Լեռնային Ղարաբաղ. ո՞վ հաղթեց տեղեկատվական պատերազմում. Eurasianet-ի անդրադարձը
Թբիլիսիից անկախ լրագրող Ռոբին Ֆորեստե-Ուոկերը «Լեռնային Ղարաբաղ: Ո՞վ հաղթեց տեղեկատվական պատերազմում» խորագիրը կրող ծավալուն հոդվածով անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում չորսօրյա պատերազմի ընթացքում հակամարտող կողմերի միջև տեղեկատվական պատերազմին, Ադրբեջանում լրագրողների աշխատանքի բարդություններին:
Հեղինակն ընդգծում է, որ հակամարտությունը լուսաբանելու լրագրողների կարողությունները կախված էին նրանից, թե սահմանի որ կողմում են նրանք աշխատել:
Հեղինակն ընդգծում է, որ շատ օտարերկրացի լրագրողներ կարողացել են առանց խոչընդոտների Հայաստանի միջոցով ստանալ Լեռնային Ղարաբաղում հայտնվելու թույլտվություն և հավատարմագրվել են: Նա նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ամեն օր հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով և ճեպազրույցներով, պատասխանում լրագրողների հարցերին: Հայաստանի պետական հեռուստաալիքները արբանյակների միջոցով անվճար հասանելիություն էին ապահվում: Բացի այդ, լրագրողները քաղաքացիական մեքենաներով ազատ կարող էին տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Լեռնային Ղարաբաղի ռազմական և այլ գերատեսչությունների ղեկավարություններն ամեն օր լրագրողների համար այցեր էին կազմակերպում սահմանամերձ գյուղեր, այդ թվում՝ Թալիշ և Մարտակերտ»,- գրում է լրագրողը:
Այնուհետև հոդվածի հեղինակը նկատում է, որ Ադրբեջանում լրագրողները լուրջ խնդիրներ են ունեցել՝ ստիպված լինելով աշխատել ավելի բարդ պայմաններում: Նշվում է, որ Ադրբեջանը խստորեն վերահսկել է զանգվածալին լրատվության միջոցների աշխատանքը՝ հատկապես շփման գծին մոտ գտնվող հատվածներում: «Այդ երկրի իշխանություններն ավելի վաղ մերժել էին վիզա տրամադրել այն լրագրողներին, ովքեր առանց Բաքվի թույլտվության նախկինում այցելել են Լեռնային Ղարաբաղ:
Հոդվածագիրը նկատում է, որ Ադրբեջանը միջազգային միջոցառումների անցկացման նշանակալի փորձ ունի, սակայն հավելում է, որ օտաերկրյա լրատվամիջոցի ներկայացուցիչներից մեկը Eurasianet-ին պատմել է, թե որքան ոչ պրոֆեսիոնալ է աշխատել Ադրբեջանի ղեկավարությունը լրագրողների հետ: Այդ լրագրողը ինքնությունը չհրապարակելու պայմանով պատմել է, թե ապրիլյան բախումների օրերին Ադրբեջանում ինչպիսի ծանր ու անկանոն շրջայց են կազմակերպել լրագրողների համար:
«Օտարերկրացի լրագրողները հայտնվել էին մի իրավիճակում, երբ իրենք ավելի շատ էին կադրում հայտնվում, քան հասցնում էին ինչ-որ բան նկարել: Ադրբեջանական հեռուստաընկերությունների ներկայացուցիչները մեր մասին ռեխորտաժ էին նկարում: Առաջին վայրում նկարահանումներն ավարտելուց հետո արդեն երեկո էր, իսկ երբ մենք երկու ժամ հետո միայն հասանք հաջորդ նկարահանման վայր, արդեն մթնել էր, ինչը տեսախցիկների համար վատ է»,- պատմել է լրագրողը:
Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջան ժամանած օտարերկրա լրագրողների մի մասին Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել, իսկ մի մասին ընդհանրապես վտարել են երկրից: «Օրինակ, Ադրբեջանի ուժայինները ձերբակալել և հարցաքննել են վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի թիմին՝ հավատարմագրի բացակայության պատճառով: Միայն վրացի և ադրբեջանցի դիվանագետների միջամտությամբ լրագրողներին հաջողվել է շարունակել իրենց աշխատանքը:
Ռուսական Lifenews ալիքի լրագրողական թիմին վտարել են երկրից հ ավատարմագրի բացակայության, ինչպես նաև այն պատճառով, որ նրանք տեղեկություն են տարածել, թե ադրբեջանական բանակի կազմում հայկական և ղարաբաղյան ուժերի դեմ կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ, ինչի մասին գրում էին նաև հայկական լրատվամիջոցները»,- գրում է հոդվածի հեղինակը: