Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա (թարմացվող)

Իսրայելը լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին:

Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ:

Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքներին:

Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները: Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իրանական պետական ​​լրատվական IRNA գործակալությունը՝ հղում անելով չհաստատված աղբյուրներին, հաղորդում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և ֆիզիկոս Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։

● Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել՝ ասելով, որ Իսրայելը կբախվի «դառը և սարսափելի ճակատագրի»։ Նրա խոսքը մեջբերել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

«Այս հանցագործությամբ Իսրայելը իր համար պատրաստել է դառը և սարսափելի ճակատագիր, և այն անպայման կարժանանա դրան», – ասել է Խամենեին իր ուղերձում։

Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի և երեք միջուկային ֆիզիկոսների մահվան մասին՝ ուրբաթ առավոտյան Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով։

● Իսրայելը արտակարգ դրություն է հայտարարել՝ պատասխան հարվածի սպասման պատճառով։

● Իսրայելի վարչապետ հայտարարել է, թե ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, «որքան անհրաժեշտ է»։

●ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է սկսել և, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանի դեմ հարվածներին։

● Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է գեներալ-մայոր Սալամիի մահը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, զինված ուժերի այլ ճյուղերը և Իսլամական Ումմայի ուժերը պատրաստ են կոշտ պատասխան տալ Իսրայելի ռեժիմին։

Ըստ «Թասնիմ»-ի, միջուկային ֆիզիկոս և Ազադ Իսլամական համալսարանի նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և մեկ այլ միջուկային գիտնական և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին նույնպես սպանվել են առանձին հարվածների հետևանքով։

Բացի այդ, ըստ «Թասնիմ»-ի, Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է «Խաթամ ​​ալ-Անբիա» կազմակերպության հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդը։

● Իրանի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հաստատել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, այդ թվում՝ բնակելի շենքերին, և հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կոշտ կպատասխանի այդ հարձակումներին։

● Թրամփը շտապ կառավարության նիստ է հրավիրում Իրանի վրա Իսրայելի հարվածներից հետո: Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել վերջին զարգացումները, հաղորդում է Axios-ը:

Թրամփը ուրբաթ, ժամը 11:00-ին, Սպիտակ տան իրավիճակային սենյակում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ քննարկելու Իրանի վրա Իսրայելի հարվածները, հայտնել է Սպիտակ տունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի երեկոյան կառավարության նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ Իսրայելը «կանխարգելիչ հարվածներ» է հասցրել Իրանին:

Հանդիպումը նվիրված էր Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը ԱՄՆ-ի արձագանքի մշակման վրա:

● Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ, հաղորդում է Mehr-ը։

Ցավակցություն հայտնելով ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահվան կապակցությամբ ուրբաթ Իսրայելի ավիահարվածների հետեւանքով, ԻՀՊԿ-ն նշել է, որ անկասկած, գեներալ-մայոր Սալամին Իսլամական հեղափոխության ամենաակնառու հրամանատարներից մեկն էր, որը անկեղծորեն կանգնած էր հեղափոխության և ժողովրդի իդեալների, իմաստության և բոլոր ոլորտներում ղեկավարության նկատմամբ խորը նվիրվածության պաշտպանության առաջնագծում։

● Իսրայելական բանակը տասնյակ հազարավոր պահեստազորայիններ է մոբիլիզացնում: Սա տեղի է ունեցել հունիսի 13-ին Իրանի վրա զանգվածային հարվածից հետո, ասել է շտաբի պետ Էյալ Զամիրը։

● Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին զոհվել է Իսրայելի հարձակումների հետևանքով Թեհրանում։ Այս մասին հայտնում են իրանական Mehr և ISNA լրատվական գործակալությունները։ Մոհամադ Բաղերիի մահվան մասին գրում է նաև The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ներկայացուցչին։

● Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ) խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։

«Բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ», – ասել է պաշտոնյան, ինչպես մեջբերել է Times of Israel-ը։

Տեսանյութեր

Լրահոս