Հարկային օրենսգիրք. Տնտեսության զարգացմանը նպաստո՞ղ, թե՞ խոչընդոտող
Դեռևս 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը: Եկամտային հարկին վերաբերող մասով նախագծով նախատեսվում էր (հոդված 149) սահմանել հարկի միասնական 20 % դրույքաչափ ներկայումս գործող եռաստիճան պրոգրես հարկման փոխարեն: Օրենսգրքի նախագծի հայեցակարգային փաստաթղթով ՀՀ կառավարությունը ըստ էության հայտարարում էր եկամտային հարկին վերաբերող հարկային քաղաքականության մասին: Նշված փաստաթղթով հիմնավորվում էր, որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ -ում աշխատավարձից հաշվարկվող հարկային բեռը համեմատաբար բարձր է: Այս հանգամանքը նկատելիորեն խոչընդոտում է ազգային տնտեսության մրցունակությանը և բացի այդ, խրախուսում է աշխատավարձի թերհայտարարագրումը: Նշվում էր նաև, որ եկամտային հարկի դրույքաչափի իջեցումը շատ կարևոր է, քանի որ այն կնպաստի՝
ա. ֆիզիկական անձանց տնօրինվող եկամուտների աճին, հետևաբար նաև՝ սպառման ընդլայնմանը,
բ. աղքատության կրճատմանը,
գ. զբաղվածության ընդլայնմանը,
դ. աշխատավարձերի իրական մեծությունների հայտարարագրմանը, քանի որ հարկ վճարողները աշխատավարձերի թերհայտարարագրման համար այլևս տնտեսական խթաններ չեն ունենա (ներկայումս աշխատավարձի և շահույթի հարկման դրույքաչափերի միջև առկա մեծ տարբերության պատճառով հարկ վճարողները հաճախ թերհայտարարագրում են աշխատավարձերը և փոխարենը ավելի մեծ չափով հարկվող շահույթ են հայտարարագրում):
Ընդ որում, նշվում էր, որ եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման առաջարկությունը կատարվել է տարբեր եկամտային խմբերում գտնվող անձանց թվաքանակի ու եկամուտների բաշխվածության, ինչպես նաև հարկային վարչարարության վրա դրա ազդեցության մանրամասն վերլուծության արդյունքների հիման վրա:
ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ին կայացած նիստին նույն կառավարությունը մեկ անգամ ևս հավանություն է տալիս ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին՝ սակայն եկամտային հարկի դրույքաչափերի մասով սկզբունքորեն այլ մոտեցմանը:
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր նախագծով պահպանվում է ներկայումս գործող եռաստիճան պրոգրեսիվ հարկման համակարգը՝ դրույքաչափերի փոփոխմամբ: Նոր նախագծի ընդունման հիմնավորման վերաբերյալ փաստաթղթով ՀՀ կառավարությունը առաջարկում է վերանայել եկամտային հարկի դրույքաչափերը՝ հարկման համակարգը դարձնելով իրապես պրոգրեսիվ: Այս առումով, եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը անհրաժեշտ է հարկման արդարացիության սկզբունքի, ինչպես նաև պետության վերաբաշխողական գործառույթի կատարելագործման տեսանկյունից, քանի որ դրանց կիրառությունը ենթադրում է, որ մինչև միջին աշխատավարձի մակարդակում գտնվող եկամուտների համար հարկային բեռն իջեցվում է, իսկ դրանից բարձր եկամուտների համար` բարձրացվում:
«Անհասկանալի է դառնում այս դեպքում նախագծի սկզբնական տարբերակի հիմնավորումները հարկային բեռի բարձր լինելու միջազգային փորձի ուսումնասիրությունների, ազգային տնտեսության մրցունակությանը խոչընդոտելու, աղքատության կրճատման, զբաղվածության ընդլայնման, աշխատավարձերի իրական մեծությունների հայտարարագրման վերաբերյալ հայտարարությունները: Ստացվում է, որ նախագծի լրամշակված տարբերակով կատարվում է ուղիղ հակառակը: Այսինքն, այնպես է արվում, որ նոր օրենսգիրքը խոչընդոտի ազգային տնտեսության մրցունակությանը, ուղղված լինի աղքատության ավելացմանը, նպաստի աշխատավարձերի իրական մեծությունների չհայտարարագրմանը»,- ասաց Փ.Թադևոսյանը:
ՀԿ նախագահի մյուս նկատառումը վերաբերում է նրան, որ դրույքաչափերի նոր փոփոխությունը ենթադրում է միջին աշխատավարձի մասով հարկային բեռի իջեցում, սակայն պաշտոնական վիճակագրությունն այլ բան է ասում. «2016 թվականի փետրվար ամսվա համար միջին ամսական աշխատավարձը կազմել է 181415 դրամ: Ընդ որում՝ պետական հատվածում նույն ամսին այն կազմել է 159323 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 212308 դրամ: Թե´ պետական և թե´ ոչ պետական հատվածում նախագծով առաջարկվող դրույքաչափերի դեպքում միջին աշխատավարձի մասով հարկային բեռի նվազում տեղի չի ունենում, ճիշտ հակառակը՝ հարկային բեռն ավելանում է»:
Տես հաշվարկը՝
Դրույքաչափ | Միջին ամսական աշխատավարձ, դրամ | Հարկի գումար | |
Գործող օրենքով | 24.4 և 26 | 181415 | 45248 |
Նախագծով | 23 և 28 | 181415 | 46476 |
Փ.Թադևոսյանի դիտարկմամբ՝ հաշվի առնելով նաև միջին աշխատավարձերի ավելացման դինամիկան, պարզ է դառնում, որ հարկային բեռը հարաբերականորեն ավելանում է միջին աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ: