«Սա միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանն ամբողջությամբ ողջունում է Գերմանիայի Բունդեստագում երեկ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Ալավերդյանն ասաց, որ շատ մտահոգված է, որ Հայաստանում հայտարարություններ են լինում, որ դա ոչ թե Հայաստանի համար էր, այլ Թուրքիայի դեմ էր:

«Ես կտրականապես դեմ եմ. սա Թուրքիայի համար է, եթե մենք նայենք, թե ինչ է իրենից ներկայացնում այսպիսի փաստաթղթերի հրապարակվելը, սա միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է: Հստակեցնենք, որ աշխարհում կա այն խավը, որ նման գործընթացները համարում է հօգուտ աշխարհի:

Հարցին, թե այս փուլում նման քայլի գնալը թուրք-գերմանական կնճռոտ հարաբերություններով չե՞ք պայմանավորում, Լ. Ալավերդյանն այսպես պատասխանեց. Կնճռոտ հարցեր եղել են, կան և պետք է լինեն: Համարում եմ, որ Թուրքիայի ոչ պատշաճ կեցվածքը ոչ թե ազդել է պահի տակ, այլ նրա պահվածքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ում հետ եվրոպական պետությունները գործ ունեն: Գերմանիայի կողմից Հոլոքոստի ճանաչման և այս գործընթացի մեջ պետք չէ միայն շահեր փնտրել: Գործընթացն ունի արմատներ, ես համաձայն չեմ, որ հանկարծակի է եղել»:

Դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ Գերմանիան այս քայլին գնաց, որպեսզի հետո Հայաստանից միջազգային կառույցները կարողանան ինչ-որ բան պահանջել, հատկապես՝ Ղարաբաղի հարցում, Լ. Ալավերդյանը չհամաձայնեց՝ ասելով. «Եթե Հայաստանում կարողանան ճիշտ ձևով օգտագործել, ապա հակառակը՝ այսպիսի փաստաթուղթը կարող է օգնել և այն հարցում, որ ապացուցվեն այդ զուգահեռ նմանություններն ու համընկնություններն Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Այստեղ դա իրապես Հայաստանի կողմից է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս