Բաժիններ՝

«Մանվելը դեռ փոքրուց գիտեր հայրենիքն ինչ է, հայրենասիրությունն ինչ է»

Asparez.am. Ապրիլի 17-ին Երեւանում տեղի ունեցավ հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Մանվել Գեւորգյանի հուղարկավորությունը: Սիրելի զինվորին վերջին հարժեշտը տալու էին եկել ոչ միայն հարազատներն ու ծանոթները, այլ նաեւ նրանք, ովքեր չէին ճանաչել Մանվելին: Ներկաները երիտասարդի մասին միայն լավն էին ասում, նրան բնութագրելով որպես բարի, պարտաճանաչ, համեստ մարդու:

Դեռ մանկուց կարատեով զբաղվող Մանվելը մասնակցել է բազմաթիվ հանրապետական ու միջազգային մրցաշարերի, նվաճել մեդալներ ու հպարտացել իր հաղթանակի արդյունքում բարձրացված եռագույով ու երկրի հիմնով:

Մանվելի մարզիչը՝ Արմեն Մակյանը, այսօր էլ հպարտությամբ է խոսում իր սանի մասին: Վերջինս պատմում է, որ նույնիսկ ժամկետային զինվորական ծառայության ընթացքում սանը կապը է պահպանել թե մարզչի, թե մարզիկ ընկերների հետ:

Տրված կարճաժամկետ արձակուրդների ժամանակ էլ անպայման այցելել է մարզադահլիճ: «Ծառայության ընթացքում երկու անգամ արձակուրդ էր եկել, երկու անգամ էլ եկավ մարզադահլիճ: Հայրը զանգում ասում էր` տուն ուղարկիր, բարեկամներն եկել են, ինքը տանը չի,- ասում է մարզիչն ու հավելում,- Մանվելը դեռ փոքրուց գիտեր հայրենիքն ինչ է, հայրենասիրությունն ինչ է»:

Մանվելը սովորում էր Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Փոխադրվել էր երկրորդ կուրս ու  2015թ-ի ամռանը զորակոչվել բանակ. ծառայում էր Մարտունիի զորամասերից մեկում: Հարազատներն ասում են, որ ծառայության ընթացքում որեւէ բողոք ու դժգոհություն չի ունեցել, ծառայել է սիրով: Ընտանիքի անդամների հետ վերջին անգամ զրուցել է ապրիլի 14-ի երեկոյան:

Մ. Գեւորգյանին  հուղարկավորեցին Եռաբլուրում՝ զինվորական կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս