«Եթե սա սկիզբ չէ, ուղղակի հասարակության զայրույթը փոքր-ինչ մեղմելու քայլ է, ապա դրանից ոչինչ չի շահելու ոչ իշխանությունը, ոչ, առավելևս, հասարակությունը»

Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին և այլ բարձրաստիճան զինվորականների: Վերջին շրջանում տարբեր քննադատություններ էին հնչում ՊՆ ղեկավարության հասցեին, որին հաջորդեց բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունը. արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանություններին հասավ հասարակության վրդովմունքը, և նրանք էլ համակարծիք են, որ թերացումներ եղել են: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանից:

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պաշտոնյաների զբաղեցրած պաշտոններն ուղղակիորեն կապվում են հնչող քննադատությունների ու անպատասխան թողնված հարցերի հետ.

«Ինչո՞ւ բանակը տեղյակ չէր լայնածավալ հարձակման մասին, և ինչո՞ւ սպառազինությունների մատակարարման և այլ խնդիրներ առաջացան առաջին գծում: Կարծում եմ՝ հենց այս կոնտեքստում է տեղավորվում բացատրությունը: Ես համակարծիք եմ շատերի հետ, որ սա նվազագույն քայլ է, որ սրանով դեռևս բանակի մարտունակության, խնդիրների կամ կոռուպցիայի վերացման չես հասնի, ու նաև կարծում եմ, որ հասարակությանը, այնուամենայնիվ, պիտի ներկայացվեն այն խնդիրները, որոնք իրենք՝ իշխանություններն են նկատել, որովհետև մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց որևէ հիմնավորում չկա՝ ինչո՞ւ այս պահին, ինչո՞ւ այդ մարդիկ»:

Մեր զրուցակիցը վստահ է՝ որպեսզի մարդիկ լիարժեք հույսեր կապեն, որ դրական միտումներ են նկատվում՝ բանակի առողջացման և կառավարման, իշխանությունները պետք է բացատրություն տան. «Ու կարծում եմ՝ այլ մարդիկ նույնպես կան, որոնք պատասխանատու էին քառօրյա պատերազմի ժամանակ մեր մեծ թվով զոհերի համար»:

Կարդացեք նաև

Ս. Սաֆարյանը նաև ընդգծեց, որ բարեփոխումներն ուշացած են.

«Դա այնքան շուտ պետք է լիներ, նույնիսկ տարեթիվը չեմ կարող ասել, թե որքան շուտ. դա պետք է լիներ հենց բանակի ու պետության ստեղծման առաջին պահից: Բայց ես ուզում եմ հատկապես մեկ կետի վրա կանգ առնել. 2012թ. աշնանը Սերժ Սարգսյանը սկսեց աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել ՊՆ-ում, ու հատկապես խոսել բանակում կոռուպցիայի, կրոնական մեխանիզմի և այլնի մասին: Իհարկե, այդ նույն շրջանում գոմեշի մսի և այլ խնդիրներ էին բարձրացվել, բայց համենայնդեպս, եթե Սերժ Սարգսյանն այդ խնդիրներին ավելի պատշաճ լուծումներ տված լիներ թեկուզ 2012թ., մենք, իհարկե, մի փոքր այլ վիճակում կլինեինք, և, իհարկե, այսպես ափսոսանք չէինք ունենա, որ ապրիլյան պատերազմն ինչ-որ տեղ հանկարծահաս էր, անսպասելի, նաև՝ ինչ-որ տեղ՝ անպատրաստ»:

Հարցին՝ այսինքն՝ խնդիրը ոչ այնքան նրա մեջ է, որ 80-ականների զենքով ենք կռվում, այլ՝ պատասխանատու պաշտոնյաների անպատրաստ լինելո՞ւ, նա պատասխանեց.

«Կառավարման համակարգը վերին աստիճանի կարևոր է: Եթե այդ մարդիկ իրենց տեղում լինեին և իրենց գործառույթները պատշաճ իրականացրած լինեին, ապա մենք հաստատապես այլ վիճակում կլինեինք»:

Փորձագետը նշեց՝ ուզում է հավատալ, որ սա սկիզբն է.

«Եթե սա սկիզբ չէ, ուղղակի հասարակության զայրույթը փոքր-ինչ մեղմելու քայլ է, ապա, կներեք, դրանից ոչինչ չի շահելու հենց իշխանությունը, որովհետև ոչ միայն ազգովի կարմիր գծին շատ մոտ հայտնվեցինք՝ քառօրյա պատերազմի ժամանակ, այլ նաև՝ հենց իշխանությունը, որովհետև բավական է մի շատ ավելի անփառունակ ելք, և իշխանությունը ոչ միայն՝ հավերժ կկորցներ այն, ինչ ունի, այլ նաև պատմության մեջ կմտներ՝ որպես դավաճան իշխանություն: Հետևաբար, այս կտրվածքով, եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ իր իշխանությունը պահելու շահերը համընկնում են բանակի մարտունակության հետ, ուրեմն պարտավոր է այդ բարեփոխումներն անել»:

Մեր հարցին՝ այս քայլով իշխանությունը ցույց է տալիս, որ որոշ չափով դասե՞ր է քաղել, նա պատասխանեց.

«Կարծում եմ՝ այո, համենայնդեպս այդպես է երևում: Թե ինչ նշաններ կլինեն առաջիկայում, դժվար է ասել, բայց այս պահին այդ նշանները դրա մասին են»:

Տեսանյութեր

Լրահոս