«Այս մրցանակը պետք է վերջ դնի այն բռնությունների շղթային, որ առկա է աշխարհում»
Ապրիլի 24-ին Երևանում կայացած «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ գլխավոր մրցանակը հանձնվեց Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) խնամքի տան և Rema հիվանդանոցի աշխատակից Մարգարիտ Բարանկիցեին։ Մրցանակը Մարգարիտ Բարանկիցեին փոխանցեց հոլիվուդյան աստղ, ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին։
Ընդունելով մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց. «Մեր արժեքները մարդկային արժեքներն են։ Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ։ Որևէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»։
Որպես «Ավրորայի» դափնեկրի՝ Բարանկիցեին շնորհվելու է 100.000 դոլարի պարգև, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1 մլն դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու և երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով։
Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-Franջois Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) և Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ)։ «Ես ընտրել եմ այս կազմակերպությունները, որովհետև նրանք աջակցում են ինձ և երբեք չեն լքում՝ նույնիսկ դժվարին ժամանակներում։ Նրանք նույն սկզբունքն ունեն, ինչ ես և Մեզոն Շալոմը՝ կարեկցանք, բարյացակամություն, արժանապատվություն և մեծահոգություն»,- ասաց Բարանկիցեն։
«Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող հալածանքների և անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ,- ասաց Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին և շարունակեց,- տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են, և ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»։
Նշենք, որ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կարևորել է Մարգարիտ Բարանկիցեի արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը՝ փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատևելու և բարօրության հասնելու հնարավորություն։ Բարանկիցեն մեծացել է Արևելյան Աֆրիկայի Բուրունդի պետությունում, աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և Rema հիվանդանոցում։
Իր առաքելությունը սկսելու պահից նա օգնել է ավելի քան 20 հազար որբ և կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետևանքով բաժանված երեխաներին, և նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար։ Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին և օգնել ապաստանել Բուրունդիի փախստականներին Ռուանդայում։
Մրցանակի մյուս երեք հավակնորդները՝ Թոմ Քաթինան (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիման (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) և Հայր Բերնարդ Կինվին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր) կստանան 25.000 դոլար նվիրատվություն, որ պետք է ուղղեն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց։
Հիշեցնենք, որ The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով։
Մարգարիտ Բարանկիցեի համոզմամբ՝ «Ավրորա» մրցանակը պետք է վերջ դնի այն բռնությունների շղթային, որ առկա է իր երկրում և աշխարհում։
«Ինձ համար այս մրցանակը հնարավորություն է, որ հարցականի տակ դնեմ Բուրունդիի քաղաքական գործիչների գործունեությունը։ Սա կօգնի նրանց մտածել այն մասին, որ, եթե վռնդում են մարդկանց, տարագիր են դարձնում մայրիկներին, կանանց, դա սխալ է։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ «Ավրորայի» նախաձեռնողներին. մենք աշխարհին ցույց տվեցինք, որ եթե ինձ մրցանակ տվեցին, ապա պետք է իրենց քաղաքականությունը հարցականի տակ դրվի։ Բոլոր հանցագործները պետք է իրենց հարց տան՝ ճի՞շտ են վարվում»,- ասաց Մարգարիտ Բարանկիցեն։
Նա նշեց, որ ինքն ատելություն չունի իր երկրի նախագահի հանդեպ, որը, նրա խոսքով, սպանություններ է գործում։ «Ես կարեկցում եմ նրան։ Բոլորս պետք է հասկանանք, որ բանակցությունն է հաղթանակի ճանապարհը։ Յուրաքանչյուր փախստական աշխարհի քաղաքացի է։ Միակ ուղերձը, որ կուզենայի փոխանցել՝ երկրագունդը մեծ է բոլորի համար, մենք պետք է կարողանանք ապրել երջանիկ, ինչպես քույրեր և եղբայրներ»,- հայտարարեց նա։
«Ավրորա» և 100 LIVES նախաձեռնությունների համահիմնադիր Նուբար Աֆեյանը շեշտեց, որ մրցանակը տրվում է նախկինում կատարած գործունեության համար։ «Պետք է քայլեր ձեռնարկվեն, որ մենք ունենանք մի աշխարհ, որտեղ Մարգարիտի գործունեության կարիքը չլինի»,- ասաց նա։
«Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի գնահատմամբ՝ համահիմնադիրներն իրականացրել են իրենց երազանքը։ «Մեր երազանքն էր՝ կառուցել մի բան, որ պետք է մարդկանց համար լինի։ Մենք հուսով ենք, որ բարեհաջող կերպով կկարողանանք «Ավրորան» դարձնել ամենամյա։ Այն ունի կենսական կարևորություն, ստեղծում է իրազեկվածություն, մեխանիզմ է, որով մարդիկ կիմանան, թե ինչ է կատարվում աշխարհում»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Պատասխանելով միջազգային լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ, սակայն այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության հարցը թուրք ազգի խնդիրն է։
«Քանի դեռ թուրքերը հերքում են դա, նրանք խնդիրներ կունենան։ Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է ասում Օբաման իմ ժողովրդի մասին։ Մենք ասում ենք, որ մենք ուժեղ ենք, ողջ ենք, բայց մենք երբեք չենք մոռանա։ Ինձ համար կարևոր չէ՝ ով ինչ է ասում։ Մենք գիտենք, որ Ցեղասպանությունը եղել է։ Թուրքերի համար իրավիճակը շատ բարդ է, քանի որ Հայոց ցեղասպանության հերքումը նրանց զրկում է առաջ շարժվելու հնարավորությունից»։ Միաժամանակ նա նշեց, թե մենք՝ հայերս, չպետք է մտածենք միայն մեր մասին, չպետք է սահմանափակվենք մեր խնդիրներով, այլ պետք է խորհենք նաև այն մասին, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։
Նա ընդգծեց, որ «Ավրորան» միջազգային մրցանակ է, և, եթե Թուրքիայից հավակնորդ լիներ, ապա միանշանակ կարող էր մասնակցել։
«Եթե հաջորդ տարի «Ավրորա» մրցանակի համար արժանի թուրք ներկայացուցիչ դիմի, ապա պատրաստ ենք ավելի առաջ անցնել և այստեղ՝ Երևանում, նրան հանձնել մրցանակը»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Մարգարիտ Բարանկիցեի մասին
Ոստիկանության կողմից ծեծի ենթարկված երիտասարդներ։ Մարդու կտրած գլուխ։ Սպանություններ։ Ոչ թե պարզապես սպանություններ. դաժանագույն կոտորածներ՝ ներառյալ՝ իր յոթ երեխայի մահը։ Նա տեսել է այդ ամենը։ Նա վախեցել էր սեփական կյանքի համար, քանի որ դարձել էր կառավարության զայրույթի և մահվան սպառնալիքների առարկա, որը նրան ստիպում էր փախչել երկրից։
Եվ, չնայած այդ ամենին, Մարգարիտ Բարանկիցեն հավատում է, որ սերը վերացնում է բոլոր արգելքները։ Այժմ նա ընդլայնել է իր «ընտանիքը», որն ընդգրկում է տասնյակ-հազարավոր երեխաներ, ում կյանքերը նա փրկել է՝ չնայած ամենածանր բարդություններին, հույս պարգևելով պատերազմից որբացած երեխաներին, իսկ ավելի ուշ՝ նրանց, ում ծնողներին խլեց մահացու ՄԻԱՎ-ը։
Նա, ինչպես ինքն է ասում, ունի սիրո կանչ. սիրելու բոլոր մարդկանց՝ ամենուր, ցանկացած էթնիկ պատկանելությամբ և աշխարհի բոլոր անկյուններում։ «Երբ դու ունես կարեկցանք, քեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- ասում է նա։
Սա զարմանալի լավատեսություն է մեկի համար, ով մեծացել է Արևելյան Աֆրիկայի Բուրունդի պետության ազգի հուզումնալից պատմության շրջանում, մի տարածաշրջան, որը կազմալուծվել էր կործանարար ազգամիջյան հակամարտության հետևանքով։ Քաղաքացիական պատերազմն իրար դեմ հանեց Մարգարիտի ցեղին՝ թութսիներին, ընդդեմ հութու ազգաբնակչության։
Սակայն Մարգարիտի համար նշանակություն չունեն նման արհեստական պատնեշները. իսկապես, 1993 թվականին՝ պատերազմի գագաթնակետին, նա հութուների մի խմբի ապաստանեց կաթոլիկ թեմում, որտեղ ինքն աշխատում էր։ Սա մեծ ռիսկ էր, և, վերջիվերջո, թութսիի պարագլուխը հարձակվեց շինության վրա և ստիպեց նրան նայել, թե ինչպես են անդամահատում և այրում երկու հութուների, որոնց պաշտպանության համար նա այդքան բան էր վտանգել։ Սակայն Մարգարիտի՝ «երջանկություն պարգևելու» կոչումը ստիպեց նրան փրկագին վճարել թութսիի պարագլխին՝ փրկելու համար՝ ինչ կարող էր՝ խնայելու իր խնամքին մնացած 25 հութու երեխայի, որպեսզի տեսներ նրանց մեծանալը մի աշխարհում, որը, նա հույս ուներ՝ առավել հյուրընկալ կլինի։ Այդ փորձառությունը նրան ստիպեց հանգել այն որոշման, որ պետք է անել ավելին ոչ միայն՝ իր խնամքի տակ եղած երեխաների, այլև՝ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում որբացած մյուս երեխաների համար։ Այսպիսով, նա հիմնեց Խաղաղության տուն (Maison Shalom) կոչվող կազմակերպությունը Բուրունդիի բոլոր էթնիկ խմբերի երեխաների համար։
Այդ առաքելության ընթացքում հանդիպող ոչ մի խնդիր անլուծելի չէր Մարգարիտի համար. նա մեկնում էր ուղիղ պատերազմական գոտիներ՝ դուրս հանելով երեխաներին անշունչ դիակների միջից, տալով նրանց հնարավորություն, հավատալով, որ նրանք, ինչպես և բոլորը, արժանի են ապրելու։ Մարգարիտը հիշում է մի հուզիչ դեպք, երբ մոտեցել է մի մոր, որը սպանվել էր ականից՝ մեջքի հետևում պահելով չորս ամսական երեխային։ Սկզբում նա մտածում էր, թե երեխան էլ է մահացած, բայց շուտով տեսել է, որ նա ողջ է՝ չնայած՝ լուրջ վնասվածքներով։ Նա վնասել էր իր բերանը, երբ մայրն ընկել էր, և ահագին ձևախեղվել էր։ Մարդիկ նրան ասացին, որ թողնի երեխային մահանալ, բայց Մարգարիտը չէր կարող նրան թողնել։ Այսօր այդ երեխան 18 տարեկան է և լավատես իր ապագայի հանդեպ։
Այդ երեխայի պատմությունը և այլ փրկության դրվագներ նրան լավատեսության և իր աշխատանքը շարունակելու ուժ են տալիս նաև Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։ Այսօր նրա կազմակերպության առաքելությունն ընդլայնվել է. Մարգարիտը և իր գործընկերներն այժմ առավելապես հոգ են տանում ՄԻԱՎ-ի պատճառով, քան պատերազմի հետևանքով որբացած երեխաներին, և ոչ միայն՝ Բուրունդիում, այլ նաև՝ Ռուանդայում, որտեղ նա այժմ ապրում է, և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
Նրա համար դժվար է հավատալ, որ իր առաքելությունը սկսելու պահից նա օգնել է ավելի քան 20,000 որբ և կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետևանքով բաժանված երեխաներին, և նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար՝ համալրված գրադարանով, լողավազանով, կինոթատրոնով (միակը երկրում) և նույնիսկ ավտոտնակով, որտեղ նախկին զինվորական երեխաները կարող են սովորել վերանորոգել իրենց փոխադրամիջոցները։
Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին և օգնել ապաստանել Բուրունդիի փախստականներին Ռուանդայում։ Խոսքը, սակայն, աշխարհի միայն իր անկյունի մասին չէ. «Ես աշխարհի քաղաքացի եմ, ես մեծ ընտանիքի՝ ամբողջ մարդկության մասն եմ»։ Նրա կարծիքով՝ բարությունը կարող է երջանկացնել բոլորին. «Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ, եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»։ Նա իր օրինակով ապացուցել է այս բառերի ճշմարտացիությունը։
«168 ԺԱՄ» թերթ