ՀԱԿ-ի համար ընդունելի է ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀԱԿՊ ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին համաձայնագիրը չի ուսումնասիրել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը խոստացավ մինչև ԱԺ նիստերի դահլիճում դրա քննարկումն ուսումնասիրել և նաև ելույթով ներկայացնել լրագրողներին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես չի հասցրել կարդալ համաձայնագիրը, քանի որ միայն երեկ երեկոյան է վերադարձել գործուղումից և դեռ չի հասցրել ծանոթանալ փաստաթղթին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համաձայնագիրը 1995 թ. պայմանագրի հիման վրա է և ընդունելի փաստաթուղթ է: Նա նշեց, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել, թե ինչպես են քվեարկելու. «Հավանաբար կողմ կլինենք, որովհետև 95 թ. բոլոր պայմանագրերի շարունակությունն է»: Ի պատասխան շրջանառվող տեսակետներին, որ հայկական օդն էլ է հանձնվում ռուսներին, Ա.Մանուկյանը խորհուրդ տվեց «մանկական մոտեցումներ չընդունել»: «Այսպես թե այնպես, հայ-թուրքական սահմանը պահպանվում է հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության միջոցներով»,- ասաց Ա.Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս