«Հրազդան» մարզադաշտը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին

«Հրազդան կենտրոնական մարզադաշտը» դատարանում հաղթել է Պետական եկամուտների կոմիտեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերության տնօրեն Գագիկ Ժամհարյանն ասաց, որ վարչական դատարանը մայիսի 31-ին կայացրած դատավճռով ՓԲ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բավարարվել է ակտի 1-ին և 5-րդ կետերով լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու մասերով, անվավեր է ճանաչվել 2014թ. կայացված որոշումը:

Նրա խոսքով՝ 2013թ. ընկերությունում հարկային մարմնի կողմից ստուգումներ են սկսվել, որոնք 1 տարի 1 ամիս են տևել: 2014թ, սեպտեմբերին ավարտվել են ստուգումները, որոնք ընդգրկել են 2009-2013թթ. ընկերության գործունեությունը: «4 տարվա ընթացքում ընկերության հասույթը կազմել է 6 մլրդ 662 մլն դրամ: Այդ 4 տարվա ընթացքում ընկերությունը պետական բյուջե վճարել է 2 մլրդ 41 մլն դրամ հարկ»,- ասաց ընկերության տնօրենը՝ նշելով, որ փաստաթղթային ստուգումների արդյունքում ոչ մի լումայի խախտում չի հայտնաբերվել, սակայն 53 մլն դրամի խախտման ակտ է կազմվել, ինչի համար հիմք են հանդիսացել երրորդ անձանց կողմից տրված տեղեկությունները: Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ, առևտրականները հրավիրվել են Քննչական վարչություն, նրանք բացատրություններ, ցուցմունքներ տվել, ովքեր որոշակի հանգամանքներ են մատնանշել: Գագիկ Ժամհարյանի խոսքով՝ այս ակտը բողոքարկել են վերադասության կարգով: Հանձնաժողովը պատասխանել է, որ չեն կարող պատասխանել բողոքին, քանի որ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

«Հարց է առաջանում՝ եթե քրեական գործը շարունակվում է, ապա ինչո՞ւ են ակտը ավարտել և այդ թվերը նշել ակտում»,- ասաց ընկերության տնօրենը՝ նշելով, որ իրենք 2015թ. հունվարին դիմել են վարչական դատարան: Մայիսի 31-ին դատարանը կայացրել է դատավճիռը: «Խնդիրը գումարի մեջ չէ: Կոպիտ ասած՝ պատվի մեջ է»,- ասաց նա: Տնօրենի խոսքով՝ քանի որ հարուցվել էր քրեական գործ, իրենք վճարել են ակտի ողջ գումարը:

Նշենք, որ դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է այս գործով կայացված դատավճիռը, որում դատարանը նշել է, որ «դատարանը գտնում է, որ ստուգման վարույթի կառուցակարգի շրջանակներում նման գործելակերպը, այսինքն` զուտ 3-րդ անձանցից ստացված տեղեկությունների, իսկ սույն դեպքում` նյութերի նախապատրաստման ընթացքում անձանցից վերցված բացատրությունների հիման վրա ստուգման ակտ կայացնելը, կարող է տեղ գտնել և իրավաչափ հանդիսանալ, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք որևէ կասկած չեն թողնում, որոշակի են և թույլ են տալիս գալ միանշանակ եզրահանգման: Հակառակ պարագայում, այսինքն, եթե այդ բացատրություններն անորոշ են, այն առումով, որ դրանց բովանդակությունից չի կարելի միանշանակ եզրահանգում կատարել խախտման բնույթի, դրանով պատճառված վնասի կամ ցանկացած այլ ելակետային տվյալի առնչությամբ, ապա դրանք առանձին վերցված չեն կարող դրվել ստուգման վարույթը եզրափակող ակտի հիմքում, իսկ այդ ակտը դիտարկել՝ որպես բազմակողմանիորեն իրականացված վարչական վարույթի արդյունք: Դատարանը գտնում է, որ նման իրավիճակներում բացատրությունները կարևոր, սակայն ոչ բավարար ապացույցներ են վարչական ակտում նշված խախտումները հաստատված համարելու համար, և որպես այդպիսին, առանձին վերցված, չեն կարող պիտանի լինել վարչական վարույթը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ անցկացնելու, հավասարապես` ստուգմամբ հետապնդվող նպատակներին հասնելու և տվյալ վարույթն ամբողջացնելու համար»:

Կարդացեք նաև

Գագիկ Ժամհարյանն ասաց, որ որոշ պարտատերեր դիմել են դատարան, դատարանն ընկերությանը սնանկ է ճանաչել: «Մեր ողջ նպատակը մարզադաշտի պահպանությունն է»,- ասաց ընկերության տնօրենը՝ նշելով, որ մարզադաշտի պահպանման, ընթացիկ վերանորոգման համար ամսական մոտավորապես 25 մլն դրամ է պահանջվում: Նա նշեց, որ պատրաստվում են դատարան առողջացման ծրագիր ներկայացնել, հուսով են, որ այն կհաստատվի, պարտքերը կմարեն, ավելի լավ պայմաններով կապահովեն մարզադաշտը:

Նա նշեց, որ մարզադաշտը բիզնես չէ, այսպես ասած՝ պարտականություն է, իրենք փորձում են պահպանել այն:

Տեսանյութեր

Լրահոս