Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման փոփոխված տարբերակը պատրաստ է
Ամռանը կմեկնարկեն շինարարական աշխատանքները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր կազմակերպությունը՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ն, մայիսի 17-ին հրապարակել է Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) փոփոխված տարբերակը:
Նշենք, որ ԲՍԱԳ-ը միջազգային չափանիշներին համապատասխան վերանայվել և վերախմբագրվել է լրացուցիչ հետազոտությունների հիման վրա՝ անցյալ տարի իրականացված ծրագրի ինժեներական փոփոխություններին համապատասխան: Փաստաթուղթը պատրաստվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշների և պահանջների համապատասխան:
Մոտ 2 հազար էջից բաղկացած այս գիտական հետազոտության վրա աշխատել են միջազգային անկախ փորձագիտական մի շարք ընկերություններ, ինչպիսիք են Wardell Armstrong International, Golder Associates, TEC, ERM և այլն: «Գեոթիմի» Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲՍԱԳ-ը ծրագրի հնարավոր ազդեցությունները գնահատում է միջազգային չափանիշների տեսանկյունից:
«Հաշվի ենք առել համաշխարհային հանքարդյունաբերության մեջ ոլորտում գործող լավագույն միջազգային փորձը: Սա ՀՀ-ում այս պահի դրությամբ նախադեպը չունեցող հաշվետվություն է: Այս հաշվետվության վրա աշխատել են երևի ամենաանվանի խորհրդատվական ընկերություններն աշխարհում: ԲՍԱԳ հաշվետվությունը ոչ միայն գիտական աշխատանքների կոմպլեքս հաշվետվություն է, այլ նաև հանրության հետ անընդհատ աշխատանքի, կարծիքների, մտահոգությունների, դիտողությունների վերաբերյալ կատարված մեր արձագանքներն են. արձագանքները եղել են և՛ բանավոր, և՛ եղել են գիտական հետազոտությունների տեսքով: Այդ ամենն ամփոփվել է այս հաշվետվության մեջ»,- նշեց Ա. Ստեփանյանը:
Wardell Armstrong International ընկերության տարածաշրջանային տնօրեն Դեյվիդ Բրիգնալը լրագրողների հետ զրույցում համեմատականներ անցկացնելով այլ հանքերի հետ՝ նշեց, որ Ամուլսարի տարբերությունն այն է, որ սա նոր հանքավայր է, իսկ շատ հանքավայրեր այսօր աշխարհում հին են. «Մինչ տեխնոլոգիաները և բնապահպանական ազդեցության նվազեցման մեթոդները զարգանում են, այդ հանքերը, որոնք արդեն գործում են, փորձում են ընթացքում ինչ-որ բաներ փոխել, իսկ սա նոր հանքավայր է, և տարբերությունն այն է, որ հենց սկզբից Ամուլսարը նախագծվում է այնպես, որ ներառում է միջազգային բոլոր ժամանակակից չափանիշներն ու բնապահպանական ազդեցությունների նվազեցման մեթոդները»:
Խոսելով այն մասին, թե ռիսկերի կառավարման տեսանկյունից ծրագիրն ինչպիսին է, Դ. Բրիգնալն ասաց, որ ԲՍԱԳ-ի հիմնական նպատակն էլ հենց այն է, որ բացահայտեն հնարավոր ռիսկերը և գտնեն այդ ռիսկերը կառավարելու, գնահատելու և հետագայում մեղմացնելու միջոցառումներ. «Դա հնարավոր է անել հենց սկզբից, որովհետև հանքը նոր է նախագծվում, և, իհարկե, շատ ռիսկեր մենք կանխատեսում ենք, և ընկերության խնդիրներից մեկն է՝ հենց սկզբից գտնել այդ ռիսկերը, բացահայտել և հնարավոր լավագույն միջոցառումները նախագծել՝ ռիսկերը նվազեցնելու, հնարավորինս ցածր մակարդակի հասցնելու կամ, եթե հնարավոր է, ընդհանրապես չեզոքացնելու համար»: Ա. Ստեփանյանը հավելեց, որ այս փուլում կա փոփոխված նախագիծ, դրական փորձաքննական եզրակացություն Բնապահպանության նախարարության կողմից, և իրենք պատրաստ են սկսել շինարարական աշխատանքները:
«Վերջերս հաստատվեց նաև ծրագրի միջազգային ֆինանսավորումը: Շինարարության ընթացքում կստեղծվեն մոտ 1300 աշխատատեղեր, որից հետո կանցնենք արդեն շահագործման փուլ, կունենանք մոտ 657 աշխատատեղ, և այս պահի դրությամբ ոսկու շուկայական գները հաշվի առնելով՝ շահագործման ընթացքում մոտ 480 ԱՄՆ դոլար մենակ հարկերի տեսքով կգնա բյուջե»: Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված «Լիդիան ինթերնեյշնլի» դուստր ընկերությունն է: Հիմնադրվել է 2005թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է, վերջին 20 տարիների ընթացքում՝ առաջինը Հայաստանում: «Լիդիան ինթերնեյշնլի» բաժնետերերի շարքում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: