Մարգո Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Մարգարիտ Գրիգորի Մուրադյանը` հանրության և թատերաշխարհի սիրելի Մարգո Մուրադյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Մարգարիտ Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 1-ին`ժամը 18:00-20:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 2-ին` ժամը 12:00-14:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիռհական թատրոնում (հասցե` Գ. Լուսավորչի 6): Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Մարգո Մուրադյանը ծնվել է 1927 թվականին Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1945 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո` 1945 թվականին աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Իր բնատուր տաղանդի և հրաշալի բեմական արտաքինի շնորհիվ Մարգո Մուրադյանը մշտապես կերտել է քնարական հերոսուհիների կերպարներ` տարիների ընթացքում դառնալով հայ բեմի նշանավոր արվեստագետներից մեկը: Նա քնարական հուզական կերպարներ մարմնավորելու բարձրարվեստ վարպետ էր և ժամանակի ընթացքում համալրեց ակադեմիական թատրոնի այնպիսի փառահեղ դերասանների շարքերը, ինչպիսիք էին` Գուրգեն Ջանիբեկյանը, Էդգար Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը և շատ ուրիշներ:

Նա իր կերտած հրաշալի կերպարներով հանդիսատեսի մեջ սերմանել է սեր, ազնվություն, բարություն ու նվիրում: Մ. Մուրադյանը ոչ թե խաղացել, այլ` ապրել է բեմում, ապրեցնելով նաև իրենով հմայված հանդիսատեսին: Նրա ստեղծագործական վերելքը շարունակվել է անընդմեջ և տարիքի առաջանալուն զուգընթաց շատ սահուն անցում է կատարել ավելի հասուն տարիքի դերերի` միշտ մնալով բեմական, հմայիչ ու առինքնող: Նրա մարմնավորած կերպարները իրենց ուրույն տեղն են գր ավել հայ թատրոնի հարուստ ու բազմաբովանդակ պատմության մեջ. Անյա` «Բալենու այգի», Դեզդեմոնա` «Օթելլո», Օֆելյա` «Համլետ», Կորդելիա` «Լիր արքա», Շուշանիկ` «Քաոս», Սուսան` «Նամուս», Մարթա` «Ծառերը կանգնած են մեռնում», Նունիկ` «Իմ տունը` քո տունը չէ», Մարգո` «Իրարանցում», Սոֆիա Ալեքսանդրովնա` «Արբատի զավակները», Շողեր`«Նույն հարկի տակ», Մերի`«Բրոուդի ամրոցը», Ագլայա`«Ապուշը»:

Մարգո Մուրադյանը քնարա-դրամատիկական շնչի դերասանուհի էր: Վերը նշված և չնշված բազմաթիվ կերպավորումներ ի հայտ են բերել դերասանուհու ոչ միայն քնքուշ, քնարական ներաշխարհը, մարդկային արժանապատիվ, ազնվաբարո և հուզական նկարագիրը, այլև մտածող ու խոհական մարդու ազգային կենսահաստատ փիլիսոփայության կրողին: Հրաշալի էր 1998 թվականին բեմադրված Ալդո Նիկոլայի «Վերադարձ Սորենտո» ներկայացման մեջ նրա մարմնավորած Նինուչայի կերպարը` իր բարությամբ, հուզականությամբ, հոգու ջերմությամբ և կյանքի նկատմամբ ունեցած երիտասարդական, գրեթե պատանեկան սիրով:

Մարգո Մուրադյանը անսահման բարի, զուսպ, հավասարակշռված և խաղաղասեր մարդ էր, անդավաճան` թատրոնին, ընկերներին ու ընտանիքին: Նրա ընտանիքը նույնքան գեղեցիկ էր ու սիրելի` նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գլխավորությամբ:

Մարգո Մուրադյանի ծառայությունները հայ թատրոնին աննկատ չեն մնացել: Նա բազմիցս պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով. 1956 թվականին Մոսկվայում կայացած Հայաստանի արվեստի տասնօրյակին մասնակցելու համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, հետագայում` ՀՀ գերագույն խորհրդի պատվոգրով: Դրամատիկական թատրոնների համամիութենական փառատոնում արժանացել է դափնեկրի դիպլոմի, մի շարք անգամներ ընտրվել է շրջանային, քաղաքային խորհուրդների պատգամավոր: 2002 թվականին արժանացել է ՀԹԳՄ ամենամյա «Արտա վազդ» մրցանակի, 2007 թվականին ծննդյան 80 ամյակի կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2013 թվականին` ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի:

1961 թվականին անվանի դերասանուհուն շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1978 թվականին` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներ:

Տեսանյութեր

Լրահոս