Չուբարի հեղինակած Մխիթար Գոշի դիմաքանդակը տեղադրվեց Փաստաբանների պալատի շենքի բակում
Այսօր Փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի ունեցավ հայ մտածող-գիտնական, օրենսդիր Մխիթար Գոշի հուշարձան-հուշատախտակի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, պատգամավորներ, փաստաբաններ, դատավորներ և այլ հյուրեր:
Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակը հայտնի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանն է՝ Չուբարը (1923-2009):
Չուբարյանը հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի:
Ճարտարապետության և քանդակագործության համադրման աչքի ընկնող նմուշներից են նրա՝ ՀՀ Կառավարական 2-րդ տան և Հայաստանի արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի շենքի դեկորատիվ քանդակները (1950-ական թվականների սկիզբ), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի ճակատի թատերական դիմակները (1980թ.): Ուշագրավ է 1960-80-ական թվականներին Չուբարյանի ստեղծած պատմական դեմքերի քանդակաշարը՝ «Մովսես Խորենացի», «Ֆրիկ», «Անանիա Շիրակացի», «Թորոս Ռոսլին»: Նրա «Մեսրոպ Մաշտոց» (1960-80թթ.) և «Մխիթար Գոշ» (1967թ.) հուշարձանները, որոնք Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործական համալիրի մասն են կազմում, առանձնանում են ազգային և արդի ձևամտածողության ինքնատիպ համադրումով ու պլաստիկ ընդհանրացումներով:
Չուբարյանը ստեղծել է նաև Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքը (1994թ.) և Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը (1999թ., պետք է տեղադրվեր Էջմիածնի Մայր տաճարի տարածքում): Նրա աշխատանքներից են նաև Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնի ճակատի թատերական դիմակները (1980թ.):
Հուշարձանը Հայաստանի Փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը: