Որքանով կնվազի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «պադավատների» թիվը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից 41 ավտոմեքենա կկրճատվի: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, որպեսզի աշխատանքների համար խոչընդոտներ չստեղծվեն: Հարցին` եթե խոչընդոտներ չէին ստեղծվելու, այդ ինչո՞ւ են մեքենաներն այդքան ժամանակ պահվել, նախարարը պատասխանեց, որ ցանկացած ժամանակահատվածի համար որոշումներ կայացնելիս ելնում են տվյալ իրավիճակի խնդիրներից, առաջնահերթություններից և լուծման կարևորությունից.
«Այս համատեքստում, կարծում եմ, որ որոշումները ճիշտ են»:
Դիտարկմանը, որ պաշտոնյաներ կան, որոնք հեծանվով են աշխատանքի գնում, նախարարն արձագանքեց՝ իր կարծիքով, ժամանակի ընթացքում խնդիրներն այդպես էլ լուծվելու են:
«Ես կարծում եմ՝ բոլոր հանձնարարականները, որոնք տրվել են վարչապետի կողմից, մանրամասն քննարկվելուց հետո կընդունվեն արդյունավետ և օպտիմալ որոշումներ ու լուծումներ»,- ասաց նա՝ նշելով, որ կայացվելիք որոշումներն այնպիսին կլինեն, որ սոցիալական լարվածություն չեն առաջացնի:
Ինչ վերաբերում է աշխատատեղերի հետ կապված խնդիրներին, Արտեմ Ասատրյանը նշեց, որ պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրացվի.
«Բնականաբար, միշտ հարցադրումները ճիշտ ենք համարել, այդ թվում` ուղղված պետական կառավարման մարմինների աշխատանքի արտադրողականությանը:
Դա նշանակում է, որ կոմպլեքս լուծման դեպքում բոլոր խնդիրները համապարփակ կլուծվեն, և հարցեր չեն առաջանա»:
Ա. Ասատրյանն ասաց, որ կրճատումների կոնկրետ թիվ չեն կարող հիմա նշել, քանի որ աշխատանքային խումբ է ստեղծվում, որը մանրամասն վերլուծություններ, ուսումնասիրություններ կանի և առաջարկներ կներկայացնի: