Ռուսների նոր սպառնալիքը՝ պատերազմ կամ ինքնիշխանություն
«Հայկական Ժամանակ» թերթը գրել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգին միանալու համաձայնագրին, չի բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն դոլար վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան։ «Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը։
Սա այն տեղեկություններից է, որը չափազանց մոտ է իրականությանը՝ իրականությունից հեռու լինելու համար: Մոտ է ոչ թե՝ որովհետև այդ մասին ասել է Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը (նույն հաջողությամբ այդ պաշտոնյան կարող է նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել, ինչպես եղել է բազմաթիվ անգամներ), այլ՝ որովհետև ամբողջությամբ տեղավորվում է հայ-ռուսական հարաբերությունների խեղված տրամաբանության մեջ: Իսկ այդ հարաբերությունների էությունն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի առջև կատարում է ոչ թե իր` ռազմավարական դաշնակցի պայմանագրային պարտավորությունները, այլ հանդես է գալիս ռազմավարական ավարառուի դերում:
Վերցնում է այն, ինչը հնարավոր է և ինչը պետք է Ռուսաստանին: Դրա դիմաց խոստանալով… կատարել միջպետական պայմանագրով նախատեսված ու շուրջ մեկ տարի չկատարվող պարտավորությունները: Հայաստանում գրեթե չի մնացել արժեքավոր ոչինչ, որը Ռուսաստանն անցած տարիներին չի վերցրել: Հերթը հասել է ինքնիշխանության ռազմական բաղադրիչներին: Հիմա Ռուսաստանը վերցնում է հակաօդային պաշտպանության ոլորտում Հայաստանի` որոշումներ կայացնելու ինքնիշխանությունը, վաղը որևէ պայմանագրով կվերցնի հակահրթիռային պաշտպանության համակարգը, որոշ ժամանակ անց` հրետանին, մի գեղեցիկ օր էլ` բանակն ամբողջությամբ: Ձևակերպումներ միշտ էլ կգտնվեն: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` ՀԱՊԿ-ն, իրականում հենց դրա համար էլ ստեղծվել է` տարբեր ձևակերպումներով անդամ երկրների անվտանգության համակարգերը Ռուսաստանի վերահսկողությանը ենթարկեցնելու համար:
Ի դեպ, երբ խոսում ենք որևէ համակարգ Ռուսաստանի կողմից վերցնելու մասին, պետք է հավասարապես կիրառել նաև «տալիս են» արտահայտությունը: Քանի որ գոնե հրապարակավ որևէ մեկը Հայաստանի պաշտոնյաներին չի սպառնացել, վերջնագրեր չի ներկայացրել: ՀՕՊ միասնական համակարգին միանալու մասին համաձայնագիրն էլ անցած շաբաթ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել ու հավանության է արժանացել սովորական, աշխատանքային մթնոլորտում, հեռարձակվել է ուղիղ եթերով, որում կարծես թե համաձայնագրին կողմ քվեարկած պատգամավորների քունքին որևէ մեկը զենք չէր պահել, դեմ քվեարկած պատգամավորների հետ էլ քվեարկությունից հետո, բարեբախտաբար, ոչինչ չի պատահել: Այսինքն` սա տեղի է ունենում Հայաստանի ղեկավարության ու քաղաքական գործիչների կամքով և անմիջական մասնակցությամբ: Իսկ եթե նրանց նկատմամբ ռուսական կողմից գաղտնի սպառնալիքներ են հնչել, թող բարի լինեն՝ այդ մասին արտահայտվեն հրապարակավ, պաշտպանություն հայցեն հայ հասարակությունից: Բայց դա, բնականաբար, տեղի չի ունենա, քանի որ նրանք իրենց հաշվետու են համարում ոչ թե՝ հայ հասարակության, այլ՝ ռուսական էսթեբլիշմենթի առաջ: Ուստի, եթե անգամ նրանց որևէ մեկը չսպառնա, նրանք կանեն ռուսներին անհրաժեշտ ցանկացած քայլ բնազդաբար` ներքին վախից ու ծառայամտությունից ելնելով:
Բայց շատ ավելի վտանգավոր է, որ այդ համաձայնագրի ընդունումը ռուսների կողմից ներկայացվել է՝ որպես պայման` Հայաստանին զենքի մատակարարման դիմաց: Հայաստանին Ռուսաստանն այդ զենքը չի նվիրում, տրամադրում է վարկով: Այո, տրամադրում է էականորեն ավելի էժան, քան այլ երկրներին: Սակայն դա էլ պայմանավորված է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ: Այսինքն` Հայաստանին զենքի մատակարարումը ֆորմալ, միջպետական հարաբերությունների մակարդակի խնդիր է, որը Ռուսաստանը չի լուծում:
Հետևաբար, եթե ինչ-որ բան պահանջելու հարց կա, ապա նման իրավունք ունի միայն Հայաստանի իշխանությունը` Ռուսաստանից պահանջել կատարել միջպետական պարտավորությունը` ոչ թե սպառնալով, այլ՝ տեղեկացնելով, որ չկատարելու դեպքում Հայաստանն էլ կդիմի համապատասխան` ֆորմալ ընթացակարգերի, ընդհուպ՝ քննարկելով այն կազմակերպություններում անդամակցության նպատակահարմարության հարցը, որին անդամակցելուց բխող պարտավորություններն անդամներից մեկը չի կատարում:
Հակառակ դեպքում, սա կարող է դառնալ նախադեպ` զենքի մատակարարման դիմաց ամեն անգամ Հայաստանից ինչ-որ նոր բան պոկելու համար: 200 միլիոն դոլար վարկով նախատեսված զենքը վերջանալու է, հատկապես, որ Ռուսաստանը շարունակում է պարտաճանաչորեն զենք վաճառել Ադրբեջանին` զուգահեռաբար անելով քաղաքական այնպիսի քայլեր, որպեսզի առաջիկայում այդ զենքը կրկին կրակի: Իսկ դա նշանակում է, որ սպառազինության յուրաքանչյուր խմբաքանակ Ռուսաստանից գնելու դիմաց Հայաստանը ստիպված է լինելու կատարել ռուսական կողմի որևէ նոր քմահաճույք` Հայաստանի շահերը ոտնահարող որևէ նոր համաձայնագրի ընդունմամբ կամ այլ դրսևորումներով:
Բացառված չէ նաև, որ ռուսները սպառնացել են, որ այդ համաձայնագիրը չընդունելու դեպքում ոչ միայն՝ չեն մատակարարի 200 միլիոն դոլար վարկով նախատեսված զենքը, այլ՝ հերթական անգամ Ադրբեջանի միջոցով կհիշեցնեն Հայաստանում սպառազինությունների պակասի մասին: Այդ դեպքում, առավել ևս, Հայաստանի իշխանությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի և Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցի այնպես, ինչպես հարաբերվում են պատերազմով սպառնացող երկրների հետ:
ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագիրն ԱԺ-ում քննարկվելու է առաջիկա օրերին: Պատգամավորները հնարավորություն ունեն դեմ քվեարկելով՝ ցույց տալ, որ չեն պատրաստվում զենքի մատակարարման համար դակել Հայաստանը ստրկացնող հերթական փաստաթուղթը:
Հակառակ դեպքում` այդ համաձայնագրի հետ մեկտեղ՝ կարող են ընդունել նաև մի ցանկ, որում նշված կլինի, թե էլ ինչ են պատրաստ զիջել ռուսներին: Այդ ցանկում կարող է ներառվել նաև Ազգային ժողովի շենքը` հարակից այգով: