«Սեքյուրիթի Դրիմի» ակտերն աբսուրդի ժանրից են
Երևանում ամեն քայլափոխի տեղադրված ու անընդհատ ավելացող տեսախցիկներին հետևում են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները, հիմնականում` անփորձ պատանիներ ու աղջիկներ: Նրանց առջև, կարծես, խնդիր է դրված՝ ամեն գնով լցնել բյուջեն: Եվ էական չէ, թե ինչ, ում, ինչպես, ինչի համար կտուգանեն: Կարևորը գումար բերելն է: Չէ՞ որ ստացված միլիոնների 70%-ն ընկերության բյուջե է գնում:
Անկախ նրանց մասնագիտական ունակություններից ու հմտություններից, պարզ է մի բան` այդ երիտասարդներին այնքան են ճնշում, որ նրանք տուգանք են արձանագրում ցանկացած մեքենայի, որ մի քիչ «ծուռ» կերթևեկի կամ կանգնած կլինի: Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ այս ընկերության աշխատակիցները տուգանում են անգամ վթարի պատճառով փողոցի մեջտեղում հայտնված ավտոմեքենաներին: Միայն վերջին մոտ 1 ամսում նման առնվազն երկու դեպք է եղել: Դրանցից մեկը Քոչար-Վաղարշյան խաչմերուկում էր, երբ ապրիլի 30-ին վթարի մեջ էր հայտնվել Լևոն Հարությունյանին պատկանող Vokswagen ավտոմեքենան:
Ինչպես կարգն է` վթարի պատճառով դեպքի վայր են եկել և՛ ԱՊՊԱ-ն, և՛ ՃՈ քննիչները, և այլն: Ավելին` «Սեքյուրիթի Դրիմի» ներկայացուցիչներն էլ Facebook սոցիալական ցանցում գրառում էին արել, օգնություն առաջարկել, որ Լևոնի մեքենային հարվածելու տեսագրությունն առանձնացնեն ու տրամադրեն ՃՈ հետաքննիչներին: Իսկ մայիսի 17-ին Լևոնը ստացել է 5000 դրամի չափով տուգանման ակտ, որ իբր կանգ է առել խաչմերուկի հատվածում` կանգառն արգելված վայրում: Այս «խախտումն» արձանագրել է ՃՈ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչ Նվեր Կարապետյանը:
Մեկ այլ դեպքում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները որոշել էին նույն կերպ տուգանել Տերյան-Պուշկին խաչմերուկի հատվածում ապրիլի 25-ին վթարի մեջ հայտնված DAIHATSU մակնիշի մեքենայի վարորդին: ՃՈ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի ավագ տեսուչ Աշոտ Մանուկյանը «պարզել» էր, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը «խախտել է կանգառ կատարելու կանոնները, որի համար նախատեսվում է տուգանք 5000 դրամի չափով»:
Թե ինչպե՞ս պետք է դժբախտության մեջ հայտնված վարորդները խուսափեին տուգանքից, կամ ի՞նչ կարող էին անել ստեղծված իրավիճակում, «Սեքյուրիթի Դրիմի» «բարեխիղճ» օպերատորներին չի հետաքրքրում: Տեսել են մեքենաները՝ կանգնած խաչմերուկներում, տուգանել են: Եվ վերջ:
Նման և այլ կարգի աբսուրդային իրավիճակներում հայտնված վարորդներից քչերն են հետևողականորեն պաշտպանում իրենց իրավունքներն ու բողոքարկում տուգանքի արձանագրությունները դատարանում: Շատերը գլխացավանքից ազատվելու համար գերադասում են վճարել այդ 5000 դրամը: Իսկ սխալ արձանագրություններ կազմած օպերատորները շարունակում են աշխատել և ծուղակներ լարել վարորդների համար: