«Ինչո՞ւ պետք է մենք նպաստենք Թուրքիայի տնտեսությանը, ո՞ւր են գնում թուրքական ապրանքների գումարները». Թևան Պողոսյան
«Մինչև ուսումնասիրությունները չլինեն, շատ դժվար է խոսել՝ տնտեսական ինչ խնդիրներ կարող են լինել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով Թուրքիայից Հայաստան եկող ապրանքերի ներմուծումն արգելելու նախաձեռնության մասին:
Հիշեցնենք, որ օրերս ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջարկեց արգելել Թուրքիայից Հայաստան ներմուծել ապրանքներ, հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա: Նա իր առաջարկը հիմնավորում է՝ Ադրբեջանին պատերազմի հրահրելու Թուրքիայի գործելակերպով, ինչպես նաև՝ հայ հասարակությանը սննդի միջոցով և այլ ձևերով սպառնացող վտանգով: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ այդ հարցն արդիական է դարձել հանրության շրջանում, կա վարչապետի հանձնարարականը, և Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություններ:
Ըստ Թ. Պողոսյանի՝ քաղաքական առումով դա յուրահատուկ մեսիջ է, թե ովքեր են թշնամիները. «Կարելի է հասկանալ, որ միգուցե պետք չէ՝ մեր թշնամիների տնտեսությանը մենք նպաստենք, իսկ ինչո՞ւ պետք է մենք նպաստենք նրանց տնտեսությանը, ո՞ւր են գնում թուրքական ապրանքների գումարները: Դրանք հետո կարող է զենք դառնան և մեր դեմ օգտագործվեն»:
Թ. Պողոսյանն ուրախ է, որ այդ գաղափարը բարձրաձայնվում է, բայց թե քննարկումների արդյունքում ինչի՞ կհանգեն, ըստ նրա՝ չեն կարող դեռ ասել. «Բայց առնվազն այն պետք է հաշվի առնենք, որ այնպես չանենք, որ մեր թշնամիները կարողանան մեզնից օգտվել»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ կարծում է՝ անկախ նրանից՝ դրանք Թուրքիայի՞ց են ներմուծվում, թե՞ որտեղից, բոլոր այն ապրանքատեսակները, որ հնարավոր է արտադրել Հայաստանում, պետք է բացառել արտերկրից ներմուծումը, որպեսզի զարկ տանք տեղական արտադրությանը:
«Իսկ ինչ վերաբերում է զուտ թուրքական ապրանքներին, եթե Թուրքիան շարունակի տևական հակահայկական քաղաքականությունը և գործի դնի իր այն սպառնալիքները, որ Թուրքիայում 100 հազար ՀՀ քաղաքացիներ են ապրում, որոնց նա կարող է արտաքսել, այսինքն՝ ինքը կոնկրետ քայլեր ձեռնարկի, ապա մեր պատասխանը կլինի այդ դեպքում թուրքական բոլոր տեսակի ապրանքների արգելումը: Իսկ հիմա կարծում եմ, որ ճիշտ չենք անի՝ արգելենք այն ապրանքները, որոնց արտադրությունը մենք չունենք, և տնտեսական տեսանկյունից՝ ճշմարիտ է ներմուծել դրանք Թուրքիայից, և ոչ՝ այլ տեղից»,- նշեց Շ. Թորոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: