Հանդիպում՝ դեմարշից խուսափելու համար
Երեկ հաստատվեց, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում կկայանա Ղարաբաղի հարցի շուրջ։
Հայկական կողմը դեռևս պաշտոնապես ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է հանդիպման մասին տեղեկությունը։ Ուշագրավ է սակայն, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ ԵԱՀԿ մամուլի խոսնակ Նատաշա Ռաջակովիչն ասել է, որ այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այս հանդիպման ամենախնդրահարույց կետը, թերևս, այն է, որ Վիեննայում նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մնացել են օդում կախված, մասնավորապես՝ մինչև հաջորդ հանդիպում ղարաբաղաադրբեջանական սահմանին հետաքննող սարքեր պետք է տեղադրվեին, ինչի մասին լրագրողներին ասել էր անձամբ Սերժ Սարգսյանը։
Հարց է ծագում, թե ի՞նչ նոր հարցեր պետք է քննարկեն նախագահները, եթե չեն կատարվել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Վիեննայի պայմանավորվածությունների՝ կյանքի չկոչվելու մեջ մեղադրում է ադրբեջանական կողմին, որը շարունակում է ոչ կառուցողական հայտարարություններ անել նախագահի մակարդակով։ «Իմ կարծիքով՝ նման էմոցիոնալ գնահատականները չեն օժանդակում բանակցային պրոցեսի մերձեցմանն ու առաջընթացին»,- երեկ ԱԺ-ում լրագրողներին ասաց Շարմազանովը։
Ամեն դեպքում, ըստ նրա, բանակցություններն ավելի լավ են, քան չբանակցելը, և ամենավատ բանակցությունն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը. «Կարիք չկա դուռը շրխկացնել և գնալ, դա դեմարշ կլինի, պետք է աշխատել և աստիճանաբար հասնել այն փուլին, երբ ԼՂ-ն կդառնա լիարժեք կողմ։ Պատահական չէ, որ համանախագահները նշել են, որ համաձայնագրի վերջնական կարևորագույն փուլում ԼՂ պետք է դառնա բանակցային կողմ»։
ԵԱՀԿ մամլո խոսնակի հայտարարության վերաբերյալ Շարմազանովը նշեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, և առաջին անգամ չէ, որ համանախագահներից մեկի սեփական նախաձեռնությամբ, օգտվելով, որ այդ ժամանակ այլ միջոցառում էլ կա, հանդիպում է նախաձեռնվում։ Նա բացառեց որևէ տարաձայնություն համանախագահների միջև. «Նման հանդիպում ժամանակին եղել է և՛ ֆրանսիական կողմի, և՛ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Եվ այդ իմաստով՝ ես չեմ կարծում, որ այստեղ որևէ անհանգստանալու խնդիր կա»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «168 Ժամի» հետ զրույցում «անհասկանալի» անվանեց ԵԱՀԿ դիրքորոշումը։ Նա նշեց, որ մեծ սպասելիքներ չունի առաջիկա հանդիպումից. «Ես կարծում եմ, որ այս պահին մենք Ադրբեջանի հետ խոսելու մի բան ունենք՝ Ադրբեջանը պետք է ընդունի ապրիլյան պատերազմում իր սանձազերծած ագրեսիան։ Դա պետք է ընդունի նաև ՄԽ նախագահների ակտիվ միջամտությամբ։ Ադրբեջանն այս պահին որևէ կերպ չի ընդառաջում Վիեննայում իր իսկ կողմից տված համաձայնությանը մոնիտորինգի և մշտադիտարկման իրականացման, ԵԱՀԿ դիտորդական մանդատի ընդլայնման հարցերում։ Տպավորությունն այնպիսին է, որ, երբ Ալիևը ոտքը դնում է ադրբեջանական հող, նրա մոտ խորն ամնեզիա է սկսվում, որ հոգեբանական լուրջ շեղում է, նա անմիջապես հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից։ Հիշենք նաև Կազանը, մշտապես այդպես է եղել»։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի նախագահն այլ տարբերակ չունի, և ամբողջությամբ, ցավոք, ենթարկվում է ռուսական կողմի պարտադրանքին.
«Վիեննայից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ, եթե Վիեննայի պայմանները չկատարվեն, իմաստ չունի հանդիպել, բայց հիմա գնում է հանդիպման։ Եվ միայն դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ սա միջազգային հանրության կողմից աջակցություն չստացած հանդիպում է, որովհետև ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում հանդիպման կազմակերպմանը։ Այսինքն՝ ԵԱՀԿ-ն ձեռքերը լվանում է այս հանդիպումից և այնտեղ տեղի ունեցող պայմանավորվածություններից։
Եվ այն ծրագիրն է իրականանում, որ մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ Ռուսաստանը Հայաստանի միջոցով Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականություն է վարում, այսինքն՝ Հայաստանի շահերի հաշվին ռուսական կողմն իր շահերն է առաջ մղում։ Հայաստանը հերթական անգամ բռնել է միջազգային հանրության շահերը հակասող քայլերը կատարելու ուղի, հակառակ դեպքում ԵԱՀԿ-ն նման չոր պատասխան չէր տա։ Իսկ մենք հիշում ենք, որ ՄԽ-ն ԵԱՀԿ-ի միավոր է։ Մեկ հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը գոնե այնտեղ որևէ բան չի պայմանավորվի, որը ՀՀ շահերը զիջելու միջոցով կլինի»։