Տեր-Պետրոսյանի ուղերձը Պուտինին
Այսօր կամ վաղն Ազգային ժողովում քննարկվելու է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որի վտանգավորության մասին արդեն մի քանի օր ահազանգում են փորձագետներն ու փոքրաթիվ քաղաքական գործիչներ: Եթե հակիրճ ձևակերպենք՝ այդ համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ևս մի կարևոր բաղադրիչ` հակաօդային պաշտպանության բնագավառում որոշումների կայացման իրավունքը, տրվելու է Ռուսաստանին:
Ավելին, իշխանական շրջանակներում անգամ խոսակցություններ են շրջանառվում, որ Ռուսաստանն այդ համաձայնագրի ընդունումը ներկայացրել է որպես պայման` Հայաստանին տխրահռչակ 200 միլիոն դոլարի զինամթերքը մատակարարելու համար: Այսինքն` հերթական անգամ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ռուսները, օգտվելով իրենց իսկ մեղքով Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված դժվարին կացությունից, Հայաստանից ցանկանում են պոկել ինքնիշխանության հերթական կտորը: Բնականաբար, Ռուսաստանի նման ցանկությանն առաջին հերթին՝ պետք է ընդդիմանա, դիմադրի Հայաստանի իշխանությունը, որը որոշ օբյեկտիվ, սակայն ավելի շատ՝ սուբյեկտիվ պատճառներով, դա չի անում: Թվում է, որ նման իրավիճակում, երկրի ինքնիշխանությանն ուղղված հերթական սպառնալիքի դեպքում, ընդդիմությունը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պայքարի այդ համաձայնագրի ընդունման դեմ` այդպիսով ակամայից օգնելով նաև իշխանությանը, եթե վերջինս ցանկանում է, բայց ի վիճակի չէ դիմադրել ռուսական ճնշմանը:
Բայց Հայաստանում գրեթե բոլոր ընդդիմադիրներն առաջնորդվում են միանգամայն այլ չափանիշով` հարմար առիթ փնտրել` Ռուսաստանին ապացուցելու համար, որ իրենք ավելի ռուսամետ ու ռուսահաճ են, քան գործող իշխանությունը: Իսկ այդ հարցում Հայաստանի ընդդիմադիրներից «ամենաընդդիմադիրն» իրեն միակ ընդդիմություն հռչակած Հայ ազգային կոնգրեսն է (ՀԱԿ):
Վերջինիս փոխնախագահ ու ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ խնդրո առարկա համաձայնագիրը մշակվել է 1995թ. պայմանագրի հիման վրա, և ՀԱԿ-ի համար ընդունելի փաստաթուղթ է: «Հավանաբար կողմ կլինենք, որովհետև 95թ. բոլոր պայմանագրերի շարունակությունն է»: Իսկ ի պատասխան այն մտահոգություններին, թե այս համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ևս հանձնվում է Ռուսաստանին, Արամ Մանուկյանը խորհուրդ է տվել «մանկական մոտեցումներ չընդունել»:
Փաստորեն, «մանկական մոտեցումներ» են բոլոր այն մտահոգությունները, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության բնագավառում պետության ինքնիշխանության սահմանափակումը վտանգավոր է: Երևի այն պատճառով, որ ինչպես՝ իշխանության, այնպես էլ՝ ՀԱԿ-ի համար, ամենայնը, ինչը կապված է Ռուսաստանի հետ, «մեծական է», մնացածը` «մանկական մոտեցումներ»:
Ընդ որում, ուշադրություն դարձրեք Արամ Մանուկյանի հիմնավորմանը` համաձայնագիրը 1995 թվականի Հայ-ռուսական բարեկամության մասին պայմանագրի շարունակությունն է: Սա մի կողմից՝ լավ «ալիբի» է նախկին իշխանությունների համար, քանի որ Ռուսաստանի կողմից թելադրված ցանկացած քայլ նրանք արդարացնում են նրանով, որ 1995 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք է կնքվել հայ-ռուսական հարաբերությունները կարգավորող այդ պայմանագիրը: Մյուս կողմից՝ այսպիսով ՀԱԿ-ի ներկայացուցիչները ցանկանում են ակնարկել, հիշեցնել, որ իրենք են Հայաստանի ռուսահպատակեցման հայրերը:
Հիշեցնեն ռուսներին, բնականաբար: Որպեսզի ռուսները հանկարծ չմոռանան, որ Հայաստանի գործող իշխանությունից դժգոհության դեպքում «պահեստային նստարանին» սպասում են ուժեր, որոնք պատրաստ են ավելի անմնացորդ նվիրվել ռուսական շահին: Մեծապետական շահին, որի համեմատ՝ Հայաստանի շահերի մասին մտահոգությունը համարվում է «մանկական մոտեցում»: Մնում է ռուսներն ականաջալուր լինեն Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այս ուղերձին, որը, պատահականորեն կամ ոչ, հղվում է Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանի շուրթերով: