Վախթանգ Միրումյանը չբացառեց, որ Հարկային նոր օրենսգիրքը ենթադրում է որոշակի գնաճ
«Հարկային նոր օրենսգրքով դուք գնաճի նոր խթան եք տալու»,- այսօր Ազգային ժողովում 2016 թվականի Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:
Նա նկատեց, որ Վ. Միրումյանը եկամտային հարկի փոփոխությունները ներկայացնելիս նշեց, որ 120 հազար դրամից ավելի ստացողները 5 հազար դրամ ավելի կվճարեն եկամտահարկ, իսկ մինչև 120 հազար վճարողերը 1600 դրամ պակաս կվճարեն. «Ուզում եք ասել՝ հարկային բեռի ավելացում տեղի չի ունենա, բայց հիշենք, որ եկամտային հարկի համակարգը վերջերս փոխել ենք, ու ավելացել է կուտակային կենսաթոշակի համակարգը, որի արդյունքում՝ առանց այն էլ, հասարակության մի մասի բեռը ծանրացրել է: Մարդիկ ունեն դոլարային վարկ, 5000 դրամ ավելանում է գազի գնից, հոսանքի գնից, կարմիր գծերից, գնաճից, հիմա հարկային նոր օրենսգրքով դուք գնաճի նոր խթան եք տալու, որովհետև ակցիզային հարկի դրույքաչափերն եք փոխում, բենզինի էական գնաճ է լինելու, լիցքավորվող գազի գնաճ է լինելու, սպիրտային խմիչքի ու էլի ապրանքների գնաճ է լինելու, ծխախոտն էլի հասկանալի է, մարդիկ թող քիչ ծխեն: Ինչպե՞ս է լինում, որ մենք միշտ օրենք ենք ընդունում, որ խոշորները տուժեն, ստացվում է, որ խոշորներն օգտվում են»:
Ի պատասխան՝ Վ. Միրումյանը նշեց, որ իրենք առաջարկում են բարձրացնել միայն օղու և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, այն չի վերաբերում մյուս խմիչքներին. «Սա ուղղակիորեն նշանակում է՝ ծխախոտի և օղիների գների բարձրացում, ակցիզային հարկերի բարձրացման նպատակները հենց այդ ապրանքատեսակների գների բարձրացումն է, որ կառավարությունը չի խրախուսում այս ապրանքատեսակների սպառումը»:
Նա նշեց, որ նաև առարկում են բենզինի և որպես վառելիք օգտագործվող սեղմած գազի դրույքաչափի ավելացման դեմ. «Տեսականորեն և գործնականորեն հնարավոր են գնային տատանումներ: Այսօր պետության եկամուտների գեներացման համար այլ, ավելի նպատակահարմար հարկատեսակ, քան ակցիզային հարկն է, մենք չենք տեսնում»:
Ն. Փաշինյանն էլ հայտարարեց, որ այսօր մարդիկ վստահ են, որ գազալցակայաններում հսկայական ստվերներ կան, որոնք պարզ է, որ օլիգարխիայի հետ են կապված. «Այդ գազալցակայաններում խոսվում է, որ չի հաշվառվում գազը, մենք գոնե այդ խնդիրները լուծենք, ակցիզային հարկն ենք ավելացնում, որի արդյունքում՝ այդ «լևի» եկամուտ տիրապետողի եկամուտներն են շատանալու»:
Վ. Միրումյանն էլ ասաց, որ գազի ծավալների հաշվառումն իրենց գործառույթներից է. «Չէի ասի, որ մեր գործիքակազմն ամբողջությամբ հնարավորություն է տալիս բացառել դա, բայց անհրաժեշտ գործիքակազմը կա, որ այդ ամբողջը լինի կառավարելիության սահմաններում»: