Ռուսական զենք. լեգենդ և իրականություն

Ապրիլյան չորսօրյա պատերազմում մեր բանակը մարտնչել է 80-ականների զենքով: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահը, ու այն միանգամից դարձավ հասարակական քննարկումների հիմնական թեման: Հարցը նույնիսկ խորհրդարանականներին է հետաքրքրել: Իսկ մեր խորհրդարանը Պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողով ունի: Եվ ահա այդ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողին ասել է, որ հստակեցվում է իր ղեկավարած հանձնաժողովի այցը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:

Մեր խորհրդարանականները ցանկանում են տեղում պարզել՝ Ռուսաստանը կատարե՞լ է իր խոստումը և արդիականացրե՞լ է արդյոք ռազմական տեխնիկան: Իրավիճակի զարգացումը, անշուշտ, հետաքրքիր է լինելու, եթե, իհարկե, մեր պատգամավորները կատարեն իրենց խոստումն ու փորձեն այցելել ռուսական ռազմաբազա: 1997թ. ՌԴ Պետդումայի պատգամավոր, տխրահռչակ գեներալ Լև Ռոխլինը հայտարարում էր, որ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը, ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ մեկ մլրդ դոլար արժողության զենք-զինամթերք է տրամադրել Հայաստանին: 1997թ. ապրիլի 2-ին (ուշադրություն դարձրեք ամսաթվին) գեներալ-պատգամավորը Պետդումայի հանձնաժողովի փակ նիստում ելույթ էր ունեցել այդ մասին:

Չնայած նիստի փակ լինելուն՝ ռուսական մամուլում հաջորդ օրերին հրապարակվեց 600 վագոն զինամթերքի, 72 միավոր զրահատանկային տեխնիկայի, 85 տոննա պահեստամասերի և այլ ռազմամթերքի ցուցակ: Սեփական հրապարակումներին արժանահավատություն հաղորդելու նպատակով գեներալը նշում էր, թե որ օդանավակայաններից ինչ ինքնաթիռներով է ռազմամթերքը տեղափոխվել Հայաստան: Գեներալը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Նա պնդում էր, որ 102-րդ ռազմաբազայի համար նախատեսված զենքն իբր հանձնվում է հայկական զինված ուժերին: Ժամանակի ընթացքում նա անընդհատ նոր ցուցակներ էր հրապարակում և մեծացնում էր Հայաստանին իբր տրամադրված զենք-զինամթերքի արժեքը: Եթե հիշողությունս չի դավաճանում, նախնական մեկ մլրդ դոլարի փոխարեն՝ հետո խոսվում էր երկու անգամ ավելի մեծ գումարի մասին:

Պետդումայում ծավալված քննարկումների արդյունքում՝ Ռուսաստանի խորհրդարանը հատուկ հանձնաժողով ձևավորեց, որը պիտի ժամաներ Հայաստան և տեղում ստուգեր ռազմաբազայում առկա ռազմական տեխնիկայի քանակը: Դումայական հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին պատգամավորական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Իսկ հանձնաժողովի ղեկավարը, բնականաբար, Նիկոլայ Ռիժկովն էր:

Ռուսաստանը հաստատ գիտեր, որ Հայաստանի իշխանությունները ջերմ ընդունելություն ցույց կտան նրա ղեկավարած հանձնաժողովին և ոչ մի բանով չեն խոչընդոտի նրանց աշխատանքներին: Իսկապես ռուս դումայականներին Երևանում շատ լավ ընդունեցին: Նիկոլայ Ռիժկովը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ մեր խորհրդարանի ամբիոնից խոսել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին, ըմբոշխնել բուռն ու երկարատև ծափահարություններ ելույթից հետո:

Արարողակարգային, կամ, եթե կուզեք՝ ձևական միջոցառումներից հետո դումայական հանձնաժողովը հաջորդ առավոտ մեկնեց Գյումրի: Նրանց ուղեկցում էր մեր պատգամավորների փոքր խումբ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահի ղեկավարությամբ, և հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այնպես որ, Գյումրիում տեղի ունեցածը վերապատմում եմ ականատեսի իրավունքով: Գյումրիի մուտքի մոտ ՌԴ պատգամավորներին դիմավորեց Շիրակի մարզպետը, ուղեկցեց իր ղեկավարած հիմնարկություն, թեյ և սուրճ հյուրասիրեց ռուս և հայ պատգամավորներին:

Այնուհետև ավտոշարասյունն ուղղվեց դեպի 102-րդ ռազմաբազա, որ գյումրեցիներին հայտնի է «պոլիգոններ» անունով: Ռազմաբազայի պահակակետի հերթապահ սպան հրաժարվեց ավտոշարասյան առջև բացել ռազմաբազայի դարպասները: Նիկոլայ Ռիժկովի ու մյուս պետդումայականների վկայականները, ներկայացրած փաստաթղթերը չհամոզեցին սպային: Մոտ քառորդ ժամ հետո ժամանեց ռազմաբազայի հրամանատարը, ով բառացիորեն կրկնեց այն տեքստը, որ իրենից առաջ բազմիցս հնչեցրել էր հերթապահ սպան՝ «Սա ռազմակայան է, և ես առանց իմ հրամանատարության հանձնարարականի՝ չեմ կարող արտոնել քաղաքացիական անձի մուտք՝ անկախ այդ անձի քաղաքացիությունից և պատգամավոր լինելու փաստից»:

Մոտ հինգ րոպե հետո բազայի հրամանատարը համաձայնեց, որ ռուս և հայ պատգամավորները (նաև լրագրողները) գոնե դարպասից ներս անցնեն: Այնուհետև 10-15 րոպե գոռգոռոցով զրույցից հետո Նիկոլայ Ռիժկովը դիմեց հրամանատարին` ասելով, որ տգեղ է հայկական կողմի ներկայությամբ ոտքի վրա ընթացող բանավեճը շարունակել, և նրան առաջարկեց առանձնանալ:

Մոտ կես ժամ անց նրանք վերադարձան, ռուս զինվորականներն ինչ-որ կոմպրոմիսային տարբերակի էին համաձայնել: Ռուս պատգամավորները տեսան, որ իրենց T-90 տանկերն անգարներում են և հայերին չեն փոխանցվել: Տեսան ու երջանիկ վերադարձան նախ՝ Երևան, ապա՝ Մոսկվա: 1997թ. մեր խորհրդարանը դեռ չէր փոխել «ՀՀ Ազգային հերոսի կոչման մասին օրենքը»:

Հետևաբար՝ Նիկոլայ Ռիժկովը դեռ ՀՀ Ազգային հերոս չէր: Դա հետո էր լինելու: Հետո էին մեր տանկիստները մասնակցելու ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին:

Մասնակցելու էին և մրցույթի առաջատար լինելով` վերջին րոպեներին դանդաղելու էին: Դանդաղելու էին, որ ռուս տանկիստները հաղթեն: Իսկ մեր տանկիստներին երկրորդ մրցանակին արժանանալու համար ՌԴ պաշտպանության նախարարությունը, որպես մրցանակ, T-90 տանկ էր խոստանալու: Խոստանալու էր, բայց չէր տալու: Ահա այսպիսի առողջ ռազմատեխնիկական համագործակցություն:

Տեսանյութեր

Լրահոս