
«Որտեղի՞ց, ենթադրենք, Սյունիքի մարզպետին մոտ 10 հանքավայրի լիցենզիա, որ հետո ինքը վաճառում է տարբեր ընկերությունների վրա»

Հայաստանում փոքր հանքավայրերը կախարդական փայտիկի օգնությամբ հայտնվում են տարբեր պաշտոնյաների իրավասության ներքո, նրանք են որոշում այդ հանքավայրերը վաճառել այլ կազմակերպությունների: Այս մասին այսօր Համաշխարհային բանկի կողմից պատրաստված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում-Հայաստան» զեկույցի քննարկման ընթացքում ասաց բնապահպան Լևոն Գալստյանը:
«Որտեղի՞ց, ենթադրենք, Սյունիքի մարզպետին մոտավորապես 10 հանքավայրի ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիա, որ հետո ինքը վաճառում է տարբեր ընկերությունների վրա»,- ասաց նա՝ նշելով, որ հանքավայրերը վաճառվում են, գալիս են արտասահմանյան ընկերություններ, 1-2 տարի շահագործում, տեսնում, որ «մեջը բան չկա», թողնում, հեռանում: Նա հարցրեց՝ արդյոք Համաշխարհային բանկը չի՞ կարծում, որ պետք է վերանայել մոտեցումներն այս հարցում, թե ում հետ է համագործակցում:
Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, պատասխանելով հարցին՝ արդյոք բանկը պե՞տք է վերանայի իր մոտեցումն այն հարցում, թե ում հետ է աշխատում, ասաց, որ միանշանակորեն հավատացած է, որ պետք է աշխատեն բոլորի հետ, ովքեր սենյակում են, դահլիճում են, համայնքների հետ, որոնց ներկայացնում են: Իսկ թե հանքարդյունաբերության ոլորտը դեր պիտի՞ խաղա Հայաստանի ապագայում, ըստ նրա՝ որոշում է, որը պետք է կայացնի հայ ժողովուրդը և կառավարությունը, սակայն իրենք կցանկանային օգնել, հնարավորինս ապացուցողական տվյալներ տրամադրել, ներկայացնել միջազգային փորձը՝ այդ որոշումը կայացնելու ընթացքում: