«Մենք գիտենք, որ Ռուսաստանը մեծ վարպետ է այդ ինֆորմացիան ի շահ իրեն՝ որպես զենք օգտագործելու». «The Washington Post»-ի սյունակագիր
«Այսօր ես ուզում եմ, որ իմ լրագրողներն այնպիսի պատմություններ լուսաբանեն, որոնք վերաբերում են իսկական լրագրությանը»,- Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ «Ճգնաժամերի լուսաբանում (Լրատվության դերը)» թեմայի քննարկման ժամանակ այս մասին ասաց Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ Ջոյս Բարնաթանը:
Նրա ցանկությունն է, որ լինեն այնպիսի թղթակիցներ (թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում), որոնց վրա ինքը կարող է հույս դնել, և նրանց պատմությունը, նյութը տպագրել:
Խոսելով Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած զարգացումների լուսաբանման մասին՝ նա նշեց, որ ինքն այդ ժամանակ Մոսկվայում էր, ու իրեն անընդհատ զանգահարում էին ու հարցնում, թե մի քանի կիլոմետրի վրա այդ ինչպե՞ս է ստացվում, որ 100-ից ավելի զինվորներ են զոհվում, քան որ լրատվության պակաս կար, ու մարդիկ չէին կարողանում պատկերացում կազմել կատարվածի մասին:
«Բացի իմ ընկեր Էդիկ Բաղդասարյանից, որը «Հայաստանում հետաքննող լրագրողների» թիմի ղեկավար է, ես վստահ չեմ, որ կան այլ լրագրողներ, որոնք ցույց են տալիս հանրությանը, թե ինչպես է ստացվում, որ նման փոքր երկիր մոտ 100 զոհ է ունենում»,- հայտարարեց Ջոյս Բարնաթանը:
Գրող, «The Washington Post» օրաթերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըզն էլ նկատեց, որ պատերազմական իրավիճակներում տեղեկատվությունը շատ հաճախ օգտագործվում է՝ որպես զենք. «Շատ երկրներ այդ տեղեկատվության այլ կերպ ներկայացնելը՝ որպես զենք են օգտագործում: Մենք գիտենք, որ Ռուսաստանը մեծ վարպետ է այդ ինֆորմացիան ի շահ իրեն՝ որպես զենք օգտագործելու: Անաչառ փաստերը ներկայացնելով՝ պետք հակազդել նման երևույթներին»:
Նրա խոսքով՝ ճիշտ տեղեկատվությունը տարբերակելու համար պետք է թիմեր աշխատեն. «Օրինակ, Սիրիայում այդ ռմբակոծությունների մասին կան տեսանյութեր, հաճախ է պատահում, որ միևնույն ժամանակ ցուցադրվում են իրարամերժ տեղեկություններ: Հիանալի է ունենալ քաղաքացիներ, ովքեր լրագրություն են անում, բայց մենք չենք կարողանում գլխի ընկնել, թե ինչպես իրենց միացնենք լրատվական ծառայության հետ և ինչպես ստանանք այդ անաչառ տեղեկատվությունը, որը հուսալի կլիներ»: