«Թուրքիայում քառօրյա պատերազմը դիտարկվում է որպես Ադրբեջանի հաղթանակ». Ռուբեն Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցի այն հատվածին, որ այս պայմաններում բանակցությունները շարունակելն անիմաստ է, ասաց, որ հայտարարությունը արտահայտում է երկրի ղեկավարության, Հայաստանի դիվանագիտության վերջին շրջանի իմաստավորումներն ու վերաիմաստավորումները բանակցային գործընթացում.
«Ակնհայտ է, որ տարիներ շարունակ վարվող բանակցային գործընթացը Ադրբեջանը միտումնավոր կերպով վիժեցնում է: Այս պայմաններում, երբ հակառակորդ կողմը վիժեցնում է բանակցային գործընթացը, իսկապես անիմաստ է որևէ բանակցային գործընթաց վարել: Եվ կարծում եմ, որ մեր դիվանագիտության առաջին ամենակարևոր նպատակը պետք է լինի 1994-95թթ. զինադադարի համաձայնագրի վերականգնումը: Հիմա, ըստ էության չունենք զինադադար, ունենք բանավոր պայմանավորվածություն, ու ադրբեջանական զորքը հետ քաշված չէ: Պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանն իր զորmերը հետ քաշի զինադադարի գծից»։
Նա ընդգծեց, որ ըստ թուրքական վերլուծական կենտրոնների հրապարակումների ` Թուրքիայում քառօրյա պատերազմը դիտարկվում է որպես Ադրբեջանի հաղթանակ. «Նշվում է, որ հաջողվեց դիվանագիտական առումով մեկուսացնել Հայաստանին։ Դրա համար, կարծում եմ, նրանք շարունակելու են իրենց այս գործունեությունը, նրանք դիվանագիտական դաշտում էլ նոր նախագծեր են կազմակերպելու»։
Ռ. Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասը ռուս-թուրքական հակամարտության համար ամենակարևոր տարածաշրջաններից մեկն է, և ըստ նրա, Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ սահմանափակի Թուրքիայի առաջխաղացումը Հարավային Կովկասում։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նա նշեց, որ հայկական կողմը պետք է կարողանա ռուսական կողմին հասցնել մեր վրդովմունքը՝ ռուսական զենքի վաճառքի առումով: