք, ապա կարծում եմ՝ դա տվյալ դաշինքի համար բավականին խնդրահարույց է լինելու: Դաշինքն արդարացված կլինի, եթե համախմբվի ամբողջ ընդդիմադիր դաշտը, որի նախադրյալները դեռ չեմ տեսնում: