«Պա՛պ, մեր մեջ ախպերություն է, ինչ ուզում է` լինի, ով ուզում է գա, ինչ վիճակ էլ լինի, երբեք թուրքին մեջքով շուռ չեմ գա, մտքիցդ հանի՛ր»

Ասել էր Մարտակերտում զոհված Անդրանիկ Զոհրաբյանը

Մայիսի 1-ին լրացել է Մարտակերտում զոհված ժամկետային զինծառայող Անդրանիկ Զոհրաբյանի 20-ամյակը: Հուլիսի 16-ին նա կավարտեր ծառայությունը: Անդրանիկը ծառայել է Արցախում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտում` որպես ՊԿ գնդացրորդ: Ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը զոհվել է իր ընկերների` Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ նույն դիրքում` մի քանի ժամ կռվելով:

Անդրանիկը սովորել է Վեդիի դպրոցում, ավարտել քոլեջի էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը: Անցել է դասընթացներ՝ ստանալով խոհարարի որակավորում: 2014թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին ու զորակոչվել բանակ: Նա մասնակցել է ֆուտբոլային մի շարք առաջնությունների, հուշամրցաշարերի` պարգևատրվելով մեդալներով ու պատվոգրերով: Անդրանիկը կրում է իր պապիկի անունը, ով Հայրենական պատերազմի մասնակից է: «Երկուսն էլ նույն ճանապարհն են անցել. հայրս` 1941-1942թթ., ինքը` 2014-2016թթ.: Երկուսն էլ հայրենիքն են պահել: Ես չէի մտածում, որ 1996թ. ծնված իմ երեխան պիտի անցնի այս պատերազմի միջով:

Andranik (10)

Մտածում էի, որ մենք փակել ենք այդ էջը: Ճիշտ կլիներ, որ փակած լինեինք: Երկուսն էլ արիության համար պարգևատրվել են, շքանշան ունեն: Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան ունի հայրս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ունի Անդրանիկս: Երևի թե այդպես պիտի լիներ: Եթե մեր գերդաստանում մարտական ուղին պիտի սկսվեր 1940-1941թթ. ու ավարտվեր 2016թ., ապա այս պարագայում թոռն անպայման պիտի գերազանցեր պապին»,- ասում է Անդրանիկի հայրը` Ատոմ Զոհրաբյանը:
Andranik (5)

«Ես պոստ պահող տղա եմ»
«Շատ աշխույժ է եղել: Շարժուն էր: Չարաճճիություն ուներ, բայց չար չի եղել: Լսող էր: 5-6 տարեկան հասակից դեպքեր են եղել, երբ ինչ-որ բան անելուց հետո՝ իրեն նայեի, զգար, որ սխալ է արել, կարող է անգամ լաց լիներ: Սիրտը լցվում էր: Միշտ այդպիսին է եղել: Որևէ բան անելիս դա չափում էր նրանով` արդյոք մեր ընտանիքում դա կարելի՞ էր անել, թե՞ ոչ: Շարժուն էր: 6 տարեկանից արդեն գնդակն իր հոբբին էր: Բակում խաղում էր»,- որդու մանկության տարիները հիշելով` պատմում է Անդրանիկի հայրը: Մինչև 2002թ. ընտանիքն ապրել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում:

Andranik (19) Andranik (18) Andranik (17) Andranik (20)

Ընտանիքի անդամները հիշում են` ինչպես է Ատոմը մի անգամ փրկել քրոջը` Սաթենիկին: Գյուղի տան դիմացով առու է հոսել: «Երբ գետից ջուրը բաց էին թողնում, հետո մանր ձկներ էին գալիս: Նստած ձուկ էինք բռնում, լցնում թթվասերի ամանների մեջ: Ինքը բռնում էր, ինձ մոտ չէր ստացվում: Ես իրենից էի վերցնում: Ջղայնացավ: Ինձ հրեց, գցեց, հետո որոշեց, որ պիտի հանի»,- պատմում է Անդրանիկի քույրը: «Երկուսով եկան: Ասաց` մա՛մ, գիտե՞ս` Սաթենիկն ընկավ ջուրը: Ասացի` ինչպե՞ս թե ընկավ ջուրը: Ասաց` ես գցեցի, հետո հանեցի»,- հիշում է Անդրանիկի մայրը` տիկին Ալլան:

Andranik (15)

Արդեն 8 տարեկանից Անդրանիկը ֆուտբոլով է զբաղվել: Որդու բնավորության մասին խոսելիս` հայրն ասում է` Անդրանիկն աշխատում էր հեռու լինել բացասական երևույթներից, տհաճ թեմաներից:

Andranik (4)

«Կարողանում էր աննկատ շեղել խոսակցությունը: Եթե չէր կարողանում, անմասն էր մնում դրանից, հեռանում էր: Բնավորությամբ մեղմ էր: Հումորի զգացում ուներ: Սիրում էր լավ մարդկանց հետ շփվել: Եթե անգամ արյունակիցների մեջ կային մարդիկ, որ իր տեսակը չէին, սրտամոտ չէին, աշխատում էր հեռու մնալ, միշտ շփվել է լավ մարդկանց հետ: Երբեք չարություն չեմ նկատել իր մեջ: Աշխատում էր, որ բոլորն իրենից գոհ լինեն»,- ասում է Անդրանիկի հայրը` նշելով, որ բնավորության որոշ գծեր ծառայության ընթացքում ավելի էին հղկվել. դարձել էր ավելի զուսպ, հավասարակշռված: «Հաղթողի հոգեբանություն ուներ: 12-13 տարեկան երեխա էր. երբ պարտվում էր, ծանր էր տանում, զայրանում էր, բայց երբ հաղթում էր, ոգևորվում էր:

Andranik (16) Andranik (13) Andranik (12)

Մտածում եմ, որ պրոֆեսիոնալ սպորտը մարդու մոտ հաղթողի հոգեբանություն է սերմանում: Երբ խոսում էինք, ասում էի` ուշադի՛ր, զգո՛ւյշ եղիր: Ասում էր` պա՛պ, ամեն ինչ նորմալ է, հանգի՛ստ եղիր, մի՛ վախեցիր, չեն կարող: Ասում էր` իրենք մեզնից ուժեղ չեն: Ասում էր` որ այդքան ասում են՝ թուրքն այսպես, այնպես, ընդամենը մարդ են, ու իրենք էլ գիտեն, որ մեզ վրա չեն կարող, մենք էլ գիտենք, որ իրենք մեզնից թույլ են: Ասում էր` մենք տեսնում ենք, որ վախենալով է գալիս, մենք մի երկու հատ կրակում ենք կամ այլ բան ենք անում, իրենք մտածում են փրկվելու մասին, փախչում են: Հաղթողի հոգեբանությունն իր մեջ նստած էր»,- ասում է Անդրանիկի հայրը:

Andranik (14)

Նա իր ու որդու խոսակցությունն է հիշում. «Հոկտեմբեր ամիսն էր: Ասացի` տղա՛ ջան, մոտ 7 ամիս է մնացել, ծառայությունդ մոտենում է ավարտին, ինձ քո առողջությունը, քո կյանքն է պետք: Ասացի` զգո՛ւյշ եղիր, ուշադիր, հանկարծ որևէ բան չպատահի, ընտանիքիդ պետք է, որ դու ողջ-առողջ տուն դառնաս, եթե ինչ-որ բան լինի, ծանր ու թեթև արա, աշխատի՛ր կյանքդ պահպանես:

Հասկացավ` ինչ եմ ուզում ասել: Լրջացավ: Այդ պահին կարծես ես դառնայի իր երեխան, ինքը` իմ ծնողը: Ասաց` պա՛պ, մեր մեջ ախպերություն է, ինչ ուզում է` լինի, ով ուզում է՝ գա, ինչ վիճակ էլ լինի, երբեք թուրքին մեջքով շուռ չեմ գա, մտքիցդ հանի՛ր: Այլևս բան չասացի: Միանգամից թեման փոխեց: Ասաց`հանգի՛ստ եղիր, ամեն ինչ գիտեմ, ես առաջին անգամ չէ, որ դիրք եմ բարձրանում: Ընկերները հարցնում էին` ի՞նչ ես անում, ասում էր` ես պոստ պահող տղա եմ: Զգում էի, որ դա հպարտությամբ էր ասում»:

Andranik (8)

Անդրանիկը շատ էր սիրում երեխաներին: «Շատ-շատ էր սիրում: Հարևանը երեխա ունի: Ուշքը գնում էր երեխաների համար: Մտածում եմ՝ երևի երեխան զգում էր, որ ինքը կյանքում երեխաներ չի ունենալու, դրա համար այսքան սիրում էր հարազատների երեխաներին»,- ասում է Անդրանիկի հայրը:

«Տեսադաշտը լավ չի եղել. Դուրս է եկել պատնեշի վրա»

2014թ. Անդրանիկը համալսարան ընդունվեց. վերջինը վազքի ու հեռացատկի քննությունն էր: «Ձախ ծունկը պարապմունքների ժամանակ վնասել էր: Հենց տեղից պոկվել է, ոտքը միանգամից ուժեղ ցավել է: Այդ ցավող ոտքով 60 մետրն անցավ: Այնպես անցավ, որ ես չնկատեցի: Զգացի, որ մի փոքր ետ էր ընկել: Ընդհանրապես շատ արագ էր վազում: Ժամանակի մեջ տեղավորվեց: Հասավ ավարտին, ետ գալիս՝ զգացի, որ կաղալով է գալիս: Ասաց` պա՛պ, մի կերպ եմ անցել: Որքան կամքի ուժ է ունեցել… Հասկացել է, որ անպայման պիտի հաղթահարի: Հուլիսի 16-ին ծանուցագիր տվեցին: Իրեն ճանապարհեցինք, ես ու մայրը գնացինք ինստիտուտ, անունը գտանք: Ահագին բարձր միավորներով ընդունվել էր: Վիճակահանության ժամանակ տեսա, առաջինը դա ասացի, ուրախացավ»,- ասում է Անդրանիկի հայրը` նշելով, որ որդին ակնոց է կրել, ինքը մտածել է՝ ինչ-որ տարբերակներ գտնել.

Andranik (6)

«Միանգամից փակեց այդ հարցը: Ասաց` գնալու եմ ծառայության, ոչինչ չանես»: Որդու ծննդյանն օրը նրան տեսության էին գնացել, ճաշելիս սկսել զինվորներից հետաքրքրվել ծառայության մասին. «Երևի զգաց, որ ավելորդ բաներ են ասում: Չէր խոսում, լսեց, լսեց, ասաց` շատ չե՞ք խոսում, վերջ, թեման փակեցինք: Երեխաները զգաստացան»: Ծառայության ողջ ընթացքում Անդրանիկը որևէ բանից երբեք դժգոհություն չի հայտնել: «Ինչ վիճակում էլ եղել է, ոչնչից չի դժգոհել»,- ասում է Անդրանիկի մայրը:

Անդրանիկի մայրը` տիկին Ալլան, ասում է` ապրիլի 2-ին այդպես էլ չեն կարողացել քնել. «Առավոտյան ժամը 6-ից մենք ոտքի վրա էինք: Այդ պահին իմ երեխան հանգել է: Ես այդ օրերին ձախ կողմում անընդհատ ցավ էի զգում: Ես հորն ասացի` նայի՛ր` երեխու ոտքը վնասվա՞ծ է: Ես դա էլ եմ զգացել: Ասում էին` ինքը չի զգացել` ինչպես է մահանում: Ասում էի` ինչպե՞ս չի զգացել, եթե ես այդ ցավը զգացել եմ: Վիրավոր վիճակում կռվել է: Ինչպե՞ս կարող է զգացած չլինել»,- ասում է Անդրանիկի մայրը: Նրա խոսքով` որդու հետ վերջին անգամ խոսել են մարտի 29-ին, Անդրանիկը կարճ է խոսել, ասել` ամեն ինչ նորմալ է:

Andranik (7)

«Գնացող մարդ կար: Ուզում էի ինչ-որ բան ուղարկել: Ասաց` չէ՛, մա՛մ, մի՛ ուղարկեք: Մայիսի 1-ին իր ծննդյան օրն էր: Ասում էր` դիրքերից կիջնենք, այդ ժամանակ կասեմ, ինչ պետք է՝ կուղարկես: Ասացի` տղա ջան, հիմա էլ կուղարկենք, հետո էլ: Ասաց` չէ՛, մա՛մ, խառը կլինենք, չեն կարողանա բերել: Ասացի` դիրքեր կբերի: Ասաց` չէ՛, խառը կլինենք, չի կարողանա: Երեխեքն ինչ-որ բան իմացել են»,- ասում է Անդրանիկի մայրն ու հիշում, որ հունվարից հետո որդու հետ խոսելիս տխրություն է նկատել նրա մոտ: «Երբ ուշ-ուշ էր զանգում, հարցնում էի՝ ինչո՞ւ, ասում էր` մա՛մ, ես ձեզ սովորեցնում եմ: Ասում էի` տղե՛ս, ինչի՞ն ես սովորեցնում: Ասում էր` որ ուշ-ուշ եմ զանգում, դրա համար: Այդ ընթացքում իրենց հետ շատ բան է եղել: Իրենց աչքի առաջ իրենց ընկերներից մեկին խփել էին: Դրանից հետո փոխվել էր: Երեխա են, երևի մտածում են, որ կարող է մի օր էլ իրենք լինեն նույն վիճակում»,- ասում է Անդրանիկի մայրը:

Andranik (11)

Ապրիլի 3-ի առավոտյան նրանց զանգահարել է Անդրանիկի ծառայակիցներից մեկն ու աել է, որ… Անդրանիկը չկա: «Իմ երեխան մնաց հավերժ զինվոր: Հավերժ մնաց 20 տարեկան: Ինձ երբեմն հարցնում են` ինչպե՞ս կբնորոշես քո երեխուն՝ մանկուց սկսած մինչև հիմա: Միշտ մի բառ եմ օգտագործել. Ես արհավիրքից հետո երկրորդ բառով էլ եմ բնորոշում` լուսավոր ու հզոր»,- ասում է Անդրանիկի հայրը:

«Պատասխանատվության զգացումն էր, որ մնաց դիրքում: 4-ով մնացին: Եթե նույնիսկ ես կողքին լինեի, ձեռքը բռնեի, ասեի` քեզ կրակի միջից հանում եմ, վստահ եմ` ձեռքը պիտի պոկեր, ասեր` որտեղ՝ իմ ընկերները, այնտեղ էլ՝ ես: Խրամատում է եղել: Ասում են` տեսադաշտը լավ չի եղել: Դուրս է եկել պատնեշի վրա: Գիտակցաբար են գնացել դրան: Ինչպե՞ս կարող էին 4-ն այդ թոհուբոհի մեջ չհասկանալ, որ զոհվելու են: Ուրեմն ընտրություն են կատարել»,- ասում է Անդրանիկ հայրը:

«20 տարի վիճակվեց, որ ֆիզիկապես մեզ հետ եղավ: Հիմա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես ներկա է: Մենք տանն այդպես էլ շարժվում ենք: Մենք զգում ենք իր հոգևոր ներկայությունը, խոսում իր հետ, անում ենք այնպես, ինչպես իր ներկայությամբ կլիներ, ինքը կցանկանար, որովհետև մեզ արդեն դա է ապրեցնելու: Ինքը գիտեր, որ Սաթենիկը գնալու է սովորելու: Ուրեմն` Սաթենիկն անպայման պիտի ընդունվի, պիտի սովորի, որովհետև Անդրանիկն այդպես է ուզել: Մարիի հետ կապված՝ մեկ այլ բան: Մենք մեզ այնպես պիտի պահենք, ինչպես ինքը կուզեր: Դա է մեզ ապրեցնելու: Համոզված եմ` այդ դեպքում իր հոգին խաղաղ կլինի: Միշտ մեր թիկունքին է լինելու: Ասում էր` պա՛պ, կգամ, մեջք մեջքի կտանք, կտեսնես` ինչքան լավ կլինի: Դուստրերիս էլ ասել եմ` ձեզ գրկած առաջ է տանելու, ձեր թիկունքին է»,- ասում է Անդրանիկի հայրը:

Andranik (3)

«Բոլորը հերոսներ են: Ռոբերտ Աբաջյանն Անդրանիկիս ընկերն էր: 19 տարեկան երեխա, բայց նա ի՞նչ արեց: Ինքն իրեն պայթեցրեց` գիտակցելով, որ դրանից հետո այլևս չի լինելու: Իհա՛րկե հերոսություն է: Ո՞վ ձեռք կբարձրացնի իր կյանքի վրա: Մինչև այդ էլ փորձել է փրկել իմ երեխային: Նրանք կողք կողքի են եղել: Անդրանիկս վիրավորվում է, ինքը փորձում է փրկել Անդրանիկիս: Խրամատի մի ծայրից բերում է: Ռոբերտն Անդրանիկիս տեղափոխելու ժամանակ է վիրավորվել: Գրկած բերել է՝ մինչև հանգստի կացարան կոչվածը: Այդ ժամանակ վիրավորվել է, բայց այդ վիճակում էլ փորձել է փրկել: Բերել է մինչև կացարանի մոտ, տեսել, որ հանգավ: Այդ մասին էլ է հեռախոսով ասել` Անդոն գնաց, ես միայնակ մնացի: Իրենք չորսով եղբայրներ դարձան: Երևի վերևում էլ հիմա միասին են: Այդ երեխան` Ռոբերտը, ինձ համար հերոս է, հենց միայն նրա համար, որ իմ երեխուն միայնակ չի թողել, փորձել է փրկել: Կարող էր թողնել ու գնալ, ու հնարավոր է` ինքը փրկվեր, բայց չի թողել: Ես մինչև կյանքի վերջ դա չեմ մոռանա: Ռուբեն Հախվերդյանը երգ ունի` «Լավագույն տղերքը հեռանում են»: Քառօրյա պատերազմում զոհվածները լավագույն տղերքն են: Հեռացան, որ մնան»,- ասում է Անդրանիկի հայրը:

Նա նշում է` երեխաները գիտակցելով՝ կատարել են իրենց ընտրությունը, մենք էլ պետք է տեր կանգնենք նրանց արարքին: «Ինձ համար` որպես այս պատերազմին երեխա կորցրած ծնող, որևէ խոսակցություն տարածքների զիջելու մասին անընդունելի է: Եթե սահմանին սյուն պիտի դրվի, ուրեմն պիտի դրվի այնտեղ, որտեղ իմ երեխու արյունն է թափվել: Դրանից մի մետր ներքև էլ ես չեմ հանդուրժի»,- ասում է Անդրանիկի հայրը:

Andranik (1)

Երբ ընտանիքն Անդրանիկից մի քանի օր հակասական լուրեր է ստացել, հայրն Անդրանիկի ու մյուս զինվորների համար մատաղ է խոստացել, ու չնայած որդին զոհվել է` մատաղն արել են, տարել են դիրքեր, բաժանել են զինվորներին. «Մեր ընկած զինվորների հոգու խաղաղության համար էր և բոլոր նրանց համար, ովքեր այդ պահին կանգնած են դիրքերում: Աստծուն խնդրել ենք, որ այդ բոլոր երեխաները տուն դառնան, որ ոչ մի ծնողի աչք ճամփին չմնա»:

Andranik (2)

Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ արիության և անձնազոհության համար Անդրանիկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Տեսանյութեր

Լրահոս