
«Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում մենք մի կարևոր հաղթանակ ևս տարանք»

ԱՐՏԱՎԱԶԴ ՅԱՂՄՈՒՐՅԱՆ
Հրթիռային զորքերի եւ հրետանու շտաբի պետ, գնդապետ
Հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները իրենց առջև դրված խնդիրները ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ գերազանց կատարեցին: Մեր զորամասերից շատերը, ի պատասխան հակառակորդի անակնկալ գործողությունների, կարողացան հստակ կազմակերպել մարտական հաշվարկների, ստորաբաժանումների դուրսբերումը ոչ միայն կանխորոշված, այլև, որոշ դեպքերում, չնախատեսված շրջաններում:
Թեև հակառակորդի հետախուզությունը անօդաչու սարքերի օգնությամբ մեր մարտակարգերը արագ հայտնաբերելու հնարավորություն ուներ, սակայն մեր զորքերին հաջողվեց խնդիրը պատվով կատարելուն զուգահեռ արագ տեղաշարժվել, ապա եւ բարձր արդյունավետությամբ մարտավարական խնդիրներ լուծել: Շատ հաճախ մեր հրետանավորները կրակային խոցման խնդիրները կատարել են անմիջականորեն հակառակորդի կրակային ազդեցության տակ: Ես ինքս, անցած լինելով Արցախյան մարտական գործողությունների բովով, նման կազմակերպված աշխատանք չեմ մտաբերում: Մեր հրետանավորների մարտական ոգին ու առաջադրված խնդիրների կատարման պատրաստականությունը գերազանց եմ գնահատում: Փաստորեն, պաշտպանության նախարարի առաջադրած «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգը, որ նախկինում ներդրվել էր, լիովին արդարացրեց իրեն: Այս հայեցակարգի առաջադրումով էլ հենց մեր գերակա խնդիրներից մեկն ենք համարել մարտկոցները որպես ինքնուրույն մարտավարական օղակներ պատրաստելը: Պետք է նշեմ, որ այդ օղակը շատ հմուտ գործեց՝ մինչև վերջ ղեկավարելով կրակը, կարողանալով ճիշտ և ժամանակին ինքնուրույն որոշումներ ընդունել:
Ինչ վերաբերում է դիվիզիոններին՝ հրետանային զորամասերը ավելի բարդ ու մեծածավալ խնդիրներ իրականացրին: Հակառակորդն իր մաշկի վրա զգաց, որ իր սպասումները, մտահղացումները իրագործելի չեն. հրետանին արդեն իր տեղում կանգնած էր, իսկ կրակը, որ թափվում էր նրանց գլխին, դիպուկ ու արդյունավետ էր: Շատ չանցած՝ հակառակորդն արդեն դիմել էր հրադադարի խնդրանքով:
Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում մենք մի կարևոր հաղթանակ ևս տարանք: Ադրբեջանը մինչև այդ հայտարարել էր, թե իր զորքերում առկա տանկերը արդիականացվել են տարբեր արտասահմանյան երկրներում, և որ դրանք գործնականում անխոցելի են: Այս տեղեկատվությունը կասկածի տակ էր դնում մեր հակատանկային միջոցների արդյունավետությունը: Սակայն մարտի ընթացքում աչքի զարնեց, որ հակառակորդի տանկերից շատերը մեր հմուտ հակատանկային, նույնիսկ հաշվարկի օպերատորների առանձին գործողությունների շնորհիվ այրվեցին հենց դաշտում: Հակառակորդը հանկարծակիի եկավ. նրանց թվում էր, թե կարող են մտնել ցանկացած խորության տեղանք և ծավալել իրենց ցանկացած գործողությունները, սակայն հակառակը տեղի ունեցավ՝ մենք խոցեցինք նրանց «արդիականացված» տանկերը:
Մեր զորատեսակի գերակա խնդիրներից մեկը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի կիրառած նոր զինատեսակների, հնարավորությունների հաշվարկով նրանց և մեր գործողությունների առանձնահատկությունները գնահատելն ու համապատասխան քայլեր մշակելն է: Բավականին մեծ ուսումնասիրություն է կատարվել, որի հիման վրա աշխատում ենք զորատեսակը նախապատրաստել նոր տեսակի մարտական գործողությունների՝ նոր մարտավարությամբ:
Լուրջ ուսումնասիրություններ ենք կատարում հայրենական արտադրության զինատեսակների զարգացման և նոր տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների ներդրման ուղղությամբ: Դրանց կիրառման մասին առայժմ, իհարկե, չենք բարձրաձայնի: Քննարկվում են նոր զինատեսակների կամ դրանց կիրառման այնպիսի առաջարկություններ, որոնք իրենց համարժեքը չունեն համաշխարհային փորձում: Նորարարությունները հատկապես վերաբերում են դրանց ղեկավարման արագությանը, հաստատուն ղեկավարման համակարգի զարգացմանը: Այս բոլոր առաջարկությունները միանգամայն իրատեսական են:
Այս պահին զորատեսակն իր առջև դրված խնդիրներն է կատարում: Իհարկե, սահմանամերձ գոտիներում որոշակի լարվածության թեթևացում կա, բայց հրետանու առջև դրված խնդիրները չի կարելի թուլացնել այնքան ժամանակ, քանի դեռ հակառակորդը չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
hayzinvor.am