Գիտելիքահենք տնտեսության հումքային պատկերը
Ինչպես և խոստացել էինք, կրկին անդրադառնում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության կողմից հրապարակված արտաքին առևտրի ցուցանիշներին։ Այս անգամ կբացենք փակագծերը՝ ինչ են արտահանում Հայաստանից, ինչ ծավալով և ինչ արժեքով, և որ երկրներ։
Նախ՝ հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ արտահանման ընդհանուր ծավալը 2015թ. կազմել է 1 մլրդ 486 մլն 886.1 հազար դոլար։ Մաքսային ծառայությունն առանձին հրապարակում է Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը։ Այս ցանկում ներվառված է 32 անուն ապրանք, և դրանց ընդհանուր մաքսային արժեքը 2015-ին կազմել է 1 մլրդ 313.8 մլն դոլար։ Սա մեր արտահանման ընդհանուր ծավալի մոտավորապես 88%-ն է։
Ինչն է ուշագրավ, ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանից արտահանման ծավալը 2015 թվականին՝ 2014-ի համեմատ, նվազել էր 3.9%-ով։
Իսկ մաքսայինի ցուցակում ներառված 32 կարևորագույն ապրանքատեսակների գծով գրանցվել է աճ` 0,4%-ի չափով։
Նշված 32 անուն ապրանքներից 22-ի գները նախորդ տարվա ընթացքում անկում են ապրել։ Դա երևում է այդ ապրանքների մաքսային արժեքների և բնեղեն ծավալների համեմատությունից։ Օրինակ, ՀՀ արտահանման ամենակարևոր ապրանքը՝ պղինձը, ըստ մաքսայինի տվյալների՝ արժեզրկվել է մոտ 20%-ով։ 2014 թվականին Հայաստանից արտահանված պղնձի (հանքաքար և խտահանք) մեկ տոննայի գինը կազմում էր 1274,4 դոլար, իսկ 2015-ի արդյունքներով այն նվազել է 250 դոլարով և կազմել 1024,1 դոլար։
Որպեսզի դրա էֆեկտն առավել պարզ երևա, մի փոքր պարզաբանենք։ 2015թ. Հայաստանից արտահանվել է 309,2 հազար տոննա պղինձ (հանքաքար և խտահանք), որի մաքսային արժեքը կազմել է 316,6 մլն դոլար։ Եթե պղնձի գները չնվազեին և մնային գոնե 2014-ի մակարդակին, ապա նույն ծավալն արտահանելու դեպքում կստացվեր 390,4 մլն դոլար։ Այսինքն, պղնձի գնանկումը միայն այս մեկ ուղղությամբ ՀՀ արտահանման մուտքերը նվազեցրել է շուրջ 74 մլն դոլարով։
Ըստ մեր հաշվարկի, եթե նշված 32 անուն ապրանքների գները չնվազեին (դրանք 2015-ին արտահանվեին 2014-ի գներով), ապա արտահանման ծավալը գումարային մեծությամբ կկազմեր 1 մլրդ 560 մլն դոլար։
Մի փոքր էլ խոսենք աշխարհագրության մասին։ Հայկական պղնձի խոշորագույն գնորդը Չինաստանն է (138.9 մլն դոլար կամ ընդհանուրի 43.9%), երկրորդ խոշոր շուկան՝ Բուլղարիան (78.5 մլն դոլար կամ 24.8%): Դրա համար, երբ միջազգային լրահոսում կարդում ենք Չինաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղման մասին, պետք չէ մտածել, թե դա մեզանից շատ հեռու է և մեզ չի վերաբերում։ Այն շատ կոնկրետ ազդում է մեր երկիր մտնող գումարների վրա։
Հատուկ ուշադրության է արժանի ծխախոտը՝ լավ իմաստով։ 2015թ. սիգարետի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից շեշտակի աճ է ունեցել՝ ավելի քան 50%-ով, և դարձել ՀՀ արտահանման երկրորդ կարևորագույն ուղղությունը պղնձից հետո։ Մաքսային տվյալների համաձայն՝ այն արտահանվում է թվով 9 երկրներ։ Հայկական սիգարետի խոշորագույն սպառողն Իրաքն է, որին բաժին է ընկնում արտահանման ընդհանուր ծավալի 73.8%-ը (շուրջ 126.2 մլն դոլար)։ Սիրիան նույնպես կարևոր շուկա է՝ 25.3 մլն դոլար։
ՀՀ արտահանման կառուցվածքում երրորդը թունդ ալկոհոլային խմիչքներն են (80%-ից ցածր սպիրտի խտությամբ)։ Այստեղ խոսքը վերաբերում է առաջին հերթին՝ կոնյակին։ Այս ուղղությամբ գործերը լավ չեն՝ նվազել է թե՛ գինը, թե՛ արտահանման բնեղեն ծավալը։ 2015-ին արտահանվել է 11,9 մլն լիտր ալկոհոլային խմիչք՝ 105,8 մլն դոլար մաքսային արժեքով (նախորդ տարի՝ 13 մլն լիտր՝ 164,9 մլն դոլար)։ Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է՝ 79.9 մլն դոլար (ընդհանուրի 75.5%-ը)։ Բացի ՌԴ-ից, Հայաստանից թունդ ալկոհոլային խմիչքներ արտահանվում են ևս մեկուկես տասնյակ երկրներ։ Նշենք, որ 2,8 մլն դոլարի արտադրանք սպառվել է Իրաքում (մանրամասն տվյալներ չկան, սակայն հաշվի առնելով 2014-ի վիճակագրությունը՝ Իրաքի դեպքում խոսքը, ամենայն հավանականությամբ, վիսկիի մասին է)։
Մաքսային տվյալները համակարգելով՝ կազմել ենք աղյուսակ, որտեղից երևում է, թե Հայաստանից արտահանվող որ ապրանքը հիմնականում ուր է գնում։ Ընդհանուր առմամբ, կարող եք տեսնել, որ մետաղներն արտահանվում են Չինաստան և եվրոպական երկրներ (Գերմանիա, Նիդեռլանդներ)։ Սննդամթերքը՝ հիմնականում Ռուսաստան։ Ոսկին արտահանվում է միայն Կանադա, իսկ ոսկերչական իրերը (զարդեղեն)՝ Թուրքմենստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, և այլն։
Դեղամիջոցները գնում են հիմնականում՝ Վրաստան, հագուստը՝ Իտալիա և Գերմանիա, էլեկտրաէներգիան՝ Իրան և Վրաստան։
Այս ամենը, իհարկե, հետաքրքիր է՝ ընդհանուր տեղեկացվածության տեսանկյունից։ Սակայն այս տվյալները ներկայացնելու հիմնական նպատակն այլ է՝ մեր արտահանման թույլ կառուցվածքը վեր հանելը (կամ դրա մասին կրկին հիշեցնելը)։ Ընդամենը 4 անուն ապրանք (պղինձ, սիգարետ, կոնյակ և ոսկի) կազմում են մեր արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին։ Ավելի քան 600 մլն դոլարը մետաղներն են՝ տարբեր տեսքով (խտահանք, հանքաքար, թափոն, ջարդոն) և այլն։ Մեծ տեսակարար կշիռ ունեն նաև սննդամթերքն ու ջրեղենը։ Այսինքն, սա խոսում է արտահանման ոչ դիվերսիֆիկացված լինելու մասին. արտահանում ենք հիմնականում հումք և սննդամթերք։ Շատ տխուր է, երբ գիտելիքահենք կոչվելու հավակնող տնտեսության 32 ամենակարևոր արտահանվող ապրանքների մեջ միայն մեկ տողն է առնչվում բարձր տեխնոլոգիաներին՝ հատուկ նշանակության շարժիչային փոխադրամիջոցները։ Այն էլ՝ ընդամենը 7 հատ՝ 4.6 մլն դրամ ընդհանուր արժեքով։
Ի դեպ, մաքսային տվյալները մշակելիս որոշեցինք նաև ստուգել՝ ինչ ենք արտահանում Սինգապուր։ Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո, երբ սկսեց շրջանառվել անօդաչու թռչող սարքերի թեման, ոմանք նշեցին, որ Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ները մատակարարվում են Սինգապուրին։ Ըստ մաքսային տվյալների՝ 2015-ին ՀՀից Սինգապուր արտահանման ծավալը կազմել է ընդամենը 400,7 հազար դոլար, որից 347,3 հազար դոլարը ժամացույցներ են, 35 հազարը՝ միրգ, ընկուզեղեն և հյութեր, 14.4 հազարը՝ ցուցադրական նպատակների (ոչ պիտանի այլ օգտագործման համար) սարքեր և մոդելներ։ ԱԹՍ-ների կամ նման սարքավորում հիշեցնող որևէ ապրանքատեսակ չկա ո՛չ 2015-ին, ո՛չ էլ 2014-ի արտահանման տվյալներում։