Հայ մասնագետների ստեղծած լազերային սարքը կարող է կուրացնել հակառակորդի դիպուկահարին

Հայաստանի Զինված ուժերի փոխգնդապետ Արամ Սայադյանը «Հայոց աշխարհ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել հայ մասնագետների ստեղծած լազերային կուրացնող սարքի վերաբերյալ:

Արամ Սայադյանը մասնավորապես ասել է, որ այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար.

«Լազերային կուրացման սարքը նախագծվել և ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից: Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են և օգտագործվում են հակընդդեմ: Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաև օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարևորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է: Սարքի առավելությունն այն է, որ մինչև դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի:

Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաև հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը: Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է»,-ասել է նա:

Ըստ Ա. Սայադյանի՝ սարքի ճառագայթի հզորությունը բավարար է, որպեսզի ամբողջովին այրի նշանոցի մեջ եղած այն դետալները, որոնց օգնությամբ դիպուկահարը կարգավորում է կրակոցը: «Օպտիկան ոչնչացնելու ժամանակ լազերային ճառագայթը կարող է հարվածել նաև հակառակորդի աչքին՝ ընդհուպ մինչև տեսողության ամբողջական կորուստ պատճառել:

Բայց ամենակարևորը, որ սարքը դիպուկահարին բացահայտում է մինչև նրա աշխատանքը: Դիպուկահարների դեմ պայքարի շատ սարքավորումներ կան աշխարհում, որոնք բացահայտում են դիպուկահարին նրա կատարած գործողությունից հետո: Այսինքն՝ կրակոցի ձայնը տարբեր սարքավորումների միջոցով ուղորոշումների ենթարկելով տարբեր տեղերից, այդ ուղղությունների հատման կետում ստանում են կրակոցն արձակելու վայրը:

…Եթե հակառակորդը բացահայտի մեր սարքը, որը տեղադրված է առաջնագծում ու կատարում է իր մարտական խնդիրը, ապա կրակային խոցման դեպքում սարքը օգտագործող անձնակազմին, օպերատորին չի վնասի, որովհետև նա իր ամբողջ հասակով խրամատի ներսում է գտնվում, իսկ սարքը իր միջոցներով դուրս է նայում: Եթե խփեն՝ խփելու են սարքին, իսկ օպերատորը չի վնասվի»,-ներկայացրել է փոխգնդապետը:

Հարցին, թե ինչպե՞ս է սարքը ոչնչացնում հակառակորդի էլեկտրոնային տեսախցիկներն ու ջերմազգայուն սարքերը, Ա. Սայադյանը պատասխանել է.
«Ցանկացած տեսախցիկ, ջերմատեսիլ սարք իր օպտիկական լինզաների հետևում ունի հատուկ մատրիցա, որից գալիս է անդրադարձում: Դա բավական է այդ սարքերը հայտնաբերելու համար: Մեր սարքը այդ մատրիցան ամբողջությամբ այրում է, ու այն վերականգնել հնարավոր չէ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս