Որտե՞ղ են ուզում մեզ «քցել»
Կամ՝ նոր գլխացավանք՝ միջին խավի համար
Հարկային օրենսգիրքը, որի կարևորությունն ու արժեքն ամեն առիթով շեշտում են թե՛ հայրենի իշխանությունները, թե՛ միջազգային կառույցները, դեռ չընդունված՝ արդեն քննադատության է արժանանում մասնագետների կողմից։
Խնդրահարույց դրույթները շատ են, սակայն ամենից բուռն կերպով քննարկվում է եկամտային հարկի թեման։ Մասնագետներն ասում են, որ Հարկային օրենսգիրքը (ՀՕ) ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը։
Այդպե՞ս է դա արդյոք։
Գործող օրենսդրությամբ սահմանված են եկամտային հարկի հետևյալ դրույքաչափերը.
Մինչև 120 000 դրամ՝ 24.4%, կամ 29 280 դրամ
120 001 – 2 000 000 դրամ՝ 29 280 դրամ՝ գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ը,
2 000 000 դրամից ավելի՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:
Հարկային օրենսգրքով (հոդված 150) սահմանվում են հետևյալ դրույքաչափերը.
Մինչև 120 000՝ ՀՀ դրամ 23%, 120 001 – 1 000 000 ՀՀ դրամ՝ 27 600 ՀՀ դրամ՝ գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28%-ը,
1 000 000-ից ավելի՝ 274 000 ՀՀ դրամ՝ գումարած 1 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 33%-ը:
Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, անգամ՝ հարկային բեռի թեթևացում կա։ Օրինակ՝ մինչև 120 հազար դրամ ստացողների եկամտային հարկը սահմանվում է 23% (գործող 24.4%-ի փոխարեն)։ Բարձր աշխատավարձի հարկման շեմը նույնպես նվազել է՝ 36%-ից իջել է 33%-ի։
Սակայն 2 տոկոսային կետով բարձրացել է 120 հազարից բարձր աշխատավարձի հարկման դրույքաչափը։ Իսկ ամենամեծ գաղտնիքը թաքնված է շեմի մեջ: Որպեսզի առավել պատկերավոր լինի, մենք պատրաստել ենք գծապապատկեր։
Ինչպես տեսնում եք, Հարկային օրենսգրքով առաջարկվում է մի կողմից՝ 120 հազարից բարձր ստացողների հարկումը 26%-ից դարձնել 28%, մյուս կողմից՝ շեմն իջեցնել մինչև 1 մլն դրամ։
Ու ստացվում է, որ 1 մլն-ից 2 մլն դրամն ընկած հատվածը հարկվում է ոչ թե՝ 26, ոչ էլ անգամ՝ 28, այլ՝ 33%-ով։ Պատկերավոր ասած, կառավարությունը 1 մլն դրամ աշխատավարձ տեղափոխում է հարկման շատ ավելի բարձ դաշտ։ Նկարում դա մգեցված հատվածն է։
Սրա արդյունքում՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները փոքր-ինչ շահում են՝ ամսական 1000-1700 դրամով քիչ եկամտահարկ են վճարում։
Իսկ 200 հազարից բարձր ստացողները, հակառակը՝ տուժում են, վճարում են ավելի շատ եկամտահարկ։
Կոնկրետ օրինակներ նշենք։
120 հազար դրամ աշխատավարձ ստացողն այսօր վճարում է 29 280 դրամ եկամտահարկ, ՀՕ-ի համաձայն՝ կվճարի 27 600 դրամ (1 680 դրամով քիչ)։
Ամսական 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներն այդ փոփոխությունը գրեթե չեն զգա՝ 50 080 դրամի փոխարեն կվճարեն 50 000 դրամ։
280 հազար դրամ աշխատավարձ ստացողը կվճարի ամսական 1520 դրամով ավելի շատ (72400 դրամ՝ ներկայիս 70880-ի փոխարեն)։
400 հազար ամսական աշխատավարձ ստացողների ամսական հարկային բեռը կավելանա 3920 դրամով, 600 հազար ստացողներինը՝ 7 900 դրամով, 1 միլիոն դրամ ստացողներինը՝ 15 900 դրամով։ Ամենից շատ տուժում են 2 միլիոնի սահմաններում աշխատավարձ ստացողները։
Նրանք այժմ վճարում են 518 080 դրամ, իսկ ՀԸ-ով պետք է վճարեն 604 հազար դրամ՝ մոտ 86 հազարով ավելի շատ (մյուս գծապատկերն առավել ակներև է ցույց տալիս, թե որքան է աճելու կամ նվազելու ամսական վճարվող եկամտային հարկը)։
Ամենաուշագրավն այն է, որ 4.9 մլն դրամ և ավելի ստացողների համար ՀՕ-ն ձեռնտու է. նրանք ավելի քիչ եկամտահարկ կմուծեն։ Ստացվում է՝ աննշան չափով օգտվում են ցածր վարձատրվողները, նորմալ օգտվում են գերբարձր աշխատավարձ ստացողները (խոշոր ընկերությունների թոփ մենեջմենթը)։
Ու հիմնական հարվածն ընկնում է միջին և միջինից բարձր աշխատավարձ ստացողների վրա։ Ավելի շատ տուժում են միջինից բարձր ստացողները՝ հիմնականում ՏՏ ոլորտի և ֆինանսական ոլորտի աշխատողները։
Ու դրա համար էլ սկիզբ առնող բողոքը կրկին հասունանում է հենց այս շրջանակներում։ Հենց սրանով է բացատրվում, որ շատերը Հարկային օրենսգրքի այս դրույթները համարում են հարված միջին խավին։
Նկատի ունենալով, որ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը մոտ 181 հազար դրամ է՝ ոմանք կասեն, թե խնդրի կարևորությունն ուռճացված է. Հայաստանում շատ քիչ թվով մարդիկ են գրանցված 300-400 հազար դրամ աշխատավարձ ստանում, իսկ 1 մլն և ավելի ստացողներն ընդհանրապես քիչ են։
Ճշգրիտ վիճակագրություն չկա, որպեսզի հասկանանք, թե աշխատավարձի տարբեր մակարդակների համար քանի աշխատող ունենք։ Սակայն մոտավոր թվեր կարելի է գտնել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2016-ի փետրվարի տվյալներով՝ ամենաբարձր աշխատավարձը ստանում են հետևյալ ոլորտներում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն (373555) դրամ, տեղեկատվություն և կապ (366323 դրամ), հանքարդյունաբերություն (342631 դրամ), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (259662 դրամ)։
Նույն վիճակագրության համաձայն՝ այս 4 ոլորտներում միասին աշխատում է մոտ 66900 մարդ։ Սրան գումարենք միջազգային կազմակերպություններում աշխատող մոտ 2000 հոգուն և մյուս ոլորտների խոշոր ընկերությունների ղեկավար անձնակազմին։
Կունենանք 70 հազար հոգի, որոնք ստանում են ամսական միջինից շատ ավելի բարձր աշխատավարձ։ Սա ամբողջ աշխատուժի 6,5%-ն է։ Ու եթե համարենք, որ ամսական 300 հազար դրամ ստացողը՝ իր ընտանիքի հետ միասին, միջին խավի ներկայացուցիչ է, ապա կստացվի, որ միջին խավը հենց այսքան է՝ 6-7 տոկոս։
Համաշխարհային բանկի գնահատականներով խնդրին նայելու դեպքում պատկերն ավելի տխուր է։ ՀԲ-ի կողմից վերջերս հրապարակված զեկույցի համաձայն՝ 1 շնչի հաշվով օրական 10 դոլարից ավելի սպառում ունեցողները կազմում են Հայաստանի բնակչության մոտ 3%-ը։ Այսինքն, այդ տեսանկյունից նայելու դեպքում՝ միջին խավի կշիռն ավելի փոքր է։
Ոմանք կասեն՝ արժե՞ այս մի քանի տոկոսի համար դժգոհել Հարկային օրենսգրքից։ Սակայն, մյուս կողմից, տնտեսությունը հիմնված է հենց այս մի քանի տոկոս բարձր որակավորված մասնագետների վրա։ Իսկ ՏՏ ոլորտի դերը, հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո, չափազանց կարևորվում է և միայն տնտեսական հարթությամբ չի սահմանափակվում։ Նշենք նաև, որ եկամտային հարկի բեռի ծանրացումը հղի է ստվերի մեծացման վտանգով։
Ամեն դեպքում, ՀՕ-ն դեռ չի ընդունվել և 2018 թվականից շուտ ուժի մեջ չի մտնի։ Այնպես որ, չի բացառվում, որ եկամտային հարկի դրույքաչափերն ու շեմը վերանայվեն։