«Թատրոնի մասին օրենքի բացակայությունը խնդիրներ է ստեղծում». Հակոբ Ղազանչյան
Այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարը, որը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով վերջին երկու տարիների ընթացքում կյանքից հեռացած թատերական գործիչների, ինչպես նաև ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված պատերազմի արդյունքում հայկական կողմի ունեցած զոհերի հիշատակումով: Համագումարի ընթացքում չորս տարի ժամկետով կրկին նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը: Համագումարից առաջ պարոն Ղազանչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց.
«Սա մեր հերթական համագումարն է, որ շատ կոնկրետ օրակարգ ունի՝ հաշվետվությամբ և դրան հաջորդող ելույթներով: Անցյալ տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, որից ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային կոնգրեսի երևանյան անցկացումը, որը մենք բառացիորեն փախցրեցինք Ադրբեջանից, որովհետև վաղուց արդեն հաստատված էր, որ այդ երկրում է լինելու: Օրեր շարունակ Երևանը դարձավ աշխարհի թատերական կենտրոնի մայրաքաղաք, էլ չեմ ասում, որ այն նաև մեծ քաղաքական նշանակություն ունեցավ, որովհետև նախորդում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին»:
Ոլորտի չլուծված խնդիրները, ըստ Հակոբ Ղազանչյանի, շատ են, որից ամենաէականը Թատերական գործիչների միությունում լուրջ ֆինանսատնտեսական բազա ստեղծելու անհրաժեշտությունն է, որպեսզի միությունն անկախանա և ի վիճակի լինի գոնե իր առջև ծառացած մինիմալ ֆինանսական խնդիրներն ինքնուրույն լուծելու:
«Դրա համար մեծ կարիք ունենք թատրոնի մասին օրենքի ստեղծման, որի բացակայությունը մենք անընդհատ զգում ենք՝ թե´ ֆինանսական, թե´ ադմինիստրատիվ խնդիրներին բախվելիս: Թատրոնի մասին օրենքի բացակայությունը խնդիրներ է ստեղծում և դրա վառ օրինակներից մեկն էլ Պետական կամերային երաժշտական թատրոնում սկիզբ առած վեճն էր, որտեղ օրենքի բացակայության պայմաններում հստակ չէր, թե ով ինչ պարտականությունների և իրավունքների համար է պայքարում»,- նշեց Հ. Ղազանչյանը:
Իր ելույթի ընթացում Հ. Ղազանչյանն անդրադարձավ վերջին երկու տարիների ընթացքում թատերական գործիչների միության ձեռքբերումներին՝ չմոռանալով նշել նաև թերացումները.
«Ես ընդունում եմ, որ մենք թերացումներ ունենք մարզային թատրոնների հարցում, դրանք մի տեսակ անտեսված վիճակում են հայտնվել: Ես շատ եմ ափսոսում նաև, որ ինչ-ինչ պատճառներով դադարեց գործել Գյումրիում կազմակերպվող «Դուետ» փառատոնը: Օգտագործելով այս առիթը՝ ես ուզում եմ դիմել Գյումրու քաղաքապետին, որպեսզի արվի ամեն բան՝ վերականգնելու այդ գեղեցիկ փառատոնը: Ամեն դեպքում՝ Թատերական գործիչների միության սուղ միջոցներով էլ մենք փորձում ենք անել հնարավորը՝ հավասար չափով ուշադրություն հատկացնելու և զարգացնելու համար թատերական ոլորտը»:
Իր ելույթում Ղազանչյանը չմոռացավ նաև տարվա հոբելյարներին. «Ես համոզված եմ, որ մենք կանենք հնարավոր ամեն բան, որոպեսզի ըստ պատշաճի նշվի և հարգանքի տուրք մատուցվի մեր կենդանի լեգենդներին, որոնք այս տարի հինգն են ՝ լրանում է Նիկոլայ Ծատուրյանի, Արմեն Խանդիկյանի, Վահե Շահվերդյանի, Հրաչյա Գասպարյանի 70-ամյակները, ինչպես նաև՝ Ալեքսանդր Գրիգորյանի 80-ամյակը: Սա լեգենդար մի սերունդ է, որի մատուցած ծառայությունը մեր երկրի թատերական կյանքում ոչ միայն՝ անգնահատելի, այլ նաև՝ անուրանալի է»:
Այսպիսով՝ Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը` ներկայացնելով անցած 2 տարվա գործունեությունը, ֆինանսական գործունեության մասին զեկուցով հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Կարո Շահբազյանը, ելույթ ունեցան Ալ. Շիրվանզադեի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Նույն համագումարի ընթացքում ընտրվեց նաև վարչության կազմը, որը բաղկացած կլինի 41 հոգուց: Թատերական գործիչների միության նոր աշխատակազմը կորոշվի օրերս կայանալիք վարչության նիստում:
Նշենք, որ առաջին անգամ Հ. Ղազանչյանը ԹԳՄ նախագահ ընտրվել է 2007թ.-ին: Թատերական գործիչների միությունն այս պահի դրությամբ ունի 646 անդամ: