«Կարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրները»

«Մենք կատարեցինք 2015թ. մեր առջև դրված հիմնական խնդիրները»,- այսօր «Արարատբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Ամփոփելով 2015թ. գործունեության արդյունքները՝ բաժնետերերի ժողովը հաստատեց բանկի գործադիր մարմնի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները և շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով:
Ա. Օսիպյանն ասաց, որ բանկն ապահովել է շահույթ, զուտ շահույթը կազմել է 942 մլն դրամ: «Կարողացանք ավելացնել մեր մասնաբաժինը տարբեր շուկաներում: Մեր գործունեությունը գնահատվեց միջազգային կառույցների կողմից»,- ասաց Ա. Օսիպյանը՝ նշելով, որ 2015թ. գործունեության համար բանկը Global Finance միջազգային ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի «առևտրի լավագույն ֆինանսավորող»: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից բանկը միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակում ճանաչվել է «2014թ. ամենաակտիվ թողարկվող բանկը Հայաստանում»: «Կարողացանք ավելացնել մեր մասնաճյուղային ցանցը երկու մասնաճյուղով, էլեկտրոնային հնարավորություններ ստեղծել մեր հաճախորդների համար: Մենք կարողացանք, սովորեցինք աշխատել ծանր ժամանակահատվածներում և կարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրները»,- ասաց Ա. Օսիպյանը:

Ararat bank2

Բանկի կապիտալը 8,5 մլրդ դրամով համալրելու նպատակով բաժնետերերի ընդհանուր ժողովը երեկ նաև որոշեց թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով տեղաբաշխել 483,230 հատ լրացուցիչ բաժնետոմսեր: Բանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկվում է տեղաբաշխումը սկսել հուլիսի 20-ից և ավարտել սեպտեմբերի 30-ին:

Կարդացեք նաև

Անդրադառնելով բանկի հիմնական անելիքներին և զարգացման առաջնահերթություններին՝ Աշոտ Օսիպյանը նշեց, որ շարունակելու են ՓՄՁ վարկավորման գործընթացը, իրականացնելու են միջազգային առևտրի ֆինանսավորման գործընթաց, հիպոթեքային վարկավորում և ֆակտորինգ: «Մենք այսօր մեր հաճախորդներին ֆինանսավորման նոր պայմաններ ենք առաջարկում: Հասկանում ենք, որ տնտեսության զարգացման տեմպի դանդաղման հետ մեկտեղ՝ մենք մեր հաճախորդներին պետք է առաջարկենք ավելի «երկար» վարկավորում՝ ավելի երկար (խելամիտ) ժամկետներով և ավելի մատչելի գնով: Վարկերը պետք է մատչելի լինեն, որպեսզի մեր հաճախորդները կարողանան տնտեսական այս դանդաղման ժամանակահատվածում կատարել իրենց ֆինանսական ծրագիրը: Վարկային գործընթացներում աշխատում ենք արտարժութային ռիսկը չփոխադրել հաճախորդների ուսերին»,- ասաց Ա. Օսիպյանը:

Ararat bank1

Բանկն այսօր արդեն ունի 3 մասնաճյուղ, որոնք աշխատում են, այսպես կոչված, ֆինանսական սուպերմարկետի գաղափարով: «Արարատբանկի» ղեկավարը նշեց, որ արդեն կնքվել է պայմանագիր, և հույս ունի՝ երեք ամիս անց կունենան վճարումների համակարգ, որը թույլ կտա հաճախորդներին մատուցել «Apple pay» և «Samsung pay» ծառայություններ, ինչը կհեշտացնի հաճախորդների կյանքը:

«Մենք կարգախոս ունենք՝ կանխիկից դեպի քարտ, քարտից` դեպի մոբայլ բանկ»,- ասաց Ա. Օսիպյանը:

Ներկայացնելով բանկի 2015թ. գործունեության արդյունքները՝ վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանն ասաց, որ բանկի ակտիվները կազմել են 132 մլրդ դրամ, վարկերը՝ 66 մլրդ, զուտ շահույթը կազմել է 942 մլն դրամ: 2015թ. ընթացքում բացվել է 2 մասնաճյուղ, տարեվերջի դրությամբ բանկի տարածքային ցանցն ընդգրկել է 51 մասնաճյուղ: Նրա խոսքով՝ բանկը բավական մեծ աճ է ունեցել կոմունալ վճարումների ծավալի առումով. 2014թ. համեմատ այն աճել է 19.4 տոկոսով: 4 տոկոսով աճել է նաև թողարկված պլաստիկ քարտերի քանակը, 6.5 տոկոսով՝ հաճախորդների թիվը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ասաց, որ «Արարատբանկը» հաճախորդների լայն բազա ունի և իր գործելաոճով ու ձևավորած ավանդույթներով զբաղեցրել է իր ուրույն տեղը. «Դեռևս 2004թ., երբ բանկի բաժնետերերի փոփոխություն տեղի ունեցավ, «Արարատբանկն» ակտիվների ծավալով դասվում էր փոքր բանկերի շարքին, սակայն, ինչպես թիմի, այնպես էլ՝ ղեկավարության հետևողական աշխատանքի արդյունքում՝ այժմ զբաղեցնում է իր ուրույն տեղն ու կայուն զարգացում ապահովում՝ նաև հավակնելով լինել լավագույններից մեկը»:

Խոսելով բանկի ցուցանիշների մասին՝ Վ. Աբրահամյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ բանկի ակտիվների 50 տոկոսը ներգրավված է տնտեսությանը տրամադրած վարկերում, և միևնույն ժամանակ՝ վարկերի վերադարձելիության ապահովման լավագույն ցուցանիշներից մեկն ունի ֆինանսական համակարգում, ինչը ևս բանկի ճիշտ քաղաքականության մասին է խոսում: «Բանկի դինամիկ զարգացումն ու ընդլայնվող աշխարհագրությունը թույլ են տալիս ակնկալել, որ հաջողությունները կշարունակվեն: Դրա կարևոր գրավականներից մեկը նաև այն է, որ բանկը լուրջ ուշադրություն է դարձնում նաև տեղեկատվական տեխնոլոգիաներին և կառավարման ժամանակակից աշխատաոճ է որդեգրել, որից կշահի հասարակությունը»,- եզրափակեց ԿԲ նախագահի տեղեկալը:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ նշեց, որ «Արարատբանկն» իր պատմության ընթացքում միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ, նորարական մոտեցումներով և բազմաթիվ բաժնետերերի շահերի անշեղորեն պահպանությամբ և հետապնդմամբ:

«Հայաստանում առաջինն է եղել, որ դեռևս 2007թ.՝ որպես ֆինանսական նոր գործիք, թողարկել է կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, և այդ պահից անցած բոլոր տարիներին միշտ եղել է արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից՝ վերջերս իրականացնելով իր պարտատոմսերի՝ արդեն իսկ 11-րդ թողարկումը, ինչը մի կողմից՝ թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, դրանք ուղղել տնտեսության վարկավորմանը, իսկ մյուս կողմից՝ հաճախորդներին առաջարկել խնայողությունների պահպանման և ավելացման այլընտրանքային գործիք»,- ասաց Ս. ճզմաչյանը՝ նշելով, որ չնայած 2015թ. հեշտ չի եղել ինչպես՝ բանկային համակարգի, այնպես էլ՝ ամբողջ տնտեսության համար, «Արարատբանկը» տարվա արդյունքներով պատկառելի շահույթ է գրանցել, ինչը շարունակվեց նաև 2016թ. առաջին եռամսյակում: ««Արարատբանկը» դրական ֆինանսական արդյունքներ է գրանցել գործունեության բոլոր այլ հիմնական ուղղություններով: Դրանով իսկ բանկը բարձրացրեց իր ներդրումային գրավչությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ բանկի զարգացման դրական դինամիկան ակնառու է:

Տեսանյութեր

Լրահոս