«ՀՕՊ պայմանագրով Հայաստանն ունենում է հակաօդային այնպիսի պաշտպանություն, որը չունի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը քննադատությունների առիթ դարձած ՀՕՊ համաձայնագրի 6-րդ հոդվածը մեկնաբանում է այսպես. «Այստեղ ասվում է՝ կոորդինացումը՝ հայկական միավորված ՀՕՊ-ի և այլ կառույցների (Բելառուս, Ղազախստան), որոնք մտնում են նույն համակարգի մեջ: Այս կոորդինացիայի մասին է խոսքը: Իսկ թե ո՞վ է ղեկավարում և որոշում ընդունում Հայաստանում, ապա հայկական հրամանատարության ենթակայության տակ մտնում են ռուսական զորամիավորումները՝ օդային և ռուսական բազան: Որոշումներն ընդունում է հայկական կողմը: Այնպես որ, 6-րդ կետի մասին խոսել ընդհանրապես պետք չէ: Իսկ ո՞վ պետք է կոորդինացնի գործողությունները, օրինակ, Բելառուսի հետ: Կարո՞ղ է Ղազախստանը կոորդինացնել, իհարկե՝ ոչ»:
Նկատենք, որ ՀՕՊ համաձայնագրի 6-րդ կետը ենթադրում է. «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը` Ռուսաստանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը»:
Ինչ վերաբերում է ընդհանուր պայմանագրին, ապա ՊՆ նախկին փոխնախարարը կարծում է, որ սրանով Հայաստանն ունենում է հակաօդային այնպիսի պաշտպանություն, որը չունի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը. «Կան միջոցներ, որոնք նույնիսկ Թուրքիան չունի, այնպես որ, այս պայմանագիրը բխում է Հայաստանի շահերից, ապահովում է մեր անվտանգությունը, ուժեղացնում է մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:
Նա նաև նշեց, որ պայմանագիրը գործում է միայն ագրեսիայի դեպքում. «Եթե ագրեսիա է տեղի ունենում Հայաստանի հանդեպ կամ Ռուսաստանի, այդ ժամանակ սա չի գործում: Ենթադրենք, Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Ուկրաինային, ուրեմն՝ մենք այդտեղ գործողություններ չենք իրականացնում, որովհետև դա ագրեսիա չէ Ռուսաստանի դեմ: Եթե մենք էլ սկսենք պատերազմ, ապա որևէ սահմանափակում չունենք այս փաստաթղթով: Եթե Ադրբեջանի ագրեսիա է, ուրեմն այս համատեղ համակարգը գործում է: Ղարաբաղում սա չի գործում, բայց մենք կարող ենք մեր ռազմական միջոցները տեղափոխել Ղարաբաղ, ինչը կանենք»: