Թուրքիայի նախագահը վավերացրել է ԵՄ-ի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է ԵՄ-ի հետ ստորագրված ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որը հարկավոր է Շենգենյան գոտու վիզաների չեղյալ հայտարարման համար: Այս մասին այսօր հայտնել է Էրդողանի գրասենյակը, տեղեկացնում է TASS-ը:
Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կառավարական պաշտոնաթերթում հրապարակվելու պահից:
Օրենքը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Թուրքիայի խորհրդարանի կողմից, նախատեսում է երկու կողմերին այն անձանց վերադարձը, որոնք անօրինական կերպով ապրում են ԵՄ-ի և Թուրքիայի տարածքում: Ստեղծվելու է նաև համատեղ կոմիտե՝ ռեադմիսիայի հետ կապված հարցերը լուծելու համար:
Տվյալ համաձայնագիրը պարտադիր պայման էր վիզային ռեժիմի չեղարկման համար: Վիզաներն առաջարկվում էր չեղյալ հայտարարել այս տարվա հուլիսի 1-ին՝ համաձայն մարտի 18-ին Թուրքիա-Եվրամիություն գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների: