«Միայն ճանաչումը բավարար չէ. Փոխհատուցումը ևս անհրաժեշտ է». Էլայզա ֆոն Ջոյդեն-Ֆորջի
Պատմությունը ցույց է տալիս, որ մեր օրերում ավելի հավանական է, որ ցեղասպանություններ և կոտորածներ իրականացնեն այն երկրներն ու հասարակությունները, որոնք նախկինում գործած նման հանցանքի համար չեն պատժվել:
Այս տեսակետը պատկանում է Նյու Ջերսիի Ստոքթոն համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության հարցերով դոցենտ Էլայզա ֆոն Ջոյդեն-Ֆորջիին, ով այս օրերին գտնվում է Երևանում` մասնակցելու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին: «Արմենպրես»-ը զրուցել է գիտնականի հետ` փորձելով պարզել նրա տեսակետները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այս հարցում Թուրքիայի դիրքորոշման, ապագայում ցեղասպանությունների կանխարգելման տեսլականների շուրջ:
-Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:
– Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին ասորիների, հույների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունները ճանաչելը բխում է հենց Թուրքիայի շահերից: Ճանաչումը թույլ կտա Թուրքիային հաշտվելու սեփական անցյալի հետ և այս զանգվածային հանցագործության ճանաչման հարցում միանալու համաշխարհային հանրությանը: Ճանաչումը միաժամանակ թույլ կտա Թուրքիային դիտարկել իր քաղաքական ավանադույթներն ավելի թարմ տեսանկյունից, ինչը, գուցե, երկրի սահմաններում կնպաստի ավելի մեծ հանդուրժողականության, ինչպես նաև բազմազանության հա րցում առավել արդյունավետ մոտեցումների:
-1948 թվականին ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիայում ընդգծվում էր այդ հանցանքի դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ կլինի ապագայում ցեղասպանությունները կանխելու հարցում:
– Այո, համամիտ եմ Ձեզ հետ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի կանխելու ցեղասպանությունները մի քանի ձևով: Դա ցույց կտա, որ միջազգային հանրությունը պահանջում է անցյալում ցեղասպանություն իրականացրած երկրներից քայլեր ձեռնարկել ապագայում հասցված վնասը հաշվելու և վերականգնելու համար: Այն ուշադրություն կհրավիրի ցեղասպանության տեսակների վրա, որոնք այնքան ճանաչված չեն, որքան Հոլոքոստը, և ժամանակ առ ժամանակ կրկնվում են, հատկապես այժմ ԻԼԻՊ-ի կողմից՝ ընդդեմ Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների (տղամարդկանց և հասուն տղաների ուղղակի կոտորածը, կանանց, աղջիկների և ավելի երիտասարդ տղաների բռնաբարություններն ու ստրկացումը):
Դա ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս անցյալի քայլերը չկրկնի այսօր երկրի արևելյան հատվածներում, որտեղ այժմ պետությունը մեծ բռնություններ է գործադրում քուրդ ազգաբնակչության նկատմամբ: Ճանաչումը կծառայի կրոնական ազատությանն ու հանդուրժողականությանը և կնպաստի բազմազանության ու բազմամշակութայնության նկատմամբ մեր հանձնառությանը:
– Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության հարցում այդ երկրի անպատժելիության հետևանքն են:
– Ցեղասպանությունների կանխարգելման ուսումնասիրությունները մեզ սովորեցրել են՝ առավել հավանական է, որ ներկայում ցեղասպանություն և զանգվածային կոտորածներ կիրականցնեն այն երկրներն ու հասարակությունները, որոնք նախկինում ցեղասպանություն են իրականացրել առանց դրա համար պատասխանատվություն կրելու: Անպատժելիությունը ցեղասպանությունների կրկնության համար պարարտ հիմք է:
– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ձեր կարծիքով` որքանո՞վ են կարևոր փոխհատուցման պահանջները:
– Որպես մի մարդ, ով կիսով գերմանացի է, կարող եմ ասել, որ հասկանում եմ, թե ինչքան բարդ է հասարակության համար առերեսվելն իր անցյալի հետ: Եվ այնուամենայնիվ, Թուրքիան ունի հնարավորություն ցուցադրելու գլոբալ լիդերություն՝ ճանաչելով Առաջին աշխարհամարտի տարիներին իր սահմաններում իրականցված ցեղասպանությունը: Ես հավատացած եմ, որ 1945 թվականից հետո Գերմանիայի անվտանգությունն ու կայունությունը գալիս է այն փաստից, որ Գերմանիան ստիպված եղավ առերեսվելու իր անցյալի հետ: Ազգային ինքնությունը կարող է հաղթահարել անցյալում իրականացված ցեղասպանության ճանաչումը: Իրականում, այդ ինքնությունը միայն ավելի է ամրապնդվում, երբ ներդրում է կատարվում ճշմարտության և բարոյական հեղինականության մեջ, որը գալիս է ճշմարտության պատասխանատվությունը ստանձնելուց: Ճանաչումը կարող է օգնել երկրների` խուսափելու անցյալի կրկնությունից ամեն անգամ, երբ ի հայտ է գալիս կրոնական և ազգային տարբերություններով պայմանավորված ճգնաժամը:
Այդուհանդերձ, միայն ճանաչումը բավարար չէ: Փոխհատուցումը ևս անհրաժեշտ է, քանի որ հասարակությունները, որոնք ցեղասպանության հետևանքով կործանվել են, տառապում են երկարաժամկետ ձևով՝ դարերի ընթացքում, ինչպես տեսնում ենք Հայոց ցեղասպանության դեպքում: Վերականգնումը կարող է լինել տարբեր ձևերով: Ճանաչման միջոցով սկսված գործընթացը կարող է հող նախապատրաստել վերականգման շուրջ բանակցությունների համար, իսկ դա իր հետևից կարող է բերել տարածքային զիջումներ, անվտանգության և առևտրի համաձայնագրեր, դեռևս Թուրքիայում բնակվող վերապրած ընտանիքների իրավական պաշտպանություն և այսպես շարունակ: Փոխհատուցման և վերականգնման հարցերն այսօր էլ շարունակվում են Հոլոքոստի հետ կապված, այսինքն դա երկարատև գործընթաց է: Սակայն հայերի հետ թուրքական պետության գործակցությունը կարող էր լինել լուրջ դրսևորում և բարոյական կառավարման մոդել, որին կարող էր հետևել ողջ աշխարհը:
Հարցազրույցը Արաքս Կասյանի